‘Լևոն Բարսեղյան. Գյումրիի քաղաքապետարանը վերջին երեք տարում շուրջ $90 հազար հեռախոսավճար է մուծել’

849

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամուլի խոսնակ Զոհրաբ Եգանյանն iLur.am-ին հայտնեց, որ քաղաքապետարանն արդեն իսկ դիմել է «Արմենթել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյին՝ 2006-2012 թվականների վերաբերյալ տվյալներ ստանալու համար:

Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը iLur.am-ի հետ զրույցում ասաց, որ ըստ Գյումրիի քաղաքապետարանի տրամադրած փաստաթղթերի` 10,5 մլն դրամի հեռախոսավճար մուծել են 2010 թվականին, 11,5 մլն դրամ` 2011 թվականին, 13,5 մլն` վերջին տասն ամսվա ընթացքում: Բարսեղյանը հավելեց, որ քաղաքապետարանը 2006-ից 2009 թվականների տեղեկությունները չուներ: Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը Բարսեղյանին առաջարկել էր դիմել «Արմենթել» ընկերությանը՝ այդ տարիների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար:

«Ես նորից մի հարցում ուղարկեցի, որ «Արմենթելին» կարող է դիմել միայն քաղաքապետը, որովհետև ինքն է բաժանորդ համարվում: Զարմանալի եմ համարում, որ մարդը կարող է 30-40 հազար դոլարի հեռախոսի վարձ վճարել ու չհետաքրքրվել, թե ուր է խոսվել, ենթադրվում է, որ ինքը շատ լավ իմացել է՝ ուր է խոսվել: Պարզվեց՝ 49 հեռախոսահամար կա քաղաքապետարանում: Գուցե մեկից խոսվել է 100 դրամ, մյուսից խոսվել է 10 միլիոն դրամ: Եթե կպարզվի այսինչ հատվածում խոսվել է քույր քաղաքներից մեկի հետ Բրազիլիայում, ես կարող եմ դա հասկանալ, իսկ եթե կպարզվի, որ խոսվել է Ավստրալիայի չգիտեմ որ քաղաքի հետ, որը ոչ քույր է, ոչ եղբայր է, ոչ էլ հորեղբոր թոռ է, պիտի ասենք՝ համայքնի միջոցներով ո՞ւր եք խոսել, այդ գումաները ծախսելու ուրիշ տեղեր կան»,- ասաց Բարսեղյանը:

Նախորդ հոդվածը‘«Չելսիում» նորից «իշխանափոխություն» կատարվեց’
Հաջորդ հոդվածը‘Օսկանյան. Աստված տա` միասնական թեկնածուով կարողանանք գնալ նախագահական ընտրությունների ‘