Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Ֆեյսբուքում գրել է.
«Տեր-Պետրոսյանը վերջերս մեղադրեց Փաշինյանին իր խաղաղության թեզերը կործանելու և «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությամբ կործանարար պատերազմ հրահրելու մեջ:
Ի պատասխան նիկոլական պրոպագանդան, իմ դեմս Վահրամ Աթանեսյանի և Ռուբեն Ռուբինյանի, մոգոնեց մի խարդախություն, ըստ որի պատերազմը իբր հրահրել է Տեր-Պետրոսյանը` 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշման նախագիծը ներկայացնելով ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի նախագահությանը:
Այս զույգին, որին հաստատ չեն դավաճանում ոչ ինտելեկտուալ կարողությունները և ոչ էլ հիշողությունը, այլ ավելի շուտ` տարրական ազնվությունն ու բարոյականությունը, արցախյան շարժման բոլոր այլ «վերաիմաստավորողներին» հիշեցնենք, որ.
1. Հայերի դեմ զանգվածային բռնությունները Ադրբեջանում սկսվեցին այն բանից հետո, երբ, ամբողջովին համապատասխան Խորհրդային Միության սահմանադրությանը և խորհրդային ղեկավարության ժողովրդավարացման կոչերին` Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Խորհուրդը ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ից Հայկական ԽՍՀ-ի կազմ փոխանցելու մասին հարց բարձրացնելու որոշում ընդունեց, որին հետևեցին հայ ժողովրդի դեմ զանգվածային կոտորածները Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Շամխորում և Լենքորանում:
2. 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը, որի նախագծի հեղինակը իրականում համաժողովրդական շարժման «Ղարաբաղ» կոմիտեն էր, ընդունվել էր այն բանից հետո, երբ Ադրբեջանի ճնշման ներքո Կրեմլը լուծարեց Լեռնային Ղարաբաղում Մոսկվայի ուղղակի կառավարումն ապահովող` Արկադի Վոլսկու կողմից ղեկավարած Հատուկ կառավարման կոմիտեն, և Լեռնային Ղարաբաղին նորից ենթարկեցրեց Ադրբեջանի ուղիղ կառավարմանը` տխրահռչակ Վիկտոր Պոլյանիչկոյի ղեկավարությամբ:
3. Ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը և ոչ էլ «Ղարաբաղ» կոմիտեի այլ անդամները այդ ժամանակ իշխանության ներկայացուցիչ չէին և Հայաստանի խորհրդային իշխանությունների գործողությունների և քաղաքականության համար որևէ պատասխանատվություն կրել չէին կարող: Հետևաբար որևէ մեղադրանք, որ իբր նման որոշման պարտադրանքով պատերազմ է հրահրվել, անբարոյական կեղծիք է, առավելևս, որ այդ ամենը տեղի էր ունենում Խորհրդային Միության պետության ուժային կառույցների դեռևս լիակատար վերահսկողության պայմաններում, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը դեռ անկախ պետություններ չէին, չունեին զինված ուժեր և որևէ պատերազմ իրար դեմ վարել չէին կարող:
4. Իրական պատերազմը սկսվեց 1991 թվականին` Խորհրդային Միության փլուզմանը համընթաց, երբ Լեռնային Ղարաբաղը հայտարարեց իր անկախությունը, իսկ Ադրբեջանը փորձեց ռազմական ուժով ոչնչացնել դե ֆակտո ինքնակառավարվող Արցախի նորածին պետական միավորը:
5. Ստանձնելով իշխանությունը Հայաստանում` Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչպես Խորհրդային Միության գոյության պայմաններում, այնպես էլ անկախ Հայաստանի պայմաններում, մշտապես եղել է բանակցություններով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ջատագովը և ակտիվ մասնակիցը:
6. Հայաստանի և Ադրբեջանի անկախացումից հետո, երբ երկու երկրներն էլ անդամագրվեցին ԵԱՀԿ-ին (այդ պահին կոչվում էր ԵԱՀԽ), այդ կազմակերպության ներսում Բուդապեշտյան նախարարական հանդիպման ժամանակ 1992 թվականին ստեղծվեց Մինսկի Խումբը, որը 1993 թվականին Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարգավորելու բացառիկ մանդատ ստացավ նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից: Մինսկի Խումբն, այսպիսով, ստանձնեց պատերազմի կանխման գլխավոր միջազգային մեխանիզմի դերը:
7. Այդ պահից ի վեր Նիկոլ Փաշինյանը դարձավ Հայաստանի առաջին ղեկավարը, որը 2019 թվականին մերժեց Մինսկի Խմբի նախագահության կողմից ներկայացված խաղաղության պլանի շուրջ բանակցությունները, ինչով մերժեց պատերազմը կանխելու միակ մեխանիզմը: Այդ մերժումով և «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությամբ Փաշինյանը հասկացրեց միջազգային հանրությանը, որ հրաժարվում է Մինսկի խմբի հովանու ներքո բանակցություններից, պայթեցնելով զինված հակամարտության և ադրբեջանական ագրեսիայի միջազգային զսպման այդ միակ մեխանիզմը:
Դրան հետևած աղետալի հետևանքները հայտնի են բոլորիս և մեզ մնում է, դիտելով տեսանյութը, միայն զարմանալ, թե ինչ հեշտությամբ կարող են այս նորօրյա նիկոլական պրոպագանդիստները թքել սեփական կյանքի անցած ուղու վրա և քանի անգամ կարող են քամելեոնի հմտությամբ միմիկրիայի ենթարկվել մեկ «լևոնականության» և մեկ էլ`«հակալևոնականության» ծպտանքների տակ»:
