‘Լևոն Զուրաբյան. Եթե ուզում են անցկացնել նորմալ ընտրություններ, թող ընդունեն այս փոփոխությունները’

893

 «Մենք խոսել ենք բոլոր խմբակցությունների հետ, «Բարգավաճ Հայաստանը», «Դաշնակցությունը», «Ազատ դեմոկրատները» համաձայնել են միանալ մեր նախաձեռնությանը, «Ժառանգությունից» պատասխանի ենք սպասում»: Այս մասին iLur.am-ի հետ զրույզում ասաց Հայ ազգային կոնգրեսի համակարգող, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Հիշեցնենք, որ «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունն առաջարկում է նոյեմբերի 21-ին, ժամը 12.00-ին, գումարել արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկվելու են ՀՀ Ընտրական օրենսգրքում, Բնակչության պետական ռեգիստրում, ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցերը:

Զուրաբյանը համոզված է, որ նիստը տեղի կունենա, քանի որ իրենք 44 ստորագրությունից ավելի կհավաքեն, սակայն վստահ է, որ հանրապետականներն ամեն ինչ անելու են, որ քվորում չկայանա, և տապալեն նիստը, քանի որ պատրաստ չեն նման քննարկման, չեն ուզում, որ Հայաստանում անցկացվեն ազատ, արդար և մաքուր ընտրություններ, և խուսափում են որևէ քննարկումից այդ ուղղությամբ: Հետաքրքրվեցինք, թե այդ դեպքում ո՞րն է արտահերթ նիստ անցկացնելու նպատակը:

«Դրանով իրենք կցուցադրեն, որ դիմադրում են ամբողջ հասարակության, բոլոր ընդդիմադիր ուժերի պահանջին: Այսինքն, եթե իրենք ուզում են անցկացնել, ինչպես դրա մասին արտահայտվում են, նորմալ ընտրություններ, ուրեմն՝ թող ընդունեն այս փոփոխությունները, որոնցով այդ ընտրակեղծիքների համար բազում ճանապարհներ կփակվեն, բայց եթե իրենք գնում են փոփոխությունների տապալման ճանապարհով, անգամ չեն ուզում, որ դա քննարկվի, դա նշանակում է, որ իրենք վախենում են անգամ այս հարցի հանրային քննարկումից»,- նշեց Զուրաբյանը:

Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է, որ հետագայում այս խմբակցություններն այլ հարցերի շուրջ ևս համագործակցեն, Զուրաբյանը պատասխանեց՝ ոչինչ չի կարելի բացառել: 

Նախորդ հոդվածը‘«Հարավային հոսք» գազատարի արժեքը կգերազանցի 20 միլիարդ դոլարը’
Հաջորդ հոդվածը‘«Չենք լռելու»-ի տեսանյութի զինվորին Մոսկվայում բուժելու ծախսերը ստանձնել է ՊՆ-ն’