‘Լևոն Հայրապետյանի ներկայացուցիչները խնդրում են «գործարարի վրա շինծու գործ կարողներին չնույնականացնել ՌԴ բարձրագույն իշխանության հետ»’

681

Մոսկվայում կալանավորված արցախցի գործարար Լևոն Հայրապետյանն անձամբ կպատասխանի քաղաքական գործիչների՝ իր հասցեին արված անպատասխանատու հայտարարություններին: Այդ մասին ասվում է Հայրապետյանի մամուլի ծառայության տարածած հայտարարությունում:

Հաղորդագրությունում նաև նշվում է, որ այժմ Մոսկվայում Հայրապետյանի փաստաբանները անում են հնարավորը՝ գործարարին ազատ արձակելու համար: Ընդ որում՝ գործարարի փաստաբանը և մամուլի ծառայությունը կարծում են, որ այդ գործը ստվեր չի գցում Հայաստանի և Ռուսաստանի բարեկամական հարաբերությունների վրա:

Հայտարարության հեղինակները խնդրում են Հայրապետյանի վրա շինծու գործ կարողներին չնույնականացնել ՌԴ բարձրագույն իշխանության և ռուս ժողովրդի հետ, չքաղաքականացնել տեղի ունեցածը և փորձել անել ամեն ինչ, որպեսզի նախաքննության ավարտին Հայրապետյանը սպասի տանը` հաշվի առնելով վերջինիս ծայրահեղ ծանր առողջական վիճակը: Հայտարարությունում ասվում է, որ նախատեսվում է երթ ընդդեմ Լևոն Հայրապետյանի նկատմամբ ապօրինությունների, որի ժամանակ ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը կփոխանցվի իրավական պահանջներով մի փաստաթուղթ, կկազմակերպվի առցանց ստորագրահավաք:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին Մոսկվայի Բասմանի դատարանը Լևոն Հայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է նշանակել 2 ամիս ազատազրկումը: Դատարանը նաև կալանք է կիրառել «Բաշնեֆտի» Հայրապետյանին պատկանող բաժնետոմսերի նկատմամբ, որոնք կազմում են շուրջ 300 մլն ռուբլի: Հայրապետյանը մեղադրվում է ՌԴ ՔՕ 160 հոդվածի (մսխում) և 174 հոդվածի (հանցավոր եկամուտների օրինականացում) հատկանիշներով:

Հիշեցնենք, որ Հայրապետյնաը ձերբակալվել է Սերգեյ Ֆինագինի ղեկավարած հանցավոր խմբավորման գործունեությանն առնչվող գործի շրջանակներում: Խմբավորման գործունեությանը Հայրապետյանի հնարավոր մեղսակցության մասին քննիչներին հայտնել էր նախկին սենատոր Իգոր Իզմեստևը:

Նախորդ հոդվածը‘Անկարան հանդես է գալիս Թուրքիայի և ՄՄ ազատ առևտրի գոտի ստեղծելու նախաձեռնությամբ’
Հաջորդ հոդվածը‘Մայր Աթոռի հայտարարությունը՝ Թբիլիսիի հայկական եկեղեցում տեղի ունեցածի մասին’