‘ Լուկաշենկո. Եվրասիական և Եվրոպական միությունները կարող են հավասարամեծ գործընկերներ դառնալ ‘

753

Եվրասիական տնտեսական միությունը և Եվրամիությունը կարող են հավասարամեծ գործընկերներ դառնալ: Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը Մինսկից, այդ մասին հոկտեմբերի 21-ին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՊՀ երկրների ԶԼՄ-ների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքով, Բելառուսը, Ռուսաստանը և Ղազախստանն ստեղծել են Մաքսային միություն և մոտեցել Եվրասիական տնտեսական միության ստեղծմանը: «Հաշվի առնելով այդ  նախագծին մասնակցելու մի շարք այլ երկրների ձգտումները` մոտ ժամանակներս Եվրասիական տնտեսական միությունը և Եվրամիությունը գրեթե հավասարամեծ գործընկերներ կդառնան աշխարհաքաղաքականության շախմատի տախտակի վրա: Վերջիններիս շահերը հարկավոր կլինի հավասարակշռել: Սա կենդանի օրինակ է այն բանի, որ ինտեգրացիաների ինտեգրումը միանգամայն իրական է»,- հայտարարել է նա: Բելառուսի նախագահը վստահ է, որ Եվրոպայի հետ  երկխոսությունն ավելի արդյունավետ կլինի, եթե տարվեն միասնական, այլ ոչ թե ԱՊՀ անդամ առանձին երկրների անջատ բանակցություններ: «Չէ որ, միասին մենք ուժ ենք, որի հետ հաշվի կնստեն»,- հայտարարել է նա:

Պետության ղեկավարը գտնում է, որ ինտեգրացիոն գործընթացներում պետք չէ անընդհատ հայացք գցել Եվրամիությանը: «Պետք է սովորել ավելի շատ գնահատել այն, ինչ արդեն վաղուց ունենք: Չէ որ Եվրոպան դեռ նոր է գնում դեպի միավորում, և շատ բան ունի անելու այդ ճանապարհին: Իսկ մեր երկրները համատեղ կյանքի պատմական հսկայական փորձ ունեն»,- նշել է նա: Լուկաշենկոն վստահ է նաև ԱՊՀ-ն պահպանելու և զարգացնելու անհրաժեշտության մեջ`որպես երկխոսության և համատեղ որոշումների մշակման միասնական հարթակ:

 

 

Նախորդ հոդվածը‘Հունվարից Հայաստանի զինված ուժերում 25 զինծառայող է մահացել’
Հաջորդ հոդվածը‘Փաստաբան. Պետությունը փորձում է մեր հաշվին կատարել իր ստանձնած պարտավորությունները’