‘
«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդներ Ռիո Ֆերդինանդը և Պոլ Սքոուլզը քննադատել են Կարմիր սատանաների հարձակվող Ռոմելու Լուկակուին՝ «Սևիլիայի» հետ խաղում գոլ չխփելու համար։
Հազիվ թե Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ առաջին խաղը Լուկակուն գրանցի իր ակտիվում։ Բելգիացի ռմբարկուն անդյուրաշարժ էր՝ աչքի ընկնելով մի քանի շեղ հարվածներով և մեծ թվով կորուստներով։ Սքոուլզը դժգոհ է, որ Ռոմելուին չհաջողվեց ներդրվել թիմի խաղում։
«Կրկնեմ. Լուկակուն պետք է ավելի լավ խաղա։ Երբ շեշտը դնում ես հակագրոհների վրա անհրաժեշտ է լավ պահել գնդակը։ Նա այնքան վատն էր։
Դու պետք է ուժեղ լինես, պետք է կարողանաս պահել գնդակը և ճիշտ փոխանցում կատարես՝ ներգրավելով մյուս խաղացողներին, բայց մեծ մասամբ նա պարզապես կորուստներ էր ունենում»,- ասել է Սքոուլզը BT Sport-ի եթերում։
Նմանատիպ պահանջներ ունի նաև Ֆերդինանդը, ով նույնպես գտնում է, որ Լուկակուն չկարողացավ պահպանել «Յունայթեդի» հակագրոհային ոճը։
«Նա ինձ շատ հիասթափեցրեց։ Նա բոլոր որակներն ունի, որպեսզի վախ ներշնչի պաշտպաններին։ Նա հաղթանդամ է, հզոր, արագ։
Նա պետք է շատ գոլեր խփի, բայց կարևոր հանդիպումներում, ինչպիսին էր երեկվա խաղը, կարևոր պահերում նա իրեն չի դրսևորում։ Նա կատարեց 38 հպում, որոնցից 18-ում կորցրեց գնդակը։
Եթե դու շեշտը դնում ես հակագրոհների վրա, ապա պետք է լավ պահես գնդակը, որպեսզի քո թիմը կարողանա ինչ-որ բան շահել դրանից։ Գնդակը նրանց մոտ չի մնում, այդ պատճառով էլ հակագրոհները չեն ստացվում»,- ասել է Ֆերդինանդը։
‘