‘Լևոն Բարսեղյան. Ինչո՞ւ վարչապետը մինչև հիմա Կիպրոսում դատախազ աշխատելու հայտ չի ներկայացրել’

1152

Կիպրոսի դատազախը, ըստ երևույթին, գործից գլուխ չի հանում, և զարմանալի է, թե ինչու վարչապետը մինչև հիմա Կիպրոսում դատախազ աշխատելու հայտ չի ներկայացրել: iLur.am-ի հետ զրույցում Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն այսպես մեկնաբանեց Կիպրոսի գլխավոր դատախազի հայտարարությունը, թե առանց անձի իմացության՝ նրա անունով օֆշորային գոտում ընկերություն գրանցել հնարավոր չէ: Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետը տևական ժամանակ է՝ հակառակն է պնդում:  

«Կիպրոսը և Հայաստանը շատ կշահեին, եթե վարչապետը գնար և Կիպրոսում դատախազ աշխատեր, իր շեֆին ու իր կաբինետին էլ կտաներ, տարբեր գործերի կտեղավորեր, որովհետև ստացվել է այնպես, որ ինքը Կիպրոսի օրենսդրությունից և իրավակիրառ պրակտիկայից ավելի շատ բան գիտե, քան Կիպրոսի դատախազը: Կամ Կիպրոսի դատախազը ինչ-որ մի հին անձնական թշնամանք ունի ՀՀ վարչապետի նկատմամբ և առիթը բաց չի թողնում նրանից տարբեր ձևերով վրեժ լուծելու համար: Վարչապետը ինչքան շուտ գլխի ընկնի, որ իր շեֆ, ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի հետ պիտի հրաժարական տա, այդքան լավ իր համար: Անմիջապես դրանից հետո ինքը աշխատանքի առաջարկ կստանա Կիպրոսի դատախազությունում»,- ասաց Լ. Բարսեղյանը:

Մեր հարցին, թե Կիպրոսի գլխավոր դատախազի հայտարարությունից հետո, ի վերջո, որևէ իրավական հետևանք կլինի՞, Լ. Բարսեղյանը պատասխանեց, թե չի կարծում, որ Կիպրոսում այնքան պարապ են, որ զբաղվեն ՀՀ վարչապետի խորհրդավոր մտքերի մեկնաբանություններով, իսկ Հայաստանից իրավական որևէ հետևանք չի կարող տեղի ունենալ, քանի դեռ Հայաստանում իշխանությունը զավթած է, և զավթիչներն են տիրապետում իրավապահ և արդարադատության համակարգերին:

«Հայաստանում չի կարող որևէ իրավական հետևանք ունենալ: Դա տրամաբանությանը կատեգորիկ հակասում է: Անգամ ավտորիտար ռեժիմների դեպքում որևէ խաղի, հնարքի, բլեֆի խաթեր դա բացառվում է: Ավելի կարևոր հարց կա, թե Սերժ Սարգսյանն իմացած եղե՞լ է, որ նման օֆշորային հաշիվ է բացվել, որտեղ իր վարչապետն է ներգրավված եղել: Այս հարցն է հիմա ամենկարևորը: Երկու հնարավոր տարբերակ կա. տեղյակ եղել է, և դրանից բխում է նրա վարքաբանությունը, թե ինչպես հիմա վերջիվերջո կարտահայտվի, մինչև հիմա չի արտահայտվել, հիմա ինչ-որ մի կերպ պիտի «ցրի», եթե տեղյակ չի եղել՝ ինչպե՞ս կփորձի միջամտել: Կո՞շտ կլինի իր միջամտությունը, հրապարակային միջամտության մասին չէ խոսքը, թե՞ մոտավորապես այսպես՝ Տիգրան, սիրուն չի,  որ հաշիվ ես բացում, բա ինչի՞ տեղյակ չես պահում, էդ ո՞ր օրվա նախագահ ու վարչապետ ենք: Մոտավորապես՝ այս տոնայնությամբ, և ներսում գուցե փորձեն խաղաղությամբ կարգավորել այդ հարցերը: Չեմ կարծում, թե եթե տեղյակ չի եղել, արձագանքը կոշտ կլինի, խայտառակ կանի, և Տիգրան Սարգսյանին բաժին կհասնի Վազգեն Խաչիկյանի ճակատագրի նման մի ճակատագիր»,- նշեց Լ. Բարսեղյանը: 

Նախորդ հոդվածը‘Մխիթարյանը կարող է զրկվել աշխատավարձի 50-ից 90 տոկոսից, եթե վերադառնա «Շախտյոր»’
Հաջորդ հոդվածը‘ԱԻՆ. Հրդեհի պատճառները պարզ կդառնան մեկ շաբաթից’