Լրջանալու և չլրջանալու միջև ընտրության երկրորդ շանսը․ ՉԻ

626

Եվ այսպես՝ Լևոն Տեր-Պետրոսյանը խոսեց, Ռոբերտ Քոչարյանը խոսեց, Սերժ Սարգսյանն ասաց, որ նոր ասելիք չունի (դա է՛լ է խոսք), ու կարող ենք արձանագրել, որ 1997-ից ի վեր առաջին անգամ Հայաստանի քաղաքական դաշտում լուրջ, առարկայական քննարկում է սկսվել պետության ապագայի և ընտրելիք ճանապարհի վերաբերյալ։ Եթե մանր-մունր խայթոցները մի կողմ թողնենք (դրանք ընդամենը մարդկանց անձնական որակների մասին են խոսում), ապա մեծ հաշվով՝ նախկին նախագահները շատ հստակ ներկայացրեցին իրենց տեսակետները։ Մոտավորապես այսպես։

Լևոն Տեր-Պետրոսյան․ «Հայաստանը կապիտուլյացիայի է ենթարկվել, ժամանակ չունենք, հնարավոր է՝ 6 ամիս անց շատ ավելի ծանր վիճակում հայտնվենք, ցանկացած համաձայնագիր շատ ցավոտ է լինելու, հետևաբար՝ պետք է միասնաբար որոշենք, թե որն է ամենաքիչ ցավոտ լուծումը, և միասնաբար էլ պատասխանատվություն կրենք այդ որոշման համար»։

Ռոբերտ Քոչարյան․ «Այո, շատ ծանր վիճակում ենք, հնարավոր է՝ անգամ այդ 6 ամիսը չունենք, բայց կարելի է փորձել խուսափել ցավոտ լուծումներից։ Դրա համար պետք է մասնակի իշխանափոխություն անել, Նիկոլ Փաշինյանին անձնական երաշխիքներ տալ, Իրանի և Ռուսաստանի միջոցով կարճ ժամանակում հզորացնել բանակն ու պատրաստվել նոր և ավելի լայնամասշտաբ պատերազմի»։ 

Համաձայնվեք՝ երկրորդ տարբերակը շատ ավելի գեղեցիկ է հնչում։ Բայց երկու տարբերակների միջև ընտրություն կատարելն իմաստ ունի միայն այն դեպքում, եթե երկուսն էլ հնարավոր են։ Եթե դրանցից մեկը հնարավոր չէ՝ ուրեմն դա չի կարելի «տարբերակ» անվանել, հետևաբար՝ ի՞նչ ընտրության մասին է խոսքը։ 

Փորձենք հասկանալ, թե արդյո՞ք գործնականում հնարավոր է Քոչարյանի առաջարկած ծրագրի իրականացումը։ Սկսենք «մասնակի իշխանափոխությունից»։ Որքան էլ առաջարկը գայթակղիչ լինի Փաշինյանի համար, ակնհայտ է, որ նա այդ տարբերակն անգամ չի էլ քննարկի։ Հետևաբար՝ Քոչարյանի առաջարկն իրականում հետևյալն է․ արագ իշխանափոխություն անել․․․ (մնացածը՝ ինչպես տեքստում)։ Շատ լավ, ենթադրենք՝ ստացվեց, Նիկոլ Փաշինյանն էլ ինչ-որ հրաշքով վերջապես ողջամտություն ցուցաբերեց ու հրաժարվեց երկիրը քաղաքացիական պատերազմի հորձանուտը ներքաշելու մտքից։ Մնում է ընդամենը երկու հարց։ Առաջին՝ մենք իսկապե՞ս ունենք այդ մի քանի ամիսը, և երկրորդ՝ կկարողանա՞նք այդ մի քանի ամսում այնքան հզորացնել բանակը, որ ի վիճակի լինենք դիմակայել Թուրքիայի հավանական աջակցությամբ իրականացվելիք ադրբեջանական ագրեսիային։ Համաձայնվեք՝ հավանականությունը փոքր է։ Ընդ որում՝ սա այն դեպքը չէ, որ ասենք «փորձը փորձանք չէ» ու ռիսկի դիմենք։ Խաղադրույքները չափազանց բարձր են, խաղասեղանին էլ Հայաստանի ապագան է, հետևաբար՝ «յա էս կողմ, յա էն կողմ» տարբերակը պետք է մերժել միանգամից։ Այդ ճանապարհով գուցե կարելի էր գնալ, եթե առջևում երաշխավորված կայունության գոնե 3-4 տարի ունենայինք (Ադրբեջանը դրան հասավ 26 տարում), բայց Քոչարյանն ինքն է ասում, որ անգամ 6 ամիս չունենք։

Եզրակացությունն ակնհայտ է։ Երկու տարբերակներ չկան, որովհետև դրանցից մեկը գործնականում անհնար է, հետևաբար՝ չկա նաև երկու տարբերակների միջև ընտրության հնարավորություն։ Կա միայն մեկ տարբերակ, և ընտրությունը հետևյալն է՝ ընդունո՞ւմ ենք այն, թե՞ մերժում՝ դրանով իսկ ամեն ինչ թողնելով այլոց ողորմածությանը կամ բախտի քմահաճույքին։ 

Մարկ Նշանյան

Չորրորդ Իշխանություն

Նախորդ հոդվածըՀՖՖ-ն և Խոակին Կապառոսը դադարեցնում են համագործակցությունը
Հաջորդ հոդվածըԹիերի Անրի․ VAR-ը սպանում է խաղի ուրախությունը