‘Լուկաշենկո. Բելառուսն իրեն Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու իրավունք է վերապահում’

769

Բելառուսն իրեն Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու իրավունք է վերապահում, եթե ԵԱՏՄ շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները չպահպանվեն: Այդպիսի նախազգուշացմամբ է հանդես եկել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն` Բելառուսի և  օտարերկրացի ԶԼՄ-ների համար կազմակերպված մամուլի ասուլիսում:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Լուկաշենկոն հիշեցրել է, որ Բելառուսը ԵԱՏՄ շուրջ պայմանագիրն ստորագրել է վերապահումներով: «Եթե պայմանավորվածությունները պահպանվեն, ապա մենք սրբորեն կկատարենք այն ամենը, ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին: Եթե չպահպանվեն, ապա մենք մեզ իրավունք ենք վերապահում ընդհուպ դուրս գալ ԵԱՏՄ-ից», — հստակեցրել է նախագահը: Նրա գնահատմամբ, ԵԱՏՄ ստեղծման ճանապարհը դյուրին չի լինելու: «Այն շոշափում է ոչ միայն քաղաքական գործիչների շահերը. Դա կոնկրետ փողեր են», — պարզաբանել է Լուկաշենկոն: «Կան պահեր, որոնք, ընդհանրապես, չպետք է լինեն փաստաթղթերի (ԵԱՏՄ վերաբերյալ) ստորագրումից հետո, խոսքը վերաբերում է, այսպես կոչված, պատերազմներին` կաթի, մսի», — շարունակել է նախագահը: Նա դժգոհել է, որ հաճախ են բախումներ լինում Ռուսաստանի հետ, սակայն հակասություններ կան նաև Ռուսաստանի և Ղազախստանի միջև:

Նախագահը փաստել է, որ ողջ աշխարհն ինտեգրվում է, և «մենք պետք է պահպանենք մեր միասնությունը»: Մեր տասմիլիոնանոց երկրի համար մեր արտադրանքի սպառման 170 միլիոնանոց շուկա ունենալը լավ է», — ասել է նա: Բացի այդ նա նշել է, որ Բելառուսը սերտ ինտեգրման շնորհիվ ռուսական գազ է ստանում 1000 խմ դիմաց 134 դոլարով, մինչդեռ Ուկրաինան` գրեթե 400 դոլարով:

Բելառուսն ըստ ամենայնի կաջակցի ինտեգրման խորացմանը ԵԱՏՄ շրջանակում, իրավահավասար միության ստեղծմանը` առանց բացառումների և սահմանափակումների, հավաստիացրել է պետության ղեկավարը: «Մենք պարտավոր ենք օգտագործել այն հնարավորությունները, որոնք բացվում են Եվրասիական տնտեսական միության շրջանակում», — ասել է նա՝ ընդգծելով, որ Բելառուսը ԵԱՏՄ-ում նախագահում է 2015 թվականի հունվարի 1-ից:

Լուկաշենկոյի խոսքով՝ Բելառուսն այժմ առավելապես առևտուր է անում Արևմուտքի, քան Ռուսաստանի հետ: Ըստ նրա՝ Ռուսաստանին բաժին է ընկնում Բելառուսի առևտրի ծավալի 42%-ը`  նախկին 85%-ի փոխարեն: Լուկաշենկոն Մինսկի գլխավոր խնդիրն է համարել արտահանման դիվերսիֆիկացումը: Եվրոպայի և Ամերիկայի հետ Բելառուսի հարաբերություններում ոչ մի խոշոր տեղաշարժ չի լինի, քանի դեռ երկրում չեն կայացել նախագահական ընտրություններ,  ասել է Լուկաշենկոն: Հաղորդում է ԱրմԻնֆոն:

Նախորդ հոդվածը‘Վարդան Պետրոսյանը դատապարտվեց 5 տարի ազատազրկման’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Պետրոսյանի փաստաբան. Դատավճռով տրվել է իրավիճակային լուծում’