‘Լևոն Իգիթյան. Բոշայություն եմ համարում քաղաքի կենտրոնում վրան դնելը’

2366

Երկրի ճակատագիրը թամաշայի չի կարելի վերածել: Ճարտարապետ, Երևանի ավագանու անդամ Լևոն Իգիթյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպես գնահատեց երկրում տեղի ունեցող հետընտրական գործընթացները: «Ես համարում եմ, որ Սերժ Սարգսյանը հաղթել է, ուրիշի կարծիքն ինձ չի հետաքրքրում»,- հայտարարեց Իգիթյանը:

Այն հարցին, թե պահանջատեր հասարակությունն իրեն դուր չի՞ գալիս, Իգիթյանը պատասխանեց, թե ինքը պահանաջատեր է ու համամարդկային պահանջ ունի: Ինչ վերաբերում է ընտրակեղծիքներին, ապա Իգիթյանը չբացառեց, որ նման բան եղել է: «Ես թույլ եմ տալիս, որ նման բան եղել է, սուրբ չենք, չէ՞, չեմ կարղ ասել՝ ով, ինչքան, դրանով չեմ զբաղվում: Ես չեմ տեսել, բայց չեմ ասում՝ չի լինում»,- նշեց նա:

Իգիթյանը նաև իր կարծիքը հայտնեց ոստիկանության որոշման մասին, որը թույլ չի տալիս վրան տեղադրել Ազատության հրապարակում ու ասֆալտը պատմամշակութային արժեք է համարում: «Աուրան է արժեք, տարածքն է արժեք: Պիոներական ճամբա՞ր է, ինչ է՝ մայրաքաղաք է: Բոշայություն եմ համարում քաղաքի կենտրոնում վրան դնելը»,- հայտարարեց նա:

Անդրադառնալով ավագանու անդամի իր չորսամյա գործունեությանը՝ Իգիթյանը պատմեց, որ իր ձեռքբերումներից է համարում մի տարեց միայնակ կնոջ բնակարանը ջրով ապահովելը և Ժամանակակից արվեստի թանգարանը ջեռուցմամբ ապահովելը:

Նա նշեց, որ առաջարկ ստացել է ավագանու ընտրությունների ցուցակում ընդգրկվելու: Ասաց՝ բոլոր կուսակցությունների առաջարկը կարող է ընդունել, բացի մեկից, սակայն չնշեց, թե որ կուսակցության մասին է խոսքը: Նրա գնահատմամբ՝ այս ընտրություններին հետաքրքրությունն ավելի շատ կլինի «այս կամ այն պարտիզանական ջոկատներից»:

Հարցին, թե արդյոք պետք չէ՞ օլիգարխիայի դեմ պայքարել, Իգիթյանն այսպես պատասխանեց. «Թուրքիայից դեսանտ ա՞, մեր մեջից չի՞, մեր տեսակը չի՞, մենք էդ տեսակ ժողովուրդ ենք»:

Նախորդ հոդվածը‘Սպառողների միության նախագահ. Մեր կյանքը վտանգի տակ է, և նման վիճակ չի կարելի հանդուրժել (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Միխալ Բիլեկ. Հայաստանի հավաքականը նշանակալի արդյունքների է հասնում սեփական հարկի տակ’