‘Լուկաշենկոն հայտնել է եկեղեցու մասնակցությամբ լրտեսական դավադրության մասին’

1025

Բելառուսում ձերբակալվել է տեղի  հատուկ ծառայությունների մի աշխատակից, որն աշխատել է հօգուտ արտասահմանյան պետությունների: Այդ մասին, ինչպես հաղորդել է БЕЛТА-ն, հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Թե հատկապես երբ է տեղի ունեցել ձերբակալությունը՝ Լուկաշենկոն չի մանրամասնել, միայն ասել է, որ «դա եղել է վերջերս»: Լուկաշենկոյի խոսքերով՝ ձերբակալվածը կապ է ունեցել արտասահմանյան հետախուզության հետ՝ կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչների միջոցով (թե ում մասին է խոսքը՝ նա կրկին չի մանրամասնել): Ձերբակալվածը, Բելառուսի նախագահի խոսքերով՝ ոչ միայն «տեղեկատվություն է հաղորդել, այլև նրա այդ գործունեության պատճառով տուժել են մարդիկ, ովքեր աշխատում են արտասահմանում»: «Ինչպե՞ս է սա կոչվում: Մեր կարծիքով՝ դավաճանություն»,- ամփոփել է նախագահը:

Այս մասին Լուկաշենկոն հայտարարել է՝ մեկնաբանելով Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի տարանցիկ գոտում գտնվող Էդուարդ Սնոուդենի հետ կապված իրավիճակը: «Ես, ռուսաստանցիների փոխարեն՝ առանձնապես չէի լարվի այդ հարցի կապակցությամբ, այլ միանգամից նրան քաղաքական ապաստան կտրամադրեի»,- ասել է Լուկաշենկոն՝ հավելելով, թե Ամերիկան «հարյուրավոր ռուսաստանցի դավաճանների է ապաստանել», փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Նոր Զելանդիայում մերժել են վիզա տալ մարդուն՝ իր քաշի պատճառով’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ը 140 միլիոն դոլար է հատկացրել Վրաստանում կրթության համակարգը կատարելագործելու համար’