‘Լևոն Զուրաբյան. Ցուցակի կազմման հիմնական սկզբունքը կլինի երիտասարդության ներգրավումը քաղաքական գործընթացներին (տեսանյութ)’

1169

Ցուցակի հետ կապված ոչ մի որոշում չկա, քննարկումներ են ընթանում, ինչ վերաբերում է կոնսուլտացիաներին, դրանք տեղի ունեցան տարբեր ֆորմատներով, որևէ հաջողության չբերեցին, այնպես որ մենք որոշում ընդունեցինք առանձին գնալ: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության ղեկավար, Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը: Մեր հարցին, թե համակարծի՞ք է հնչող տեսակետին, ըստ որի՝ ընտրություններում ընդդիմության հաղթանակի դեպքում երկիշխանության վիճակ կստեղծվի, Զուրաբյանը պատասխանեց.

«Բնական է, որ, այո՛, կստեղծվի երկիշխանության վիճակ, որովհետև այն բռնապետական ռեժիմի պայմաններում, որ այսօր Հայաստանում գործում է, նման քաղաքական հենարանի, նման իշխանության լծակի կորուստը ռեժիմի համար վտանգավորագույն բան է: Դա նշանակում է, որ ըստ էության, արդեն այդ բռնապետությունը սասանված է, այսինքն՝ ձևավորվում է մի ալտերնատիվ օջախ՝ իշխանության, քաղաքական մտքի, կառավարման: Նորմալ երկրում դա չէր բերի երկիշխանության: Նորմալ երկրում, դեմոկրատական երկրում բոլորի լիազորությունները պարզ են, կարգավորվում են սահամանդրությամբ, բայց քանի որ այս ռեժիմի համար գործում են այլ օրենքներ, քանի որ այս ռեժիմի մեջ հարաբերությունները չեն կարգավորվում սահմանադրությամբ, ընդդիմության կողմից քաղաքապետարանի նվաճումը կստեղծի լրիվ նոր քաղաքական իրավիճակ: Կարելի կլինի համարել դա ոչ միայն քաղաքական մենաշնորհի վերջ, այլ նաև բռնապետության վերջ Հայաստանում»:

iLur.am-ի հարցին, թե ինչ սկզբունքով է կազմվելու ցուցակը, Լևոն Զուրաբյանը պատասխանեց, որ հիմնական սկզբունքը կլինի նոր սերնդի, երիտասարդության ներգրավումը քաղաքական գործընթացների, պետական կառավարման մեջ: «Մենք իսկապես պետք է Հայաստանի երիտասարդ միտքը, ստեղծագործ միտքը, երիտասարդ էներգիան բերենք դեպի պետական կառավարման մեխանիզմները»,- ասաց Զուրաբյանը:

Նախորդ հոդվածը‘Պարոն Լևոն Իգիթյան, հիմա էլ են ասում՝ «Արա, ամո՛թ ա»’
Հաջորդ հոդվածը‘Հավակնորդների մրցաշարը մեկնարկեց. Արոնյան – Կառլսեն՝ Ուղիղ’