‘Լևոն Զուրաբյան. Անկարգությունների համար պատասխանատու են Սերժ Սարգսյանը և նրա ռեժիմը (տեսանյութ)’

1059

Երևանում անկարգությունների համար պատասխանատու են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և նրա ռեժիմը, այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նրա խոսքով, ՀՀ իշխանությունները հասարակությանն անելանելի վիճակի մեջ են գցել, ինչի պատճառով լարվածությունը մարդկանց շրջանում մեծացել է և գագաթնակետին հասել: «Միանգամայն տրամաբանական է, որ մարդիկ հիմա արմատական միջոցների են դիմում և նույնիսկ օրենքներ խախտում. նրանք փակուղում են և փորձում են ելք գտնել»,- ընդգծել է նա: Ըստ որում, քաղաքական գործիչը հավելել է, որ լուրջ մտավախություններ ուներ, որ իշխանությունն այդ միջադեպը կօգտագործի քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ ճնշումների համար:

Զուրաբյանը նաև ընդգծել է, որ ՀԱԿ-ն առայժմ չի պատրաստվում ստեղծված իրավիճակն օգտագործել ինչ-որ գործողությունների համար: «Սարգսյանի ռեժիմն անդունդի եզրին է, մենք ձեռքը զարկերակին ենք պահում և կօգտագործենք երկրում փոփոխությունների համար ամենահարմար պահը»,- հայտարարել է Զուրաբյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին, ժամը 17:30-ին մոտ Շանթ Հարությունյանի «Անոնիմուսի» երթի մասնակիցները հանդիպել են ոստիկանական շղթայի, ինչից հետո տեղի է ունեցել ընդհարում: Ընդհարման հետեւանքով շուրջ երկու տասնյակ մարդ վնասվածքներ է ստացել, 38 հոգի բերման են ենթարկվել: Ավելի ուշ բերման ենթարկվածներից 20-ը  ձերբակալվել են, այդ թվում` Շանթ Հարությունյանը: 

Նախորդ հոդվածը‘ԱԽՔ. Հայաստանը հայտնվել է հետաքրքիր իրադրությունում’
Հաջորդ հոդվածը‘Հրիստեա. Համագործակցության որոշ ուղղություններ դարձան պակաս արդիական’