‘
Եթե Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկության արդյունքներով «Մանչեսթեր Յունայթեդը» Չեմպիոնների լիգային մասնակցելու հնարավորություն ստանա, թիմի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը պարգևավճար կստանա: «Daily Star»-ը հաղորդում է, որ անգլիական ակումբի ղեկավարությունը հոլանդացի մասնագետին պատրաստ է վճարել 1 մլն ֆունտ սթերլինգ:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի արդյունքներով «կարմիր սատանաները» զրկվել էին Չեմպիոնների լիգային մասնակցելու հնարավորությունից, իսկ այս մրցաշրջանում գլխավոր նպատակը հենց ՉԼ-ի ուղեգիր նվաճելն է: Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը, որը ՉԼ-ին մասնակցելու հնարավորություն ընձեռնող վերջին հորիզոնականն է:
‘