‘Լուսաֆորների սեկցիաները սխալ են կիրառվում և հանգեցնում են խախտումների (տեսանյութ)’

1701

Բոլորս էլ գիտենք, թե ինչ է լուսաֆորի սեկցիան: Դա մեքենաների վարորդներին` խաչմերուկից դեպի աջ կամ ձախ երթևեկությունը շարունակելու թույլտվություն տվող ազդանշան հաղորդող լուսաֆոր է, որը կամ միացված է (երթևեկությունը թույլատրվում է), կամ մարած (երթևեկությունը արգելվում է): Սեկցիան ոչ միշտ է դրվում լուսաֆորի վրա: Որպես կանոն, երթևեկությունը բոլոր ուղղություններով կարգավորվում է մի լուսաֆորով:

Դժվար է գտնել երևանցի մի վարորդ, ով երբեք չի հայտնվել մի իրավիճակում, երբ չնկատելով այդ պահին մարված սեկցիայի գոյությունը` լուսաֆորի հիմնական կանաչ լույսի տակ շրջադարձ է կատարել` դրանով իսկ կատարելով լուրջ վարչական իրավախախտում:

Տեսանյութում Հալաբյան-Մարգարյան խաչմերուկում «Մերսեդեսը», չնկատելով սեկցիայի գոյությունը, հիմնական լուսաֆորի կանաչ լույսի հրահանգով կատարեց ձախ շրջադարձ:

 

Փոխարենը, դժվար է գտնել վարորդի, ով հանկարծակի (չնկատելով) խախտել է հիմնական լուսաֆորի կարմիր լույսի հրահանգը և շարունակել երթևեկությունը «կարմիրի տակ»:

Եռագույն լուսաֆորի ստեղծողները դեռ 1910-ականներին այն նախատեսել են այնպես, որ երթևեկությունն արգելող նշանը լինի լավ երևացող (կարմիր լույս): Նույնը վերաբերում է նաև ճանապարհային նշաններին, որոնք միշտ այնպիսին են, որ լավ երևան, իսկ արգելող նշանները, ժողովրդի լեզվով ասած, «աչք ծակեն»:

Այսինքն՝ լուսաֆորի կամ ճանապարհային նշանի կողմից վարորդին տրվող արգելքի ցանկացած հրահանգ պետք է լինի այնպիսին, որ այն չնկատելը շատ դժվար լինի:

Սակայն այդ տրամաբանությունը չի վերաբերում լուսաֆորների սեկցիաներին: Ինչպես ասվեց, մարված սեկցիան երթևեկությունը այդ ուղղությամբ շարունակելը արգելող հրահանգ է: Սակայն որքանո՞վ է հնարավոր տեսնել այդ մարված սեկցիան երեկոյան ժամերին… Միանգամից ընդունենք` համարյա անհնար է:

Եթե ցերեկը մենք՝ վարորդներս, տեսնում ենք լուսաֆորը ամբողջությամբ և կարող ենք տեսնել, որ դրա կողքին կա նաև սեկցիա, ապա օրվա մութ ժամերին մենք սովորաբար տեսնում ենք միայն լուսաֆորի վառված լույսը և չենք տեսնում դրա կառուցվածքը (սեկցիայի առկայությունն ու բացակայությունը): Համապատասխանաբար, չեք կարող կռահել, որ լուսաֆորի կողքին կա մարված սեկցիա, որը մեզ արգելում է երթևեկել:

Իսկ սեկցիան ինչի՞ համար է ստեղծված

Ետխորհրդային որոշ երկրներում օգտագործվում է սեկցիան, սակայն, որպես կանոն, (Ուկրաինայում, Ռուսաստանում) այն դրվում է միայն այն դեպքերում, երբ երթևեկությունն այդ ուղղությամբ միշտ թույլատրված է, այսինքն՝ սեկցիան միշտ միացած է (այդպես է այն աշխատում նաև Երևանի որոշ խաչմերուկներում):

Այդ երկրներում երբեմն սեկցիան միշտ չի վառված, այլ վառված է հիմնական լուսաֆորի կանաչ լույսի ամբողջ ընթացքում և կարմիր լույսի վառվելու ժամանակահատվածի մի որոշակի մասում: Բայց այն երբեք մարված չի լինում հիմնական լուսաֆորի կանաչ լույսի միացած լինելու ժամանակ՝ վարորդներին նշված շփոթություն մեջ չգցելու համար:

Իսկ ինչպե՞ս առանձին կարգավորել դեպ աջ/ձախ երթևեկությունը, երբ դա հարկավոր է

Ծագած այս բնական հարցին պատասխանը վաղուց տրվել է համարյա ամբողջ աշխարհում և այժմ նաև Վրաստանում: Կիրառվում է երկու հատ իրար կողք դրված լուսաֆոր, և համապատասխան ուղղության լուսաֆորի լույսերը սլաքների տեսքով են:

Այսպիսի լուսաֆորի դեպքում վարորդի կողմից` առանց արգելող նշանը նկատելու որևէ ուղղությամբ երթևեկությունը շարունակելու հնարավորությունը զրոյանում է:

Տեսանյութում` առանձին ուղղությունները կարգավորող լուսաֆոր


ՃՈ-ին ձե՞ռք է տալիս

Ի հեճուկս արգելող նշանի (հրահանգի) լավ երևալու և նույնիսկ «աչք ծակելու» անհրաժեշտության այս պարզ տրամաբանությանը` Երևանի բազմաթիվ խաչմերուկներում շարունակում են գործել լուսաֆորների սեկցիաները, որոնք արգելում են երթևեկությունը որևէ ուղղությամբ հիմնական լուսաֆորի կանաչ լույսի միացած լինելու ժամանակ: Եվ դա կարող է ունենալ երկու բացատրություն.

1. Ճանապարհային ոստիկանությունում տեղյակ չեն այս պարզ տրամաբանությունից (ինչը, ճիշտն ասած, քիչ է հավանական):

2. Ճանապարհային ոստիկանությունում չեն ցանկանում կատարել այս փոփոխությունը:

Հարցի մասին զրուցեցինք ՃՈ լուսաֆորների, փողոցային գծանշումների և երթևեկության նշանների հարցերով պատասխանատու պաշտոնյա Դանիել Դանիելյանի հետ, ով ասաց, որ դա վարորդների խնդիրն է, «վարորդները թող ուշադիր լինեն և նկատեն սեկցիաները»:

Այստեղ հարկ է հիշել, որ միակ մարմինը, որը շահագրգռված է նրանում, որ վարորդները խախտումներ անեն, հենց ՃՈ-ն է, քանի որ տուգանքների գումարները մտնում են հենց ՃՈ արտաբյուջետային հիմնադրամ:

Անշուշտ, անմեղության կանխավարկածից ելնելով` չենք կարող պնդել, որ լուսաֆորների սեկցիաների կիրառումը միտումնավոր է արվում վարորդներին խախտումների դրդելու համար: Սակայն լուսաֆորների սեկցիանեը միակը չեն. փողոցներում կան ՃՈ գործառույթների մեջ մտնող բազմաթիվ «թերություններ», որոնք վարորդներին դրդում են գիտակցաբար կամ հանկարծակի խախտումներ կատարելու:

Աղբյուրը՝ hetq.am


Նախորդ հոդվածը‘Ֆրանսիացին Euro Millions վիճակախաղում շահել է 170 միլիոն եվրո ‘
Հաջորդ հոդվածը‘Մյասնիկ Մալխասյան. Իշխանությունները չեն ուզում ձերբազատվել քաղբանտարկյալ ունենալու սովորույթից’