‘Լևոն Զուրաբյան. Անընդունելի ու հանցավոր գործարք՝ կնքված հայ ժողովրդի թիկունքում ‘

1314

«Այս քառօրյայի ընթացքում նվազագույն աշխատավարձը 2500 դրամով բարձրացնելու մասին օրենքի նախագծին մենք դեմ քվեարկեցինք՝ անվանելով այն ծաղր և կոչ անելով քննարկման բերել մեր կողմից շրջանառության մեջ դրված օրենքի նախագիծը, որը հնարավորություն կտար, տնտեսական բոլոր հիմնավորումներով, նվազագույն աշխատավարձը դարձնել 72500 դրամ: Նշականակալի էր, որ նման բարձրացումը ոչ միայն չէր վնասի բյուջեն, այլև ֆինանսական հոսք կապահովեր դեպի բյուջե»: Ilur.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ այդ մասին այսօր, հոկտեմբերի 26-ին, ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում ասաց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Լևոն Զուրաբյանը նշանակալի համարեց նաև խմբակցության կողմից բացահայտված գազի գնի բարձրացման շուրջ ծավալված գաղտնի գործարքը: Ըստ նրա՝ արդեն իսկ հայտնի է գազի գնի բարձարցման փաստը, որը գաղտնի պահելու նպատակով իշխանությունը 63մլդ դրամով վաճառելու է «ՀայՌուսԳազԱրդ» ընկերության Հայաստանի բաժնեմասի 20%-ը, ինչը գազի գնի տարբերությունը կփակի մինչև ապրիլի 1-ը:

«Դա արվում է միայն նրա համար, որպեսզի մինչև նախագահական ընտրությունները չբացահայտվի գազի գնի թանկացման փաստը: Մենք սա համարում ենք անընդունելի ու հանցավոր գործարք, որը կնքվել է հայ ժողովրդի թիկունքում»,- ասաց Լևոն Զուրաբյանը՝ նշելով, որ 20%-ը վերջին փաթեթն էր, որն ուներ Հայաստանը «ՀայՌուսԳազԱրդ» ընկերությունում, իսկ այդ բաժնեմասը տալիս էր լրջագույն վերահսկողական առավելություններ:
Ըստ Լևոն Զուրաբյանի՝ այս հանցվոր գործարքը կատարվել է քաղաքական նկատառումներով՝ զսպելու համար նախընտրական ցնցումները: Իսկ երբ ընտրություններից հետո գազի գինը բարձրանա, պարզ կդառնա, թե այդ փաստը ինչ ծանր հետևանք պիտի ունենա բնակչության և արտադրության համար», — եզրափակեց Լևոն Զուրաբյանը:

Նախորդ հոդվածը‘Մխիթարյանը լավագույնն է Չեմպիոնների լիգայի երեք խաղերից հետո’
Հաջորդ հոդվածը‘Password, 123456, 12345678՝ անապահով գաղտնաբառերի առաջատարներն են (ամբողջ ցանկը) ‘