‘Լրագրողին ազատել են աշխատանքից ՀՀԿ-ականների դեմ դիմում գրելու համար’

1874

«Լրագրողների միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ իրենց հայտնի է դարձել, որ ԱԺ-ի էթիկայի նորմերի պահպանման, ԱԺ կանոնակարգին հավատարիմ մնալու համար լրագրող Լիլիթ Լալայանը ոչ թե խրախուսվել, այլ հեռացվել է աշխատանքից խմբագրի որոշմամբ:

«Henaran.am լրատվական գործակալությունը աշխատանքից հեռացրել է լրագրող Լիլիթ Լալայանին այն բանից հետո, երբ ԱԺ Էթիկայի հանձնաժողով վարույթ է ընդունել ԱԺ 7 պատգամավորների դեմ Լալայանի դիմումը: Թեև Henaran.am-ի խմբագիր Լիլիթ Դավթյանը պաշտոնապես չի մեկնաբանում աշխատանքի հեռացման պատճառը, սակայն ակնհայտ է, որ հեռացման հիմքում ընկած է էթիկայի հանձնաժողով լրագրողի դիմումը, որովհետև խմբագիրը լրագրողին աշխատանքից հեռացնելու մասին որոշումը կայացրել է հունվարի 21-ին, երբ հունվարի 20-ին ԱԺ էթիկայի հանձնաժողովը գործը վարույթ է ընդունել՝ լրագրողի դիմումը համարելով հիմնավոր։ Խմբագիրը նման որոշում կայացրել է այն դեպքում, երբ լրագրողը նույնիսկ Henaran.am-ի անունից չի դիմել, այլ իր երկրորդ աշխատավայրի համար պատրաստված տեղեկատվական նյութերի հիման վրա:

Չնայած խմբագիրը պաշտոնապես չի նշում ազատման պատճառը, սակայն այդ ակնհայտ է, որովհետև էթիկայի նորմերը խախտող յոթ պատգամավորներից վեցը Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավորներ են. ԱԺ Հանրապետական խմբակցությունից` Սպարտակ Մելիքյանը, Համլետ Հարությունյանը, Կարեն Սարիբեկյանը, Սեյրան Սարոյանը, Առաքել Մովսիսյանը և Արշակ Մխիթարյանը, և «ԲՀ» խմբակցությունից` Բազմասեր Առաքելյանը: Նրանք խախտել են պատգամավորական էթիկայի նորմերը և նախորդ տարվա ավարտին արտահերթ նիստերի ժամանակ քվեարկել բացակա գործընկերների փոխարեն:

Հետևաբար, լրագրողը հեռացվել է աշխատանքից խմբագրի քաղաքական հայացքներին չենթարկվելու համար:

Լրագրողին աշխատանքից ազատելը քաղաքական ենթատեքստ է պարունակում, ինչը խիստ դադապարտելի է: Խմբագրի կողմից լրագրողին աշխատանքից հեռացնելը կարող է նախադեպ դառնալ լռեցնելու այն լրագրողներին, ովքեր կբարձրաձայնեն ԱԺ-ում և քաղաքական դաշտում նմանատիպ խախտումների մասին, ինչ էլ իր հերթին կբերի խոսքի անազատության:

«Լրագրողների միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության համար անընդունելի և խիստ դատապարտելի է նման վարվելակերպը, առավել ևս զարմանալի, երբ լրագրողի ազատ գործելու իրավունքը խախտվում է խմբագրի կողմից, ով իրականում պետք է պայքարի խոսքի անազատության ու լրագրողի գործունեության խոչընդոտումների դեմ, այլ ոչ թե լրագրողին  ծառայեցնի սեփական շահերի ու քաղաքական հայացքների համար»,- ասված է հայտարարության մեջ:

Նախորդ հոդվածը‘Թուրքիայում սպանվել է 60 քուրդ գրոհային’
Հաջորդ հոդվածը‘ԵԱՀԿ. Հանրաքվեն կազմակերպվեց առանց ԺՀՄԻԳ հանձնարարականների ուղղությամբ որևէ նշանակալի քայլ կատարելու’