‘Լուկաշենկոն հայտարարել է կառավարությունում առկա հարբեցողության մասին’

1666

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ուրբաթ օրը հայտարարել է կառավարությունում մի շարք կադրային փոփոխությունների մասին՝ կապված պաշտոնյաների հարբեցողության հետ:

«Ես շարունակում եմ հետևել իրավիճակին կառավարության փոփոխություններից հետո էլ: Ուզում եմ ասել, որ սա դեռ վերջը չէ: Մենք դեռ վերադառնալու ենք շատ պաշտոնյաների մոտ, ոչ միայն կառավարությունում, որոնք այսօր որևէ արդյունք չեն տալիս կամ չեն աշխատում այն սկզբունքներով, որ ես եմ առաջադրել: Հրապարակավ ուզում եմ ասել՝ հարբեցողությունն անթույլատրելի է»,- ասել է պետության ղեկավարը:

Լուկաշենկոյի ասելով՝ վերջերս պաշտոնանկ արված ղեկավարներից շատերը «կարգին կոնծում էին»: «Ես հո ձեզ չեմ հսկում՝ ում հետ եք խմում, ում հետ եք բաղնիք գնում, ում հետ եք խոսում: Լավ եք անում: Դուք ղեկավար մարդ եք, այդ ամենը պիտի կարողանաք անել: Բայց ինչ վերաբերում է հարբեցողությանը, պետք է ձեր չափն իմանաք: Եթե այդ չափը կորցնում եք, ուրեմն՝ ղեկավար չեք: Ու հենց դրա համար էլ առաջիկայում մի քանիսին հրաժեշտ կտանք»,- ասել է Բելառուսի ղեկավարը:

 Նա շեշտել է, որ դա ասում է «նաև այն հարբեցողների կանանց համար, որոնք ամեն ինչ տեսնում են, բայց դա դադարեցնել չեն ուզում կամ չեն կարողանում, իսկ երբ նրանց ամուսինները զրկվում են պորտֆելից, սկսում են ողբալ: Ինչո՞ւ եք ողբում: Ձեր պահանջներն ինձ չներկայացնեք»,- զգուշացրել է Լուկաշենկոն:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Էրդողան. Թուրքիան մտադիր չէ թույլտվություն խնդրել C-400 գնելու հարցում’
Հաջորդ հոդվածը‘Հարավային Կորեայի կարծիքով՝ ԱՄՆ-ը պետք է վերսկսի բանակցությունները ԿԺԴՀ-ի հետ’