‘
«Արսենը չմենամարտեց այնպես, ինչպես նրան միշտ տեսել ենք: Մենք հետո վերլուծել ենք գոտեմարտը: Այն հենց սկզբից չստացվեց: Ես Արսենից, ինքն էլ իրենից, այդպիսի գոտեմարտ չէի սպասում: Խանգարեց երևի այն մեծ ցանկությունը, որով եկել էինք՝ օլիմպիական ոսկին նվաճելու: Նա բոլոր տիտղոսներն ունի, մնացել էր միայն օլիմպիական չեմպիոնի տիտղոսը: Եթե բուլղարացու հետ գոտեմարտում հաղթեր, հետո հաստատ կբացվեր: Բայց հիմա ունենք այն, ինչ ունենք,- Հայաստանի հունա-հռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի խոսքերն է մեջբերում TotoExpert-ը: -Օլիմպիական խաղերը կավարտվեն, Արսենը մի քիչ կհանգստանա և ավելի սթափ գլխով որոշում կկայացնի, թե արդյոք մնալու է ակտից սպորտում: Ժամանակից շուտ հայտարարություն չի արվի»:
Ինչ վերաբերում է Միհրան Հարությունյանի նկատմամբ անարդար մրցավարությանը, ապա Լևոն Ջուլֆալակյանը չի կարծում, թե բողոքարկումը որևէ օգուտ կտա. «Այդ գոտեմարտը մեկնաբանելու կարիք չկա: Տեսաք, թե ինչպես էր ամբողջ դահլիճը սուլում և աղմկում, երբ հաղթանակը շնորհեցին սերբին: Ստացվում է՝ մարզիկը ամբողջ կյանքում մարզվում է, հասնում այդ օրվան և այսպիսի մրցավարության հանդիպում: Մեկ միավոր տրվում է պասիվության համար: Ըմբշամարտից հեռու հանդիսատեսն էլ տեսավ, թե ով է ակտիվ, ով՝ պասիվ: Մարզասրահում բոլոր գոռում էին, բայց չգիտես ինչու, 3 մրցավար այլ բան տեսան: Ինչ ասես, երբ մի մարզիկն ամբողջ գոտեմարտի ընթացքում ակտիվ է և պարտերի հնարավորություն չի ստանում, իսկ միշտ պասիվ մարզիկը ստանում է 2 պարտեր:
Պետք չէ միշտ լռել, պետք է քայլեր ձեռնարկել: Միշտ խնդրում եմ, պահանջում, որ քայլեր արվեն, բայց բաներ կան, որ իմ լիազորությունների շրջանակում չեն: Օլիմպիական կոմիտեն, ըմբշամարտի ֆեդերացիան պետք է քայլեր անեն: Արդեն անարդարության բոլոր սահմաններն անցել են»:
Անդրադառնալով Արթուր Ալեքսանյանի հաղթանակին՝ Լևոն Ջուլֆալակյանը նշել է, որ նույնիսկ իր սեփական հաղթանակը Սելուլի օլիմպիական խաղերի ժամանակ իրեն այնքան չի ուրախացրել, որքան իր սանի հաղթանակը. «Շատ ուրախ եմ ու հպարտ, որ իմ սանը կարողացավ դառնալ օլիմպիական չեմպիոն: Երբ ես Սեուլում դարձա օլիմպիական չեմպիոն, այդքան ուրախ չէի, որքան ուրախացա Արթուրի համար: Մեկ այլ բան է, որ դու ես կանգնում պատվո պատվանդանի առաջին հարթակում, մեկ այլ բան է, երբ քո սանը, քո տարած աշխատանքի արդյունքում դառնում է օլիմպիական չեմպիոն»:
‘