‘Լևոն Հայրապետյանը կմնա կալանքի տակ ‘

1150

Մոսկվայի քաղաքային դատարանը կալանքի տակ Է թողել գործարար Լևոն Հայրապետյանին, ով մեղադրվում Է վատնման և հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոցների լվացման մեջ: «Բասմանյան դատարանի որոշումը` կալանավորումը որպես Լևոն Հայրապետյանի խափանման միջոց ընտրելու մասին, թողնել առանց փոփոխության, պաշտպանության վերաքննիչ բողոքն՝ առանց բավարարման»,- ասված է Մոսկվայի քաղաքային դատարանի որոշման մեջ:    

Ըստ «Արմենպրես»-ի՝ նիստից հետո Հայրապետյանի փաստաբան Հենրի Ռեզնիկը դատարանի վճիռը համարել Է «աղաղակող»: «Նա մեղադրվում Է մի հոդվածով, ըստ որի` չի կարելի կալանքի տակ վերցնել (ՌԴ-ի Քրեական օրենսգիրք 174.1), ուստի դա աղաղակող խախտում Է: Ես կարող եմ քննչական մեկուսարանում նրա գտնվելը բացատրել սոսկ այն բանով, որ ստացվել Է ինչ-որ հզոր պատվեր»,- ասել Է նա: Փաստաբանը նաև հավելել է, որ ՔԿՀ-ում Հայրապետյանի գտնվելը վտանգում է նրա առողջությունը:

Դատական նույն նիստի ժամանակ հայտարարվել է, որ հետաքննությունն ունի փաստաթղթեր, որոնք հաստատում են Լևոն Հայրապետյանի մասնակցությունը դրամական միջոցների վատնամանը և լվացմանը: «Հայրապետյանի մոտ կատարված խուզարկության ընթացքում առգրավվել են փաստաթղթեր, որոնք անմիջականորեն վկայում են նրա մասնակցությունը հանցագործության կատարմանը»,- ասել է գործը վարող քննիչը: 

Հիշեցնենք նաև, որ նիստի սկզբին հայազգի գործարարը հայտարարել էր, որ հրաժարվում է մասնակցել դատավարությանը, սակայն դատարանը պարտադրել է Լևոն Հայրապետյանին մասնակցել նիստին:

Նախորդ հոդվածը‘Գալուստ Սահակյանը սահման մեկնելու հարցով խորհրդակցություն է հրավիրել` առանց Կոնգրեսի ներկայացուցչի’
Հաջորդ հոդվածը‘Ղարիբաշվիլի. Թբիլիսին պատրաստ է վերականգնել եղբայրական հարաբերությունները աբխազների հետ’