‘Լևոն Զուրաբյան. Առաջին անգամ լրջագույն ապացույցներ են բերված այս իշխանության չարաշահումների մասին (տեսանյութ)’

2345

Այսօր Հայաստանում տեղի է ունեցել մի ահավոր բացահայտում, այնպիսի բացահայտում, որի պատճառով որևէ եվրոպական երկրում մի ամբողջ կառավարություն հրաժարական կտար, կարող է արտահերթ ընտրություններ էլ նշանակվեին, որովհետև պարզվել է, որ երկրի վարչապետը՝ Տիգրան Սարգսյանը, խաբելով ընտրողներին, խաբելով հանրությանը, իրականում խախտելով օրենքները, Կիպրոսի օֆշորային գոտում հիմնել է մի ընկերություն, որի մասին ոչինչ մենք չենք իմացել: Այսօր գլխավոր դատախազության դիմաց ի պաշտպանություն Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ այս մասին հայտարարել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը: Նա հենց սրանով է բացատրում այն հանգամանքը, որ այսօր իշխանական լրատվամիջոցները «ինքնամոռաց, անձնուրաց կերպով լծվել են Լիսկայի պախարակման գործին»:

Նա ներկայացրել է «Հետք» էլեկտրոնային պարբերականի հրապարակման մանրամասներն ու ընդգծել, որ եթե բերված տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ապա մենք ունենք ոչ թե վարչապետ, այլ հանցագործ, որը իշխանական դիրքը, պետական իշխանության լծակները օգտագործում է սեփական հարստացման նպատակով:

«Ունենք մի կուսակցություն՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, որը խաբել է ընտրողներին, որը հանցավոր միջոցներով կուտակել է հարստություններ և շարունակում է կառավարել այս երկիրը: Ասենք՝ դեռ ստուգելու հարցեր կան, բայց բերված են շատ լուրջ հիմքեր՝ այս պատմության մեջ ներգրավված մարդկանց վկայություններ, «Ամերիա» բանկից այլ օֆշորային գոտի կատարված փոխանցումներ և հակառակ ուղղությամբ կատարված փոխանցումներ, և կա պաշտոնական փաստաթուղթ Կիպրոսի ռեգիստրից: Առաջին անգամ լրջագույն ապացույցներ են բերված այս իշխանության չարաշահումների մասին: Սրան պետք է հետևեր ամբողջ մեր լրատվական միջոցների հետաքրքրությունը, ամբողջ օրը սրա մասին պետք է խոսեին»,- ասել է Լ. Զուրաբյանը՝ ավելացնելով, որ Հայաստանում լրատվական դաշտի 95 տոկոսը գտնվում է Սերժ Սարգսյանի, Տիգրան Սարգսյանի և «նրանց առնչակից հանցագործների ձեռքում»։

Ինչ վերաբերում է Հայ ազգային կոնգրեսի՝ ազատազրկման դատապարտված չորս ակտիվիստների գործին, ապա Զուրաբյանը հայտարարել է, թե իրենք ամեն ինչ անելու են, որ Տիգրան Առաքելյանը՝ իր գաղափարների համար պայքարողն ազատվի, կրթություն ստանա, իսկ հետո էլ ինքը և իր նման մարդիկ կառավարեն այս պետությունը՝ հիմնվելով իրենց ազնվության, պետական մտածելակերպի վրա: «Իսկ այն մարդիկ, որոնք բացարձակապես որևէ պետական մտածելակերպ չունեն, որոնք զբաղված են գողությամբ, կողոպուտով, բռնաբարությամբ, բայց գրավել են իշխանության պաշտոնները, նրանք նստեն բանտ»,- եզրափակելով իր ելույթը՝ ասել է Լ. Զուրաբյանը:

Բողոքի ակցիայի ժամանակ ելույթ է ունեցել նաև նախկին քաղբանտարկյալ Վարդան Մալխասյանը: Նա ասել է, որ սա ոչ թե օրենքի պետություն է, այլ չարիքի, անարդարության միապետություն:

«Որպես նախկին քաղբանտարկյալ՝ մինչև իմ վերջին շունչը պայքարելու եմ, որ մեր երկիրը դառնա օրենքի գերակայության, արդարության երկիր: Բանտից դուրս գալուց հետո առաջին նախադասույթունը ասացի՝ պարիսպներով բանտից դուրս եկա առանց պարիսպների բանտ, որը տասնապատիկ ավելի սարսափելի է, որովհետև սա հոգու աղքատության բանտ է, սա հայ մարդուն նսեմացնելու բանտ է: Այս իշխանությունները Լիսկայի նմանների վրա են կառուցել իրենց հանցավոր բուրգը»,- նշել է նա:

Մալխասյանը հայտարարել է, որ Տիգրան Առաքելյանին «չարագործ ռեժիմը բանտարկել է», մինչդեռ 4-5 անգամվա դատվածություն ունեցող Սյունիքի մարզպետն ազատության մեջ է:

Նախորդ հոդվածը‘Անպատասխան հարցեր` Սյունիքի մարզպետարանի տեքստի առնչությամբ’
Հաջորդ հոդվածը‘Նախկին ոստիկանը` սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար’