‘
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալը մինչ օրս չի ներել ակումբին: Հոլանդացի մարզիչը նշել է, որ ակումբը գործել է իր մեջքից՝ հեռացնելով նրան մարզչի պաշտոնից: Վան Գալն անդրադարձել է նաև ֆուտբոլում տեղի ունեցող իրադարձություններին, մասնավորապես, Նեյմարի տրանսֆերին «Բարսելոնից» ֆրանսիական «ՊՍԺ»:
«Մանչեսթեր Յունայեդի» մասին. «Ճնշումը շատ մեծ էր, իսկ նրանք հարվածեցին մեջքից: Կարծում եմ՝ ամեն ինչ ծրագրած էր: Ամեն ինչ տեղ ունեցավ այն ժամանակ, երբ դրան չէի սպասում: Եթե նրանք հայտնեին իրենց ծրագրերի մասին, մասնավորապես, որ պատրաստվում են հրավիրել Մոուրինյոյին, կպայմանավորվեինք, որ ավարտին հասցնեմ մրցաշրջանը, ինչից հետո Ժոզեն կանցներ իր աշխատանքին: Եթե գնային այդ քայլին, ապա ես չէի պահանջի իմ վերջին տարվա աշխատավարձը, իսկ այսպես ստիպեցի նրանց վճարել մինչև վերջին կոպեկը»:
Նեյմարի տրանսֆերի մասին. «Ամբողջ համակարգն է փթած, դա գնալով ավելի պարզ է դառնում: Եթե նայենք, թե ինչպես տեսի ունեցավ Նեյմարի տրանսֆերը, ապա կհասկանանք, որ դա վրեժ էր ինչ-որ շեյխի կողմից: Գումարն այստեղ կապ չունի, խնդիրն Ալ-Խելաիֆին է ու նրա զգացողությունները: Մարզիչն այստեղ ոչինչ անել չի կարող: Ֆուտբոլը այնքան էլ մաքուր աշխարհ չէ: Աշխատում եմ ֆուտբոլում արդեն 46 տարի: Որպես մարդ ես չեմ կարող փոխել այս աշխարհը: ՈւԵՖԱ-ն ու ՖԻՖԱ-ն պետք է դա անեն, սակայն ներկա պահին, ինչպես երևում է ակումբների ազդեցությունն ավելի մեծ է, քան նշված կառույցների»:
Նկատենք, որ ըստ Լուի վան Գալի «Բարսելոնան» դարձել է շեյխ Նասեր Ալ-Խելաիֆիի զոհը, որը ձեռք բերելով Նեյմարի տրանսֆերը վրեժ է լուծել կատալոնական ակումբից, որը դադարեցրել էր փոխհամագործակցությունը Qatar Airways-ի հետ, համաձայնությունը, որը կնքվել էր Qatar Sports Investments ընկերության՝ «ՊՍԺ»-ի սեփականատերերի հետ:
‘