‘Լրանում է Վարդան Պետրոսյանի ավտոմեքենայի վթարի հետևանքով մահացած Էդգար և Էդուարդ Հակոբյանների մահվան 8-րդ ամիսը’

974

Այսօր լրանում է Վարդան Պետրոսյանի ավտոմեքենայի վթարի հետևանքով մահացած Էդգար և Էդուարդ Հակոբյանների մահվան 8-րդ ամիսը: Այս մասին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Պետրոսյանի նկատմամբ շարունակվող դատական նիստում հայտարարեց տուժողների շահերի պաշտպան Ռուբեն Բալոյանը՝ ներկայացնելով դատական այս նիստում տուժողների բացակայության պատճառը, հայտնում է «Փաստինֆոն»:

Դատարանում այսօր հրապարակվեցին 2 երեխաների դիակների դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները, որոնց համաձայն՝ Էդգար և Էդուարդ Հակոբյանների մահը վրա է հասել գլխուղեղի կարևոր ֆունկցիաների խանգարումից, պատռված են երկու երեխաների կենսական կարևոր օրգանները՝ թոքերը, լյարդը, փայծաղը:

Եզրակացությունը հիմք ընդունելով՝ տուժող կողմի շահերի պաշտպան Ռուբեն Բալոյանը հայտարարեց, որ սա վկայում է, որ մահը չէր կարող առաջանալ գազի բալոնի և առջևի նստարանի միջև սեղմվելու հետևանքով: 

Տուժողների շահերի ներկայացուցչի այս հայտարարությանը Նիկոլայ Բաղդասարյանն արձագանքեց, որ վթարված ավտոմեքենաների լուսանկարները ճիշտ հակառակն են վկայում: «Կամ ես եմ ստում, կամ պարոն Բալոյանը»,- ասաց Ն.Բաղդասարյանը:

Նիկոլայ Բաղդասարյանն իր այս վարկածը մեկնաբանեց նրանով, որ գազի բալոնի լայնությունը 70 սմ է, ճիշտ այդքան է նաև նստարանների միջև ընկած տարածությունը: «Վթարի արդյունքում բալոնը 70 սմ առաջ է եկել և երեխաները մնացել են դրա արանքում»,- ասաց Վարդան Պետրոսյանի պաշտպանը:

Հիշեցնենք, նախորդ դատական նիստում Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարել էր, որ Նիվա մակնիշի ավտոմեքենայի վրա տեղադրված գազի բալոնն անօրինական է, ավելին՝ բավական երկար ժամանակ գյուղնախարարության ԾԻԳ-ը, որին պատկանում է մեքենան, դրա՝ բենզինով  լիցքավորման համար գումար է հատկացրել, մինչդեռ այն աշխատել է գազով: Բաղդասարյանը համոզմունք հայտնեց, որ գյուղնախարարության և ԾԻԳ-ի համապատասխան պաշտոնյաները ավտոմեքենայի շահագործման կանոնների խախտման համար պետք է առնվազն վարչական պատասխանատվության ենթարկվեն:

 

Նախորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Մինչեւ որ տեսնենք՝ երբ ենք քեզ տուն ուղարկում’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանում քննարկում են «Խոջալուի ցեղասպանությունը»’