‘Լևոն Բարսեղյան. Նման ահռելի պարտքերի գոյացման պատճառների հիմքում Գյումրիի ավագանու որոշումներն են ‘

835

iLur.am-ի զրուցակիցը Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ, «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության անդամ, Գյումրիի նորընտիր ավագանու անդամ Լևոն Բարսեղյանն է: Գյումրիի նորընտիր ավագանին իր լիազորությունները կստանձնի նոյեմբերի 12-ից:

 

Պարոն Բարսեղյան, երեկ ավագանու նիստի ընթացքում մերժվեց քաղաքապետ Սամվել Բալասանյանի՝ քաղաքապետարանում աուդիտ անցկացնելու առաջարկը: Ո՞րն էր պատճառը:

Աուդիտը ցույց էր տալու ավագանու այդ կազմի կայացրած որոշումների խայտառակությունը անցած 4 տարիների ընթացքում, իսկ եթե հաշվի առնենք, որ այդ կազմի ավագանու անդամներից մի քանիսը եղել են ավագանու նախորդ կազմում՝ 2005-2008 թվականներին, բացահայտվելու են լիքը անհեթեթ, անիմաստ, սխալ, անտեղի, չհիմնավորված գներով արված համայնքային բյուջեի ծախսումներ, բացահայտվելու էր, որ իրենք իրականում համայնքային բյուջեի կատարման մասին հաշվետվություններին առանց ծանոթանալու հաստատել են բյուջեների կատարումները, առանց բյուջեների մեջ խորանալու հաստատել են նախորդ տարիների բյուջեները, և նման ահռելի պարտքերի գոյացման պատճառների հիմքում ավագանու որոշումներն են: Այնպես չէ, որ նախկին քաղաքապետն ինքնուրույն է որոշել ու ինքնուրույն այդ ծախսումներն արել: Հաջորդ կազմը արդեն այդպիսի կախումներ չունի: Լիքը բաներ են բացահայտվելու, և իրենք շատ լավ գիտեն այդ ռիսկերը ու որոշել են երեկ գոնե արգելակել այդ պրոցեսը: Պրիմիտիվ պաշտպանություն է:

-Ի՞նչ եք կարծում, Սամվել Բալասանյանն առաջիկայում աուդիտ անցկացնելու առաջարկը կրկին ավագանուն կներկայացնի՞:

-Մի քանի հանգամանք ինձ մտածել է տալիս, որ Բալասանյանը դատապարտված է կրկին այդ առաջարկը ներկայացնել, ինքը կարող էր դա երեկ չառաջարկել և պահեր ավագանու հաջորդ նիստին, բայց կասկածներ ունեմ, որ ինքն ուզեց երևի թե հանրությանը ցույց տալ ավագանու նախորդ կազմի դեմքը: «Քաղաքը մերն է» նախաձեռնությունը դեռ քարոզարշավի ժամանակ է խոսել աուդիտի, գույքագրման, հաշվարկի մասին, և հետո Բալասանյանն էլ քաղաքապետի թեկնածու եղած ժամանակ խոսել է այդ մասին: Տրամաբանությունն էլ հուշում է, որ եթե մեկը գալիս է ինչ-որ տնտեսություն կառավարելու, նախևառաջ այդ տնտեսությունը պետք է ընդունի այնպես, ինչպես կա: Հիմա ով էլ լինի, տնտեսությունն ընդունելու ժամանակ տեսնում է, որ ահռելի պարտքեր կան, և այդ պարտքերի մի մասը խայտառակ ու անհեթեթ են: Մոտ 2 միլիոն դոլար այս տարի հատկացվել է ճանապարհների նորոգմանը, բայց 2 միլիոն դոլարի աշխատանք Գյումրի քաղաքում ոչ ոք չի տեսել: Նշեմ, որ պետբյուջեի հատկացմամբ արված ճանապարհային շինարարության մասին չէ խոսքը: Դրանից բացի, պարտքեր կան, որոնք տարիներ շարունակ փոխանցվել են տարեկան բյուջեից հաջորդ բյուջե, 4-5 տարի առաջվա արված պարտքերից: Օրինակ, 37-40 միլիոն դրամով արձանախումբ է դրվել 5 տարի առաջ: Հիմա այդ արձանի ծախսից, դու մի ասա, դեռ 3,3 միլիոն դրամ քաղաքապետարանը պարտք է քանդակագործին: Ով էլ լինի նրա փոխարեն, դատապարտված է աուդիտ անցկացնել: Ենթադրում եմ, որ հաջորդ կազմի առաջին կամ երկրորդ նիստի ժամանակ այդ հարցը նորից կբարձրացվի:

-Դուք Ձեր Facebook-ի էջում գրել էիք, որ ավագանու երեկվա նիստը հրավիրվել էր օրենքի կոպիտ խախտումով, քանի որ քաղաքապետարանը նիստից 7 օր առաջ պետք է իրազեկի հանրությանը: Քաղաքապետարանից ինչոր արձագանք ստացե՞լ եք այս առնչությամբ:

-Պարզաբանել են, որ երեկվա նիստը ոչ թե հերթական էր, այլ արտահերթ: Հերթական նիստի դեպքում 7 օր առաջ պատշաճ իրազեկում պետք է լինի, արտահերթ նիստի համար այդ կարգը գրած չէ: Ես տրամաբանորեն այդ կարգը վերագրում եմ նաև արտահերթ նիստի հրավիրմանը, բայց այն պայմանով, որ հանրային իրազեկման ժամկետները կարող են սահմանափակվել այնքան, որ արտահերթ նիստի կայացման որոշումն ընդունելուց հետո հանրային իրազեկում լինի: Գոնե երկու օր հանրությունը իրազեկվեր: Չի եղել, ցավոք, երեկ առավոտն են քաղաքի լրագրողներին ասել, որ այսօր նիստ է լինելու: Երբ լիազորություններիս մեջ լինեմ, այլևս անհնարին կլինի օրենքի խախտումով ավագանու նիստ հրավիրել:

Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր գործունեությունը ավագանու կազմում:

-Իմ բոլոր գործողությունները ավագանու կազմում պայմանավորված են «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության դիրքորոշմամբ և որոշումներով: Այդուհետ երբ ավագանու որևէ նիստի իրազեկում կստանամ, նախաձեռնությունը նիստից մի քանի օր առաջ ժողով է գումարելու, քննելու է օրակարգային հարցերը, գուցե հարցերի վերաբերյալ իր դիրքորոշումը կունենա, գուցե էլի հարցեր կավելացնի օրակարգին, որոնցով զինված և մեր նախաձեռնության մասնագետներով կներկայանանք ավագանու նիստին, կմատուցենք, կպաշտպանենք մեր դիրքորոշումը: Ավագանու նիստից հետո նորից նիստ կգումարենք, նախաձեռնությունը գնահատականներ կտա տեղի ունեցած նիստին, կայացված որոշումներին: Սա լինելու է միշտ, բոլոր նիստերից առաջ և հետո, չի բացառվում, որ կունենանք ավագանու նիստ հրավիրելու նախաձեռնություններ: Աուդիտը պարտադիր մեր հետաքրքրությունների մեջ է, 5-6 տարվա աուդիտ է հարկավոր, որ իմանանք քաղաքի ֆինանսական, գույքային, ծրագրային շարժը: Մյուսը ավագանու դերի բարձրացումն է ոչ թե խոսքով, այլ կոնկրետ գործողություններով: Ավագանու նստավայր պետք է սահմանվի, հանրային իրազեկումը պետք է լինի պատշաճ, թափանցիկ պետք է դարձնենք ավագանու և քաղաքապետարանի աշխատանքը:

-Ձեր կարծիքով, Բալասանյանի օրոք Ձեր նշած խնդիրները լուծում կստանա՞ն:

-Իր նախընտրական խոստումները, իր վարքը ինձ հուշում են, որ այդ խնդիրները պետք էլուծվեն: Այդ ամբողջը, ինչ ես նշեցի, նախատեսված է օրենքներով: Սա ճաշակի, նախասիրության կամ մոտեցման հարց չէ: Սենյակի չափը կարող է նախասիրության հարց լինել, բայց ավագանու նստավայրը սահմանվում է օրենքով: Մենք տարիներ շարունակ ավագանու նստավայր չենք ունեցել: Խայտառակ բան է: Բոլոր հնարավոր գործիքները գործադրելու ենք, որ օրենքը գործի: Ինֆորմացիոն բլոկադան, որ կար տարիներ շարունակ, այլևս բացվելու է:

Զրուցեց Արա Հարությունյանը

Նախորդ հոդվածը‘Հայաստանում փոփոխական եղանակը կշարունակվի ‘
Հաջորդ հոդվածը‘Իրանցի իրավաբանն ու ռեժիսորը արժանացել են Սախարովի անվան մրցանակի՝ հանուն մտքի ազատության ‘