Լևոն Արոնյանը նվաճեց արագ շախմատի Goldmoney Asian Rapid օնլայն մրցաշարի հաղթողի կոչումը:
Եզրափակիչի երկրորդ խաղային օրը ևս հայ գրոսմայստերն ուժեղ գտնվեց ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիևից: Արոնյանը հաղթեց առաջին ու երկրորդ պարտիաներում, ինչի արդյունքում հաջորդ 2 պարտիաներն անցկացնելու անհրաժեշտություն չեղավ:
Եզրափակիչի առաջին խաղային օրը Լևոն Արոնյանն առավելության էր հասել 2.5:1.5 հաշվով: Առաջին տեղ գրավելու համար նա կստանա 30 հազար դոլար պարգևավճար:
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում Լևոն Արոնյանը թայ-բրեյքում
պայքարից դուրս էր թողել աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին:
Մրցաշարի նախնական փուլում հայ գրոսմայստերը 15 հնարավորից վաստակել էր 10,5 միավոր և փլեյ-օֆֆ դուրս եկել առաջին տեղով: Քառորդ եզրափակիչում նա ուժեղ էր գտնվել հնդիկ Արջուն Էրիգաիսիից:
Goldmoney Asian Rapid-ը Մագնուս Կարլսենի կազմակերպած Meltwater Champions Chess Tour-ի 7-րդ փուլն է։ Ընդհանուր մրցանակային հիմնադրամը 1,6 միլիոն դոլար է, Goldmoney Asian Rapid-ինը՝ 100 հազար դոլար։