‘Լևոն Զուրաբյան. Վստահ եմ, որ իշխանությունները այդ անիմաստ, ողորմելի քայլին չեն դիմի (տեսանյութ)’

1390

Ես վստահ եմ, որ, այնուամենայնիվ, իշխանությունները խոհեմություն կցուցաբերեն և այդ անիմաստ, ողորմելի քայլին չեն դիմի: Այսօր ուրբաթօրյա բողոքի ակցիայի ժամանակ այս մասին հայտարարեց «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության ղեկավար, Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը՝ նկատի ունենալով Կոնգրեսի 3 ակտիվիստների հնարավոր կալանքը, որոնց վճռաբեկ բողոքը գտնվում է դատարանում: Հիշեցնենք, որ ակտիվիստներից քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանն էլ արդեն ավելի քան մեկ տարի բանտում: Զուրաբյանը նշեց, որ Վճռաբեկ դատարանի համար վերջին հնարավորությունն է ստեղծվել՝ ակտիվիստների վճռաբեկ բողոքի առումով, եւ եթե այն մերժի ակտիվիստների բողոքը, դա կնշանակի, որ դատական որոշումը կմտնի ուժի մեջ, և ՀԱԿ ակտիվիստներին կձերբակալեն:

«Քիչ մնաց, մի քանի ժամ է մնացել, որ մենք տեսնենք՝ ինչ է կատարվում: Այս առումով շատ կարևոր է, որ մեր այս բողոքները շարունակվեն, ժողովրդական ճնշումը շարունակվի: Ես ասեմ, որ շնորհիվ նաև այս բողոքների մենք կարողացել ենք Տիգրան Առաքելյանի՝ որպես քաղաքական բնատրակալ, ինչպես նաև մեր երեք տղաների՝ որպես պոտեցիալ քաղաքական բանտարկյալ, հարցը դարձնել գլխացավանք ռեժիմի համար: Մենք պետք է շարունակենք այս պայքարը, և մենք հասնելու ենք հաջողության»,- հայտարարեց  Զուրաբյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ երեկ Կոնգրեսի գրասենյակ է այցելել Հոլանդիայի արտգործնախարարության պատվիրակությունը: Քննարկվել են տարբեր հարցեր, պատվիրակության անդամները հետաքրքրվել են, թե որքանով են Հայաստանում հարգվում ժողովրդավարական ազատություններն ու սահմանադրական իրավունքները:

«Նրանք հետաքրքվեցին՝ իսկ քաղաքական հալածանքները շարունակվո՞ւմ են: Ես բացատրեցի, որ այսօր Հայաստանում ոչ ոք ապահովագրված չէ այն ապահով երկրից, որը Սերժ Սարգսյանն ուզում է կառուցել, այն առումով, որ ցանկացած մարդու իրավունքն ամեն քայլափոխի խախտվում է: Ես բերեցի հենց մեր տղաների օրինակը: Նախևառաջ՝ Տիգրան Առաքելյանի, նաև այն տղաների, որոնք սպասում են, թե այս Հայաստանի արադարադատությունը կամ, ավելի ճիշտ կլիներ դա կոչել՝ անարդարադատություն, ինչ է բերելու իրենց գլխին»,- տեղեկացրեց Զուրաբյանը:

Զուրաբյանն անդրադարձել է նաև առաջիկայում կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին՝ հայտարարելով, որ դրանք ունեն ռազմավարական նշանակություն: Նա հիշեցրել է 2009-ին կայացած ընտրությունները, երբ դրանք վերածվեցին իշխանափոխության պայքարի, քանի որ եթե Երևանն այն ժամանակ անցներ ընդդիմության ձեռքը, դա էապես կթուլացներ ռեժիմին:

«Այն ժամանակ 100-ից ավելի մարդ բանտերում էր, մեր ուժերը բավականին սահմանափակ էին: Այնուամենայնիվ, մենք տարանք շատ լուրջ պայքար և ի զարմանս շատերի, որոնք արդեն համարում էին, որ շարժումը մարած է, մենք կարողացանք իսկապես ժողովրդին ոտքի կանգնեցնել: Այդ ժամանակ այդ ալիքի շնորհիվ, ոգևորության շնորհիվ իշխանությունները ստիպված եղան ընդամենը մի քանի օր հետո հայտարարել քաղաքական ամնիստիա»,- ասել է Զուրաբյանը:

Նրա համոզմամբ՝ ժողովրդի ոտքի կանգնելը ամենակարևոր պայմանն է, որ այս բռնապետական ռեժիմին մենք պարտադրենք որևէ նահանջ: «Սրանք, կներեք, հացադուլների առաջ, տարբեր տեսակի, թեկուզ այսպիսի փոքր ակցիաների առաջ չեն նահանջելու: Նրանք նահանջելու են միայն այն ժամանակ, երբ տասնյակ հազարավոր մարդիկ լինեն հրապարակում, և բոլորը վանկարկեն՝ «Սերժի՛կ, հեռացիր»: Չմոռանանք այդ փորձն ու հասկանանք, որ նորից ստեղծված է շատ լուրջ հնարավորություն՝ օգտագործելու այս ստրատեգիական ընտրությունները ժողովրդին ոտքի կանգնեցնելու նպատակով»,- նշեց Զուրաբյանը:

Նրա կարծիքով՝ եթե ընդդիմությունը քաղաքապետարանը վերցնի իր ձեռքը, կնշանակի, որ իշխանությունները կզրկվեն կարևորագույն քաղաքական հենարաններից մեկից, ինչը էապես կթուլացնի ռեժիմի դիրքերը և կբացի հետագա պայքարի հեռանկարներ:

Նախորդ հոդվածը‘Տաքսիստների բողոքի ակցիա. Մի կարգին ղեկավար է պետք (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը Ազատության հրապարակում’