‘Լևոն Զուրաբյան. Կուտակային հիմնադրամները կսպասարկեն ներմուծող օլիգարխիայի շահերը (տեսանյութ)’

961

«Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության ղեկավար, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հայտարարություն է տարածել, որում ներկայացնում է ՀԱԿ դիրքորոշումը կուտակային հիմնադրամների ստեղծման ծրագրի վերաբերյալ: Զուրաբյանը նշում է, որ նման ինստիտուտի ներմուծումը գործող քաղաքական եւ տնտեսական համակարգում նոր հնարավորություններ կբացի Հայաստանի այսօրվա իշխանավորների հարստացման եւ ժողովրդի ունեզրկման համար: Լևոն Զուրաբյանի հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ. 

«Ես ցանկանում եմ պարզաբանել Հայ ազգային կոնգրեսի դիրքորոշումը կուտակային հիմնադրամների ստեղծման կառավարության այս ծրագրի վերաբերյալ: 

Մենք, իհարկե, հասկանում ենք, ինչ կարեւոր նշանակություն ունի տնտեսության ակտիվացման համար կապիտալի շուկայի զարգացումը: Բնականաբար, կարեւորում ենք նաեւ այնպիսի ֆինանսական գործիքների ստեղծումը, որոնք նպաստում են երկրի տնտեսության մեջ երկար փողերի առաջացմանը: Այդ առումով մասնավոր կուտակային հիմնադրամների ստեղծումը, անկախ լիցենզավորված կառավարիչների ինստիտուտի  ներմուծումը եւ խնայողությունների խրախուսումը պետության կողմից միանշանակորեն համապատասխանում են առաջատար երկրների փորձին, ինչպես նաեւ որոշ պայմաններում կարող են հիմք դառնալ երկրի թռիչքային զարգացման համար, ինչպես դա, օրինակ, եղավ Չիլիում:

Մեր վերապահումները վերաբերում են բացարձակապես այլ խնդրի: Այս համակարգը ներմուծվելու է ոչ թե ինչ-որ վերացական մի տնտեսության մեջ, այլ այսօրվա Հայաստանում գործող շատ կոնկրետ, արատավոր եւ անառողջ տնտեսական եւ քաղաքական համակարգի մեջ: Հայաստանը այսօր կառավարում են մի քանի մարդ, ովքեր կուտակել են իշխանությունը, սեփականությունը եւ կապիտալն իրենց ձեռքերում: Նրանք կենտրոնացրել են իրենց ձեռքերում ապօրինի մենաշնորհները, խեղդել են որեւէ առողջ տնտեսական մրցակցություն, կառուցել են Հայաստանի գոյատեւման մի տնտեսական մոդել, որը պտտվում է մի քանի ներմուծող օլիգարխների շուրջ՝ ապահովելով նրանց գերշահույթները: Այսօրվա գործող քաղաքական եւ տնտեսական համակարգում, ի խախտումն Սահմանադրության, Հայաստանի կառավարիչները զբաղվում են ապօրինի արտոնությունների վրա հիմնված գործարարությամբ: Իշխանությունը եւ սեփականությունը դարձել են հավասարազոր հասկացություններ, բիզնեսը եւ սեփականությունը կենտրոնանում են մի քանի իշխանավորների ձեռքում:

Կուտակային հիմնադրամների ինստիտուտի ներմուծումը նման միջավայրում կլուծի միայն մեկ խնդիր. այն կբացի նոր հնարավորություններ Հայաստանի այսօրվա իշխանավորների հարստացման եւ ժողովրդի ունեզրկման համար: Կուտակային հիմնադրամների կառավարման բիզնեսի մեջ կմտնեն միայն այն մարդիկ, ովքեր՝ 1/ ունեն հսկայական ֆինանսական հնարավորություններ, եւ 2/ ովքեր հովանավորվում են Սերժ եւ Տիգրան Սարգսյանների կողմից: Մրցակցության բացակայությունը թույլ չի տա քաղաքացիներին ընտրել իրենց միջոցների կառավարման համար ամենաարդյունավետ հիմնադրամային կառավարիչների, որովհետեւ այդպիսիք ուղղակի չեն կայանա այսօրվա մենաշնորհային միջավայրում: Եթե չլինի մրցակցություն, կուտակային ավանդներից առաջացած հիմնադրամները կկառավարվեն ծայրաստիճան անարդյունավետ, լավագույն դեպքում կսպասարկեն ներմուծող օլիգարխիայի շահերը, կամ, ինչն ավելի հավանական է, ուղղակի  կյուրացվեն հիմնադրամների կառավարիչների կողմից: Բնակչությունից վերցված հսկայական միջոցներն այսպիսով կընկնեն Սերժ Սարգսյանի հովանավորությունը վայելող ֆինանսական երիտօլիգարխների՝ Միքայել Մինասյանի, Տիգրան Սարգսյանի, Արմեն Գեւորգյանի եւ այլոց ձեռքը, եւ ամբողջ այս ծրագիրը կդառնա պարզապես ժողովրդին թալանելու եւ գործող ռեժիմը վերարտադրելու եւս մեկ միջոց: 

Նման պայմաններում, հաշվի առնելով, որ ՀՆԱ մոտ 80 տոկոսը կազմում է սպառումը, կուտակային հիմնադրամների ստեղծման հետ կապված հարկերը ոչ թե կդառնան կապիտալի շուկայի, հետեւաբար եւ տնտեսության զարգացման խթանիչ, այլ լրացուցիչ բեռ մեր առանց այդ էլ աղքատացած  ժողովրդի եւ սնանկացած մանր եւ միջին բիզնեսի համար: Արդյունքում՝ լավ գաղափարները կվարկաբեկվեն եւ միայն կբարդացնեն ապագայում նման բարեփոխումների անցկացումը իսկական բարեփոխիչների կողմից: 

Այս իշխանությունները սխալ տեղից են սկսում Հայաստանի տնտեսության բարեփոխումը: Նույն այս առաջարկած օրենքների ընդունումը կարող է դրական արդյունքներ տալ եւ խթանել մեր տնտեսության զարգացումը, եթե նախեւառաջ քանդվի գործող մենաշնորհային համակարգը: Երբ Հայաստանում երաշխավորված լինի ազատ եւ արդար տնտեսական մրցակցությունը, այդ պայմաններում նոր միայն հնարավոր կլինի ներդնել կուտակային հմինադրամների ստեղծման առաջարկված ծրագիրը: 

«Հայ ազգային կոնգրեսը» դեմ է քվեարկելու օրինագծին, քանի որ համարում է, որ դրա ընդունմանը պետք է նախորդեն տնտեսության ապամենաշնորհեցման եւ բիզնեսը իշխանությունից տարանջատելու գործընթացները: Տնտեսության զարգացման ապահովման այդ ուղղությունը Հայ զգային կոնգրեսը համարել է եւ համարում է առաջնային»:

Նախորդ հոդվածը‘Տիգրան Դավթյան. Արտագաղթի խնդրի լուծման լավագույն ձևը տնտեսության զարգացումն է ‘
Հաջորդ հոդվածը‘Հայ-ադրբեջանական ֆորումն արդարացված կլիներ, եթե օրակարգում դրվեր Սաֆարովին դատապարտելու հարցը ‘