‘«Լևոնին քննադատելու փոխարեն քննադատեք թփում թաքնվածներին» — Hraparak.am’

1696

Բնական է երեկվա հանրահավաքի վերաբերյալ շատերի վրդովմունքը: Սպասելիքը շատ էր: Ոգևորությունը շատ: Րոպե առաջ գնալ Բաղրամյան 26 ու պահանջել նախագահի հրաժարականը. մասնակիցների պահանջը դա է:

Մեկ ամսից ավելի է՝ յուրաքանչյուր օր ու ժամ, յուրաքանչյուր րոպե ու վայրկյան ավելանում է ոգևորության, անհամբերության ալիքը: Մարդիկ է՛լ ձգելու տեղ չունեն: Իսկ երբ սպասելիքն ու ոգևորությունը շատ է լինում, սթափ խոսքը սառը ցնցուղի տպավորություն է թողնում: Ինչպիսի խոսք ուզում է լինի, այն չի կարող հագեցնել պապակված մարդու սիրտը:  Բոլորդ ինձից լավ գիտեք, թե ինչ է ուզում այսօրվա ճշմարիտ ընդվզողը: Նրա ուզելուց բացի ինչ էլ ասեր Առաջին նախագահը, միևնույն է, նա դժգոհ կմնար:

Ինձ այսպես են ասում. «Այո, ճիշտ է ասում Առաջին նախագահը, այո, նոր չենք համոզվում նրա գեղեցիկ խոսքի ու կուռ տրամաբանության մեջ, բայց հետո՞… Հետո՞… »:  Հետոն էլ չի ուշանում: Պիտի գնայինք Բաղրամյան 26 ու հեղափոխություն անեինք: Բայց սիրելիներս,  «հեղափոխություն անելու համար» այնտեղ համապատասխան զորամիավորումներ կային տեղադրված, ովքեր խաղում էին ոգևորված ժողովրդի ցանկությանը հագուրդ տալու դերը և ավելի վտանգավոր էին, քան մեր փառապանծ ոստիկանությունը: Նրանք կարող էին իրենց հրահրումներով աքցանի մեջ առնել տային մաքուր կռվողներին ու հարցը մի տևական ժամանակով փակել… Կարծում եմ՝ Առաջին նախագահն այս ամենին իրազեկ է եղել ու իր ներկայությամբ կանխել է ծրագրավորված թակարդը:

… Եվ այսօր Լևոնին քննադատելու փոխարեն քննադատեք թփում թաքնվածներին, ովքեր մի քանի հոգի հավաքելով կամ չհավաքելով, թփերի տակից ծլվլում են: Մի գործչի շուրջ, եթե համախմբվում է այդքան մեծ զանգված, չի կարելի մրոտել այդ գործչին, որովհետև վիրավորում եք նրա շուրջ համախբված մարդկանց:  Սա ձեզ ասում է մեկը, ով ՀԱԿ-ի անդամ չէ ու ոչ մեկի հետ կապ չունի: Մնացածը դուք գիտեք ու ձեր քաղաքացիական պատասխանատվությունը:

Հասմիկ Բաբաջանյան, Hraparak.am

 

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուր կայքում

Նախորդ հոդվածը‘Քրեական գործի վարույթը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով’
Հաջորդ հոդվածը‘Ա. Զոհրաբյան. պետք է գործել առանց սխալվելու իրավունքի, ինչպես սակրավորը, քանի որ ականը Հայաստանի տակ է’