Լևոն Զարգարյանը Ֆեյսբուքում գրել է.
«Փաշինյանի նախընտրական քարոզարշավի հիմնական ուղերձները (ընդդիմադիր գործիչներին հայհոյելուց և վիրավորելուց բացի) վերաբերում էին առավելապես թոշակների և աշխատավարձերի բարձրացմանը, պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի ներդրմանը, ճանապարհների, դպրոցների և մանկապարտեզների կառուցմանը։ Մարզերում շրջայցերի և հատկապես թոշակառուների հետ հանդիպումների ընթացքում Փաշինյանն առաջարկում էր բացառապես նյութական հիմքի վրա հանրային նոր պայմանագիր` «ձեր տնտեսական բարեկեցությունն իմ՝ իշխանության պահպանման դիմաց»։
Այս ռազմավարությունը տրամաբանական կդիտվեր այլ նորմալ պայմաններում կամ կայացած ժողովրդավարական պետություններում: Զարմանալիորեն, այն աշխատեց նաև Հայաստանում։ Սակայն Հայաստանի պարագայում նման ռազմավարաւթյունը հենված էր 2 հիմնական ենթադրությունների վրա.
1) նյութական բարեկեցության աղբյուրները կշարունակեն մնալ և ավելանալ,
2) ազգային ինքնության հիմնասյուների թեմաները մարդկանց համար կստանան երկրորդական նշանակություն:
Սակայն նման ռազմավարության վտանգն այն է, որ եթե այս 2 ենթադրությունները կյանքի չկոչվեն, իրավիճակը կարող է շրջվել իշխանությունների դեմ։
Հունգարացի տնտեսագետ Կարլ Պոլանին 1944թ․ «Մեծ տրանսֆորմացիա» (The Great Transformation) աշխատությունում ձևակերպել է մի թեզ, որը հատկապես վերաբերելի է հենց նմանատիպ իրավիճակներին. երբ հասարակությունը զրկվում է իր «պաշտպանական շերտերից»՝ ազգային և ավանդական արժեքներից, կրոնական պատկանելիությունից, ընդհանուր մշակութային ինքնագիտակցումից, և մնում է միայն «շուկայական հարաբերությունների» վրա, ապա ցանկացած տնտեսական ճգնաժամ դառնում է կործանարար։ Հոգևոր արժեքների վրա խարսխված հասարակությունը տնտեսական ճգնաժամի ժամանակ ունի ավելի բարձր դիմադրողականություն, քանի որ կարող է դիմել ոչ նյութական ռեսուրսներին (ինքնություն, կրոն, պատմական հիշողություն)։ Իսկ սպառողական հասարակարգը այլ հենման կետ չունի, քանի որ հիմնված է բացառապես «տնտեսական պայմանագրի» վրա (նմանատիպ դիտարկում 1976թ․ «Կապիտալիզմի մշակութային հակասությունները» աշխատությունում զարգացրել է նաև Դենիել Բելը)։
Փաշինյանի վերջին 6 տարիների քաղաքական հիմնական գիծը՝ «պատմական Հայաստանին իրական Հայաստանի հակադրումը», հարկ է դիտարկել հենց այս տեսանկյունից. ապամոնտաժելով ավանդական ինքնության շերտերը՝ Եկեղեցի, Հայոց ցեղասպանություն, Արցախ, Փաշինյանը փորձում է ձևավորել հայ ազգի նոր ինքնությունը, որը հիմնված կլինի բացառապես նյութական բարեկեցության վրա։ Սակայն ընտրությունների ավարտից մոտ 1 ամիս անց այս «պայմանագիրը» սկսում է ճաքեր տալ։
2024թ․ Հայաստան-Ռուսաստան ապրանքաշրջանառությունը կազմել էր 12,4 մլրդ դոլար՝ Հայաստանի ընդհանուր արտաքին առևտրի 40%-ից ավելին։ 2025-ին այն կրճատվել է մինչև 7,66 մլրդ դոլար, իսկ ԵԱՏՄ-ի հետ առևտուրը կազմել է ընդհանուր ապրանքաշրջանառության 38%-ը։ Հայաստանի արտահանման մոտ 38%-ը գնում է ԵԱՏՄ, որի հիմնական մասը՝ ՌԴ։
Հունիսի 3-ից սկսած՝ Ռուսաստանն արգելել է հայկական գրեթե բոլոր ապրանքատեսակների ներմուծումը՝ ինչպես ուղղակի, այնպես էլ տրանզիտով ԵԱՏՄ այլ երկրներ։ Արգելքն ընդգրկում է հիմնականում գյուղմթերք, ծաղիկներ (որոնք այսօր չնչին գներով վաճառվում են հայաստանյան խանութներում), ձկներ, ալկոհոլային խմիչքներ՝ ներառյալ կոնյակ, «Ջերմուկ» և այլն։
Ավելին, ՌԴ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ «խորհուրդ» են տվել ՀՀ-ին կողմնորոշվել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև՝ միաժամանակ «նախազգուշացնելով», որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում հավանական է էներգակիրների (առաջին հերթին՝ գազի) թանկացումը։ Այս ամենի համատեքստում հունիսի 19-ին ԵՄ կողմից Հայաստանին փոխանցված 34 մլն եվրոն՝ ռուսական պատժամիջոցների ազդեցության փոխհատուցման համար, համադրելի չէ ՌԴ չարտահանված ապրանքների ծավալների հետ, առավել ևս` գազի հնարավոր թանկացման պարագայում կանխատեսվող մի քանի մլրդ դոլարի հասնող տնտեսական վնասի հետ։ Իսկ դեպի ԵՄ, Սինգապուր և այլ երկրներ նոր արտահանման ուղիների փնտրտուքը, այդ շուկաներում ճանաչելիություն ձեռք բերելը երկարաժամկետ և չերաշխավորված գործընթաց է, որը որևէ կերպ չի կարող լուծել հավանական կարճաժամկետ և միջնաժամկետ խնդիրները։
ԵՄ սիմվոլիկ աջակցությունից բացի ՀՀ իշխանությունների հաջորդ «հույսը» TRIPP-ն էր, որը ներկայացվում էր որպես տրանսպորտային ենթակառուցվածքների և տնտեսական զարգացման հիմնական աղբյուր, սակայն ԱՄՆ-Իսրայել-Իրան պատերազմի արդյունքներով Իրանի տարածաշրջանային դերակատարման աճով պայմանավորված` TRIPP-ը կա´մ կհետաձգվի (լավատեսական սցենար), կա´մ առհասարակ չի իրականանա (հավանական սցենար):
ՀՀ-ՌԴ ներկայիս հարաբերությունները հաճախ համեմատվում են ՌԴ-Վրաստան 2008թ․ հարաբերությունների հետ։ Սակայն համեմատությունը տեղին չէ, քանի որ Վրաստանը Ռուսաստանից տնտեսապես կախված էր ընդամենը 7-9%-ով, իսկ 2008թ․ օգոստոսյան պատերազմից հետո Արևմուտքից ստացավ ուղղակի 4,5 մլրդ դոլարի աջակցություն: Բացի այդ, 2008թ. օգոստոսի դրությամբ արդեն գործում էին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը և Բաքու-Թբիլիս-Էրզրում գազատարը, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը կառուցման փուլում էր, իսկ երկիրը չէր գտնվում մասնակի շրջափակման պայմաններում (հարևանների հետ սահմանները բաց էին, կար ելք դեպի ծով): Առավել իրատեսական զուգահեռներ կարելի է անցկացնել Մոլդովայի հետ՝ 2009-2014թթ․: Գինու և գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ ռուսական արգելքները, զուգորդված ԵՄ կողմից ոչ բավարար ֆինանսական աջակցության հետ, ստեղծեցին տնտեսական անկայունության երկար շրջան, որից Մոլդովան մինչ օրս ամբողջությամբ չի վերականգնվել։
Այսպիսով, Փաշինյանը, ով հաղթեց հունիսի 7-ին նյութական բարեկեցության շարունակականության խոսույթի հիման վրա, Ռուսաստանի տնտեսական ճնշման և Արևմուտքի ոչ բավարար աջակցության պայմաններում, ստիպված է լինելու առաջարկել նոր «պայմանագիր» իր ընտրողին։
1․ Ստեղծել նոր հոգևոր և գաղափարական նարատիվ (դիմանալ հանուն «իրական ինքնիշխանության»)։ Բայց որպեսզի Փաշինյանի ընտրողը պատրաստ լինի դիմակայել տնտեսական ճգնաժամին, նրան պետք է որևէ ԱՐԺԵՔ, հանուն ինչի պետք է դիմակայել։ Սակայն հենց այդպիսի արժեքները Փաշինյանը վերջին 6 տարվա ընթացքում հետևողականորեն ապամոնտաժել է։
2․ Ընդունել, որ իր կողմից առաջարկված` նյութական բարեկեցության վրա հիմնված պայմանագիրն ավարտվել է` դրանով իսկ կորցնելով իր էլեկտորատը և հետևաբար՝ իշխանությունը (ինչին նա երբեք չի գնա)։
3․ Շարունակել գործել նույն տրամաբանությամբ ստեղծված իրավիճակում` զուգահեռաբար փորձելով գտնել նոր արտաքին խաղացողներ, ովքեր կփոխհատուցեն ռուսական ճնշման հետևանքով տնտեսական վնասները (աշխարհաքաղաքական ինչ-որ զիջումների դիմաց):
Հենց այս ընտրությունը հետաձգելու նպատակով էլ հունիսի 25-ին Փաշինյանը հայտարարեց՝ «Եթե չկա ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և ֆինանսների ազատ տեղաշարժ, ապա չկա նաև ԵԱՏՄ»։ Նման հայտարարությունը կա՛մ բացահայտ սպառնալիք է Ռուսաստանին (հնչեցված, ի դեպ, այնպիսի պայմաններում, որտեղ սպառնացողը սպառնալիքն իրականացնելու հնարավորություն չունի), կա՛մ քողարկված խնդրանք՝ չեղարկել «պատժամիջոցները» (բնականաբար, աշխարհաքաղաքական որևէ զիջման դիմաց, որի մասին հայ հանրությունը կտեղեկանա ավելի ուշ)։ Այսպիսի հայտարարությունները հնչեցվում են, երբ մյուս բոլոր տարբերակները սպառված են։
Հ․Գ․ 2025թ․ Հայաստանի ծիրանի ընդհանուր արտահանումը կազմել է 51,667 տոննա (որի 86%՝ Ռուսաստան), 2026թ․ հունիսի 1-25-ը՝ 1071 տոննա։ Զուգահեռ իրականության մեջ ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսը հունիսի 22-ին X-ի իր էջում հրապարակել էր լուսանկար` «Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանեց ԵՄ» վերտառությամբ (լուսանկարը` ստորև)»։

