‘
«Չորրորդ իշխանություն» թերթի զրուցակիցն է ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը (iLur.am — Հարցազրույցը տեղի է ունեցել Արամ Մանուկյանի վրա հարձակումից առաջ)
— Պարոն Զուրաբյան, օրերս ծեծի են ենթարկվել Ղարաբաղյան պատերազմի հրամանատարներ Ռազմիկ Պետրոսյանը, Մանվել Եղիազարյանն ու Սուրեն Սարգսյանը: Ըստ շրջանառվող լուրերի՝ այս միջադեպի հետևում կանգնած է անձամբ փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանը: Ավելին, նա իր հարցազրույցում այս մասին խոսելիս ասել է, թե իր ներկայությամբ Սերժ Սարգսյանին ով էլ որևէ բան ասի, ականջները կկտրի: Կխնդրեի ձեր գնահատականը կատարվածին:
— Նախ՝ խնդրում եմ ձեզ և բոլոր լրատվամիջոցներին մեր հերոս ազատամարտիկների մասին խոսելիս բառապաշարից հանել «ծեծի ենթարկել», «ծեծի ենթարկվել» բառերը: Շակալները չեն ծեծում, այլ ընդամենը հարձակվում են: Տեղի է ունեցել ազատամարտիկների վրա ավազակապետական ռեժիմին սպասարկող մի ավազակային խմբի հարձակում՝ ազատամարտիկների և, ընդհանրապես, ըմբոստացող ժողովրդական շարժման ոգին կոտրելու նպատակով: Այո, բռնապետները հենց այդքան պրիմիտիվ են, և բոլորն ունեն նույն ձեռագիրը: Իրենց բնավորությունն այլոց վերագրելով՝ նրանք կարծում են, թե նման ստոր քայլերով խեղդելու են ժողովրդի ընդվզումը, և ինչպես միշտ՝ նրանք սխալվում են, որովհետև նման քայլերը միշտ, ֆիզիկայի օրենքների ճշգրտությամբ, առաջացրել են հակառակ արդյունք՝ է՛լ ավելի խորացնելով ժողովրդի ատելությունը ռեժիմի նկատմամբ: Ո՞ւմ վրա եք ձեռք բարձրացնում, ա՛յ շակալներ: Ռազմիկ Պետրոսյանին կամ Մանվել Եղիազարյանին կամ Սուրեն Սարգսյանին ոչ ոք չի զորակոչել և ուղարկել Ղարաբաղ: Նրանք, պետությունից էլ առաջ ընկնելով, կամովին մեկնել են ռազմաճակատ՝ կազմակերպելու Ղարաբաղի պաշտպանության գործը, արյուն թափել՝ հայ ժողովրդի և մեր պետության համար: Նման մարդկանց վրա ձեռք բարձրացնելու՝ ռեժիմի պատրաստակամությունը խորհրդանշում է ռեժիմի վերջնական բարոյական դեգրադացիան:
— Անդրադառնանք Եռյակի գործունեությանը. գո՞հ եք դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության օրվա առթիվ Եռյակի անցկացրած երթից:
— Մարդու իրավունքների երթն առաջին հերթին մարդու արժանապատվության երթ է: 2008թ. ի վեր ամեն տարի մարդու իրավունքների երթն ավելի բազմամարդ է եղել ու ընդգրկել հանրության ավելի ու ավելի լայն շերտեր: Այս դինամիկայի առումով 2014թ. երթը բացառություն չդարձավ: Magna Carta-ից սկսած, այսինքն՝ այն պահից ի վեր, երբ 1215թ. անգլիայի Ջոն թագավորի և ապստամբ բարոնների միջև ստորագրվեց իրավունքների առաջին համաձայնագիրը, ժողովրդավարական ազատություններն ու մարդու իրավունքները նվաճվում են միայն բռնապետական իշխանության վրա ժողովրդական ճնշումով: Այնպես որ, որքան հզորանա մարդու իրավունքների համար պայքարող շարժումը, այնքան ժողովրդավարական կդառնա մեր պետությունը:
— Այնուհանդերձ, Եռյակը հրապարակային միջոցառումների՝ հանրահավաքների առումով պասիվացրել է գործունեությունը: Մինչդեռ, նախկինում ականատես ենք եղել, որ իշխանությունները զիջումների են գնում միայն նման ճնշումների դեպքում: Հիմա մտավախություն չունե՞ք, որ հրապարակային միջոցառումներ չանցկացնելով և այսպես ճնշումները թուլացնելով՝ իշխանություններին ժամանակ եք տալիս:
— Իշխանություններն, իսկապես, այնքան պրիմիտիվ են, որ հանրահավաքային գործունեության փոքր իսկ ընդմիջումը մեկնաբանում են որպես նահանջ և անցնում են հակագրոհի: Նրանց այս պրիմիտիվ մտածողության ամենաակնառու ապացույցը հենց ազատամարտիկների վրա կատարված հարձակումներն են, ինչը, արդեն ասացի, հակառակ էֆեկտ է տալու: Վստահ եմ, որ մարտավարության վերաբերյալ ձեզ հայտնի տարաձայնությունները շատ արագ հաղթահարվելու են, և այսօր շարժումն առաջնորդող քաղաքական ուժերը զբաղված են ամբողջական իշխանափոխությանն ուղղված զանգվածային հանրային միջոցառումների ծրագրի մշակումով: Շատ ժամանակ չկա. երկիրը բառիս բուն իմաստով գնում է դեպի անդունդ: Ուստի, վստահ եմ, որ շատ շուտով ժողովրդի հետ միասին անցնելու ենք վճռական գործողությունների:
— Վերջին շաբաթներին դրամի արժեզրկման հետևանքով գնաճը, ձեր կարծիքով, ինչպե՞ս կանդրադառնա հասարակական տրամադրությունների վրա: Արդյո՞ք սոցիալական իրավիճակի վատթարացումը կհանգեցնի բողոքի է՛լ ավելի մեծ ալիքի առաջացման:
— Հայ ազգային կոնգրեսը բազմիցս անդրադարձել է այս թեմային. Հայաստանի ներկայիս իշխանություններն անում են ամեն ինչ, որ դրամավարկային քաղաքականությունը սպասարկի ապօրինի կերպով մենաշնորհային կարգավիճակ ստացած ներկրող պաշտոնյա օլիգարխների շահերը: Նրանք խոսում են իբր «լողացող կուրսի» քաղաքականության մասին, բայց իրականության մեջ այդ քաղաքականությունը վերածվում է հետևյալի. քիչ թե շատ կայուն վիճակում ԿԲ-ն կամ ընդհանրապես չի միջամտում, կամ միջամտում է՝ կատարելով դրամի արժևորմանն ուղղված դոլարային ինտերվենցիաներ: Օրինակ, այս տարվա փետրվար-մարտին կատարվել է 127 մլն դոլարի ֆինանսական ինտերվենցիա՝ դրամն արժևորելու նպատակով: Սա դրամն արհեստականորեն ուժեղ է պահում: Բայց գոյություն ունի դրամի երկարաժամկետ արժեզրկման բնական մի տեմպ, որը հանգիստ կարելի է հաշվարկել՝ նկատի ունենալով չորս գլխավոր գործոն. 1) տնտեսական աճը, 2) երկրի արտաքին առևտրի սալդոն, 3) տրանսֆերտների ծավալը, 4) օտարերկրյա ուղղակի ներդրումները: Եթե դրամն արհեստականորեն արժևորվում է՝ շեղվելով բնական արժեզրկման այդ տեմպից, բնականաբար, սա լարում է ֆինանսական զսպանակը, որն էլ ինչ-որ պահի արձակվում, ու տեղի է ունենում դրամի փլուզում: Եվ արդեն անգամ մեծ դոլարային ինտերվենցիաների միջոցով չի հաջողվում այն կասեցնել: Իսկ եթե անգամ հաջողվում է, արվում է պահուսների միջոցների մեծածավալ կորստի գնով, ինչը ԿԲ-ի կողմից արվում է հիմա: Նման քաղաքականությունը «լողացող կուրսի» քաղաքականության հետ որևէ առնչություն չունի: 2009թ. մարտի 1-ից, երբ դոլարը 307 դրամ էր, վեց տարվա ընթացքում դրամն արժեզրկվել է մոտ 33 տոկոսով (այսօրվա փոխարժեքով 1 դոլարը 457 դրամ է): Այսինքն՝ դրամի երկարաժամկետ արժեզրկման բնական տեմպը եղել է մոտ 4-5 տոկոս: Այս ողջ ընթացքում իշխանությունները, եթե զբաղված չլինեին ներկրողների շահերի սպասարկմամբ, կարող էին վարել իսկապես «լողացող կուրսի» քաղաքականություն կամ անգամ տարեկան 4-5 տոկոսով, դրամի սահուն և վերահսկելի արժեզրկման քաղաքականություն: Եթե այդպես վարվեին, նախ՝ Հայաստանում կխրախուսվեր արտահանումն ու արդյունաբերության զարգացումը, քանի որ արդյունաբերող և արտահանող ձեռնարկատերերը կաշխատեին կանխատեսելի միջավայրում ու մրցունակ կլինեին համաշխարհային շուկայում: Բացի դրանից, ԿԲ պահուստները ոչ թե կմսխվեին, այլ ընդհակառակը՝ կաճեին, ինչն էլ թույլ կտար դրանք հեռու պահել նվազագույն վտանգավոր շեմից (միգուցե այսօր պահուստները հասնեին մի քանի միլիարդի) և ավելի ագրեսիվորեն դիմակայել վերջին շրջանում դրամի անկմանը: Այս քաղաքականության բացակայությունը նշանակում է, որ պետությունն այսօր պատանդ է ներկրող պաշտոնյա օլիգարխիայի ձեռքերում: Նրանք այսօր ստանում են գերշահույթներ և կշարունակեն պետությունն իրենց ձեռքում պատանդ պահել՝ ունեզրկելով ժողովրդին ու նրան մղելով արտագաղթի այնքան ժամանակ, քանի դեռ ժողովուրդը դուրս չի գա հրապարակ և չի ազատագրի պետությունը այդ ավազակախմբի ձեռքից: Քանի դեռ այս ամենը չի լինում, մեր հայրենի իշխանավորները ամեն օր իրենց գրպան դնում են ժողովրդից գողացված միլիարդներ, թեկուզ և՝ Հայաստանն անդունդ գլորելու հաշվին: Այս պատկերի մեջ միակ դրական զարգացումը կարող է լինել այն, որ ծայրահեղ մենաշնորհացման այս վիճակում տեղի ունեցող հսկայական գնաճը և թանկացումներն ի վերջո կառաջացնեն ամբողջ ժողովրդի պոռթկումը, ինչն էլ, իսկապես, կարող է նպաստել շարժման հանրահավաքային ալիքի զանգվածայնությանն ու հաղթանակին:
— Բայց կառավարության այսօրվա նիստում տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահը հայտարարել է, թե գնաճը փոխարժեքին համահունչ է:
— Իշխանությունները ստում են. իրականում գնաճը համահունչ է ոչ այնքան դրամի արժեզրկմանը, որքան՝ Հայաստանի տնտեսության ծայրահեղ մենաշնորհացման վիճակին: Գնաճն ահագնացնող մեկ այլ գործոն է ֆինանսական շուկայի ստեղծված անկայուն վիճակն ու դրա հետ կապված խուճապային տրամադրությունները, ինչն էլ սեփական բիզնեսն ապահովագրելու համար վաճառողներին ստիպում է շատ ավելի բարձր գին դնել սպառման ապրանքների վրա, քան թելադրում է շուկայում ստեղծված իրավիճակը:
— Եկեք հստակեցնենք՝ իշխանությունները պնդում են, որ դրամի արժեզրկումը բացառապես արտաքին գործընթացների հետևանք է: ՀԱԿ-ը, ընդհակառակը, վստահեցնում է, որ դրամի արժեզրկումն իշխանությունների սխալ քաղաքականության հետևանք է:
— Իհարկե, արտաքին ֆինանսական շուկաներում տեղի ունեցող վայրիվերումների հետ կապված ճնշումներ կան: Բայց ԿԲ պահուստը ստեղծվում է հենց այն նպատակով, որ երկրի ֆինանսական շուկան դիմանա արտաքին ճնշումներին, կայուն պահի դրամի փոխարժեքը և զսպի գնաճը: Բայց ինչպես համոզվեցիք, ԿԲ պահուստների այսօրվա խղճուկ վիճակը, որը թույլ չի տալիս նրան կայունացնել իրավիճակը, կապված է հենց իրենց վարած դրամավարկային քաղաքականության հետևանքով պահուստների մսխման հետ:
‘