‘Լևոն Հայրապետյանի ձերբակալության պատճառների մասին ռուսական լրատվամիջոցները հետաքրքիր մանրամասներ են հրապարակել ‘

3276

Հայազգի հայտնի գործարար Լևոն Հայրապետյանի ձերբակալությանը այսօր անդրադարձել են ռուսական հեղինակավոր «Կոմերսանտ» և ՌԲԿ լրատվամիջոցները, որոնք գրում են.

Մոսկվայում  ԱԴԾ աշխատակիցները հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողերի մսխման և լվացման կասկածանքով ձերբակալել են խոշոր գործարար և հասարակական գործիչ Լևոն Հայրապետյանին: ՌՔԿ-ն, որի հանձնարարությամբ են չեկիստները կատարել ձերբակալությունը, պաշտոնապես չի բացահայտում Հայրապետյանին մեղասագրվող հանցանքը: Komersant.ru-ի աղբյուրի տվյալներով՝ այն կարող է կապ ունենալ 2009 թ. Ուրալ Ռախիմովի կողմից «Բաշնեֆտը» «Սիստեմա» ԲՖԿ-ին (Բաժնետիրական ֆինանսական կորպորացիա) վաճառելու հանգամանքների քննության հետ:

Ինչպես հայտնի է դարձել թերթին, Ռուսաստանում հայ համայնքի ամենաազդեցիկ և ամենահարուստ ներկայացուցիչներից մեկը հանդիսացող Լևոն Հայրապետյանի ձերբակալության համար հիմք են ծառայել Բաշկիրիայից Դաշնային խորհրդի նախկին անդամ, մի շարք ծանր հանցագործությունների համար ցմահ բանտարկություն կրող Իգոր Իզմեստևի տված ցուցմունքները:

Մեկուկես ամիս առաջ սենատորը, որը հաջող կարիերա էր անում, այդ թվում՝ Բաշկիրիայի նախկին նախագահ Մուրտազա Ռախիմովի ընտանիքի հետ սերտ կապերի շնորհիվ, «Белый Лебедь»  գաղութից տեղափոխվեց «Матросская Тишина» քննչական մեկուսարան և հենց այստեղ էլ շարադրեց իր վարկածն այն մասին, թե պարոն Հայրապետյանն, իբր, կապ է ունեցել 2009 թ. ապրիլին Ուրալ Ռախիմովի կողմից «Բաշնեֆտը» ( որը վերջինս ղեկավարել էր երեք տարի) «Սիստեմային» վաճառելու գործարքի հետ: Ինչպես հայտնի է, ԲՖԿ-ն, վճարելով $2 մլրդ, մեծացրել էր իր մասնաբաժինը բաշկիրական վեց վառելիքա-էներգետիկ համալիրներում՝ դրանք հասցնելով մինչև վերահսկիչ փաթեթների:

65-ամյա Լևոն Հայրապետյանը ձերբակալվել է հուլիսի 15-ին Դոմոդեդովո օդանավակայանում, որտեղ նա երեկոյան ժամը հինգի կողմերը ժամանել էր Նիսից (Հայրապետյանը հիմնականում ապրում է Մոնակոյում): Նրան դիմավորելով ինքնաթիռի շարժասանդուղքի մոտ՝ ԱԴԾ աշխատակիցները հայտարարել են, որ ձերբակալում են նրան մսխման (ՌԴ ՔՕ 160 հոդված) և հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոցների օրինականացման (ՌԴ ՔՕ 74 հոդված) վերաբերյալ քրեական գործի շրջանակներում: Դրանից հետո գործարարին տարել են քննիչի մոտ հարցաքննության, ապա մանրակրկիտ խուզարկություն են կատարել «Президент-отель»-ի 13-րդ հարկում (հարկաբաժնի կեսը պատկանում է Լևոն Հայրապետյանին): Բացի գործնական փաստաթղթերից, խուզարկուները, որոշ տվյալների համաձայն՝ պարոն Հայրապետյանի կացարաններից մեկում հայտնաբերել են երկու տուփ փամփուշտ, որոնց ծագումը հետաքննությունն առայժմ չի պարզել:

Լրատվամիջոցի աղբյուրները նաև հայտնել են, որ ցուցմունք տալով 2009 թ. «Բաշնեֆտի» գործարքի մանրամասների մասին՝  Հայրապետյանը հաստատել է, որ Իգոր Իզմեստևին Բաշկիրիայի նախկին նախագահ Ռախմոնովի ընտանիքի հետ ծանոթացրել է հենց ինքը,  հետագայում  էլ ապագա սենատորին ընդգրկել է նաև իր նավթային բիզնեսի մեջ: Դրա շնորհիվ ավելի ուշ Իզմեստևը Մոսկվայում հիմնել է իր «Корусхолдинг»  ԲԲԸ-ն:

Լևոն Հայրապետյանը, ով համարվում է հայկական ծագմամբ աշխարհում ամենահարուստ գործարարներից մեկը, ծնվել է 1949 թ. Վանքում (Լեռնային Ղարաբաղ): Երիտասարդ տարիներին սկսել է աշխատել որպես լրագրող, աշխատել է «Огонек» ամսագրում և «Комсомольская правда» թերթում: Լրագրությունը նրան հնարավորություն է տվել ծանոթանալ և լավ հարաբերություններ հաստատել շատ ազդեցիկ քաղաքական գործիչների և գործարարների, մասնավորապես՝ հանգուցյալ վարչապետ Վիկտոր Չեռնոմիրդինի, Բաշկիրիայի նախկին նախագահ Մուրտազա Ռախիմովի և շատ ուրիշների հետ: Նա հանդիպել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Պարոն Հայրապետյանը հայտնի է իր բարեգործական գործունեությամբ:

Լևոն Հայրապետյանի փատաբան Իգոր Կոմարովի խոսքով՝ քրեական գործի նախնական ձևակերպումը, որով իր վստահորդն անցնում է որպես կասկածյալ, վերջնական չէ: «Հետաքննության ընթացքում այն կարող է բազմիցս փոփոխվել: «Ես առայժմ չեմ կարող որևէ մեկնաբանություն տալ, քանի որ ընդամենը մեկ օր է՝ ծանոթ եմ գործին և առայժմ նույնիսկ չգիտեմ, թե ՌՔԿ  ԳՔՎ-ում երբ է քրեական գործ հարուցվել Հայրապետյանի նկատմամբ: Միայն գիտեմ, որ այն տնտեսական է»,- պարզաբանել է Կոմարովը:

Հետաքննությունը մտադիր է միջնորդություն ներկայացնել դատարանին՝ գործարարին կալանավորելու վերաբերյալ:

Մոսկվայի Բասմանյան դատարանը, Քննչական կոմիտեի միջնորդությամբ, կալանավորել է «Բաշնեֆտի» բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը, որը պատկանում էր «Սիստեմա» ԲՖԿ-ին: Հետաքննությունը չի վերաբերում կորպորացիային, սակայն քննիչները կասկածում են գործարար Լևոն Հայրապետյանին՝ նավթային ընկերությունը 2009 թ. «Սիստեմային» վաճառելու գործարքի ընթացքում թույլ տված խարդախության մեջ: Դատարանի ներկայացուցիչը  հաստատել է, որ բաժնետոմսերի վրա կալանք է դրվել Հայրապետյանի նկատմամբ քրեական գործի հետաքննության շրջանակներում:

Նախորդ հոդվածը‘Մահացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Հենրիկ Մամյանը’
Հաջորդ հոդվածը‘«Ոսկե ծիրան» 11-րդ կինոփառատոնի չորրորդ օրը’