‘
Ազգային ժողովում Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսօր Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաշվետվության վերաբերյալ իր ելույթում համեմատեց Կարեն Անդրեասյանի գործունեությունը նախորդի՝ Արմեն Հարությունյանի հետ: Ըստ Զուրաբյանի, Կարեն Անդրեասյանը շատ վատ ժառանգություն է ստացել Արմեն Հարությունյանից:
«Նախորդ օմբուդսմենն ամեն ինչ արեց, որ ՄԻՊ հաստատության նկատմամբ վստահությունը հիմնովին քայքայվի: Նա (նկատի ունի Ա.Հարությունյանին) մի կողմից փորձում էր ապացուցել, որ Սերժ Սարգսյանի ռեժիմի կողմից մարդու իրավունքների հիմնարար խախտումների դեմ փորձում է ինչ-որ չափով պայքարել, բայց մյուս կողմից այդ նույն խախտումները լեգիտիմացնողի դեր էր կատարում»,- ասաց Զուրաբյանը՝ հավելելով, որ միջազգային հանրության առաջ նա փորձում էր ռեժիմի ստերը լեգիտիմացնել ու մատուցել որպես ճշմարտություն:
«Նա մի կողմից իբրեւ չեզոք դիտորդ էր, փորձում էր իշխանության ու ընդդիմության միջեւ միջին գիծ տանել եւ դրա շնորհիվ ձեռք բերված հեղինակությունը փորձում էր օգտագործել ռեժիմի ստերը լեգիտիմացնելու համար: Դա էր պատճառը, որ ինչ-որ պահից ՀԱԿ-ը դադարեցրեց նրա հետ համագործակցությունը: Հիմա դուք՝ պարոն Անդրեասյան, փորձում եք վերադարձնել այդ վստահությունը»:
Լեւոն Զուրաբյանի խոսքերով, Անդրեասյանն այցելել է ՀԱԿ գրասենյակ, հանգամանալից ներկայացրել իր նոր մոտեցումները մարդու իրավունքների պաշտպանության մասին: Զուրաբյանի խոսքերով, օմբուդսմենն իր զեկույցներում տարբեր բնագավառներում մարդու իրավունքների խախտման լուրջ պատկեր է տվել:
«Ավելին, դուք անգամ լուրջ արձանագրումներ եք կատարել մարտի 1-ի գործի չբացահայտման շուրջ»,- ասաց Զուրաբյանը՝ հավելելով, որ այս ամենը քայլեր են, որոնք իսկապես ուղղված են վստահության ձեւավորմանը: Այս արձանագրումներից հետո, սակայն, Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ իրենք չեն վստահում օմբուդսմենին մեկ պարզ պատճառով:
«Մի կարեւորագույն հարցում դուք դեռ չեք ցույց տվել այն հիմքերը, որոնք մեզ թույլ կտային իսկապես ձեւավորել վստահություն: Այդ հարցը ՀՀ-ում քաղաքական բանտարկյալների առկայության հարցն է: Ոչ 2011թ, ոչ 2012թ. զեկույցներում դուք չեք անդրադարձել այդ իրողությանը»:
Լ.Զուրաբյանը նաեւ շեշտեց. «Ընդ որում, 2011թ. մենք շատ լուրջ խնդիր ունեինք. եւ ՀԱԿ-ի, եւ միջազգային հանրության, եւ իրավապաշտպան կազմակերպությունների կողմից ճանաչված 9 քաղբանտարկյալ կային: Դուք նրանց գործերին չեք անդրադարձել: Դրանք մարդիկ էին, որոնք իրենց քաղաքական հայացքների պատճառով, սահմանադրական իրավունքներն ու ազատությունները իրականացնելու պատճառով հալածվել են ռեժիմի կողմից, նետվել բանտ»:
Զուրաբյանն ասաց, որ հիմա էլ Կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանն է շինծու մեղադրանքով բանտում, եւ օմբուդսմենը չի անդրադարձել նաեւ այս փաստին:
«Իհարկե, դուք կարող եք կրկնել ձեր նախորդի դեմագոգիան, որ քաղբանտարկյալ տերմին գոյություն չունի, իրավական կատեգորիա չէ, եւ չգիտեք՝ ինչ չափանիշներով անդրադառնաք այդ գաղափարին: Բայց այստեղ Ձեզ օգնության է եկել ԵԽԽՎ-ն, որը վերջերս բանաձեւ է ընդունել, որտեղ հստակ նշված է, թե ինչ է նշանակում քաղբանտարկյալ, սահմանված է 5 հստակ չափանիշ»,- ասաց Զուրաբյանը:
Լեւոն Զուրաբյանի խոսքով, Կարեն Անդրեասյանը կարող է ՀԱԿ-ի վստահությունը շահել մի դեպքում՝ եթե պաշտպանի իշխանության հակառակորդների մարդու իրավունքները, ժողովրդավարական ազատությունները: Այդ դեպքում, ըստ նրա, ի դեմս Կոնգրեսի, ՄԻՊ-ը կունենա շատ հուսալի մի գործընկերոջ: «Հակառակ դեպքում դուք կշարունակեք մնալ ռեժիմի շահերը սպասարկող գործիք»,- եզրափակեց Զուրաբյանը:
‘