‘Լևոն Զուրաբյան. Չի կարելի նեղանալ էվոլյուցիոն զարգացման ավելի ցածր աստիճանի գտնվող էակներից ‘

1308

Օրերս ՀՀԿ-ական պատգամավորներ Հովհաննես Սահակյանը, Գալուստ Սահակյանն ու Էդուարդ Շարմազանովը անձնական վիրավորանք էին հնչեցրել Լևոն Զուրաբյանի հասցեին, այն բանից հետո, երբ վերջինս ասել էր, որ եթե 2013 թվականին ընտրություններում նախագահ ընտրվի Սերժ Սարգսյանը, ապա քաղաքական դաշտը կամայանա:

«Իմ ականջին հասել է, որ այդ պատգամավորներն անգամ անձնական վիրավորանքներ են հնչեցրել: Ասեմ, որ հարցը միայն այդ հայտարարության մեջ չէ, հարցը կոմպլեքս է և վերաբերում է բոլոր այն բացահայտումներին, որոնք մենք արեցինք, զգում եմ, որ լարվածությունն աճում է: Բանն այն է, որ մենք խոսում ենք փաստարկներով, իսկ նրանք ոչինչ չունեն հակադրելու և բնականաբար անցել են անձնական վիրավորանքների: Անձնական վիրավորանքները բացարձակապես ինձ չեմ մտահոգում: Արտահայտվեմ  պատկերավոր. եթե պոռնիկը բարոյական մարդուն անվանում է պոռնիկ, դրանից ոչինչ չի փոխվում, քանի որ բարոյականը մնում է բարոյական, իսկ պոռնիկն ավելի է բացահայտում իր էությունը: Չի կարելի նեղանալ հաչոցից և էվոլյուցիոն զարգացման ավելի ցածր աստիճանի գտնվող էակներից»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Ըստ Զուրաբյանի՝ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության կողմից ԱԺ-ում փոխվել է մթնոլորտը, քանի որ ՀԱԿ-ը, ունենալով ընդամենը 7 պատգամավոր, կարողանում է 70 պատգամավորի մղել անկյուն՝ ներկայացնելով այնպիսի բացահայտումներ, որոնք չեն ունենում հակափաստարկներ: «Կշարունակենք մեր բացահայտումները՝ անգամ լինելով իշխանության քարոզչամեքենայի և նրա սպասարկող լրատվամիջոցների կրակի տակ: Մենք գիտենք՝ ինչ է նշանակում պայքար ավազակապետական ռեժիմի դեմ՝ հասկանալով, որ կկիրառվեն բոլոր մեթոդները, սակայն կա մի տարբերություն՝ նրանց ձեռքերը կեղտի մեջ են, իսկ մերը՝ մաքուր»,- շեշտեց Լևոն Զուրաբյանը:

Նրա խոսքով՝ նախագահական ընտրությունների համատեքստում ևս ՀԱԿ-ի ջանքերը ուղղված են միայն մեկ հարցի լուծմանը. օգտագործել նախագահական ընտրությունների համախմբման էֆեկտը իշխող ռեժիմին հարված հասցնելու համար և ազատել հայ ժողովրդին կողոպտիչներից:

Նախորդ հոդվածը‘8 գովազդային հոլովակներ, որոնք «ապշեցրել են» բրիտանացիներին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Աֆղանստանում իրականացված ահաբեկչությունը շուրջ 40 մարդու կյանք է խլել’