‘Լևոն Տեր–Պետրոսյանի նոր մարտավարությունը’

1690

Հայ ազգային կոնգրեսի հետագա գործունեության հետ կապված Լևոն Տեր–Պետրոսյանի հարցազրույցի արձագանքները կանխատեսելի էին։ Իշխանությունները, նրանց կցված «անկախ» մամուլը, «ընդդիմադիր» գործիչներն ու փորձագետ կոչվածները, մեկ կենտրոնից եկած հրահանգով, սկսեցին քարկոծել ՀԱԿ–ի կուսակցականացման գաղափարը։

Ուշագրավն այն է, որ նշյալ սուբյեկտները միաբերան պնդում են, թե ՀԱԿ–ն այլևս գործոն չէ և այդ կառույցը չի կարող ազդեցություն թողնել քաղաքական գործընթացների վրա, բայց միևնույն ժամանակ իրենք իրենց դնում են հիմար վիճակի մեջ, քանզի իրենից բան չներկայացնող կառույցի մասին ի՞նչ իմաստ ունի այդքան խոսելն ու Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հակաքարոզչություն իրականացնելը։

Ինչ վերաբերում է Տեր–Պետրոսյանի որոշմանը, ապա այն ամբողջությամբ տեղավորվում է ներկայիս քաղաքական տրամաբանության մեջ։

2013թ. ընտրություններով հնգամյա պարբերաշրջան է փակվել, և մենք այժմ նոր իրողությունների առաջ ենք կանգնած։ Նոր իրողությունները, բնականաբար, պահանջում են նոր մոտեցումներ և քաղաքական ուժերի կազմակերպչակառուցվածքային նոր ձևեր։

ՀԱԿ–ը կուսակցություն դարձնելով՝ Տեր–Պետրոսյանը երկու հիմնական խնդիր է լուծում`

1.Վերջ դնել դրսից հրահրված ներքին խմորումներին, մաքրել կառույցը իշխանական «ականներից» և մարգինալ տարրերից՝ այդպիսով ապահովելով կառույցի քաղաքական անվտանգությունը,

2.Կուռ և գաղափարակիցների թիմ ստեղծելով՝ պատրաստվել քաղաքական նոր զարգացումներին։

ՀԱԿ–ը կուսակցության վերածելով՝ Տեր–Պետրոսյանը, փաստորեն, մեկ հարվածով խափանում է Բաղրամյան 26–ի ծրագրերը, և ոմանց բարձրացրած «ոռնոցն» այդ ամենով է պայմանավորված։

Քաղաքագիտական վերլուծությունից հետո Սերժ Սարգսյանի թիմը փորձեց ամեն ինչ անել այլընտրանքային «փողոց» ձևավորելու և ՀԱԿ–ին տիտղոսային ընդդիմության կարգավիճակից զրկելու համար, սակայն ձախողվեց իր ծրագրերում։ Բաղրամյան 26–ի հույսերը չարդարացրեցին ո՛չ Րաֆֆի Հովհաննիսյանը, ո՛չ ՀԱԿ–ից դուրս եկած գործիչները (Արամ Սարգսյան, Դավիթ Շահնազարյան, Անդրանիկ Քոչարյան և այլ մանր–մունր դեմքեր)։

Տեսնելով, որ ՀԱԿ–ից մասեր պոկելով, միևնույն է, «փողոցի» վերահսկման խնդիրը չի լուծվում՝ իշխանությունները փոխեցին մարտավարությունը և սկսեցին ներսից թուլացնել ՀԱԿ–ը՝ «Եթե չենք կարողանում այլընտրանքային «փողոց» ձևավորել, ապա պետք է ներսից թուլացնենք նույն այդ «փողոցը» վերահսկող ուժին» թեմայով։ Այդ ծրագրի շրջանակներում պետք է դիտարկել Նիկոլ Փաշինյանի, Պետրոս Մակեյանի, Սոս Գիմիշյանի, Գառնիկ Մարգարյանի և մի քանի այլ «թունդ ընդդիմադիրների» գործունեությունը։ Պետք է նկատել, որ այդ մարդկանց միջոցով էլ  իշխանությունները գրեթե ոչնչի չհասան։ Ճիշտ է, «անկախ» մամուլի միջոցով էժանագին աղմուկ բարձրացնել հաջողվեց, սակայն, մեծ հաշվով, բան չփոխվեց, քանզի մակեյանների ու մյուսների հետևում մարդ չկա, իսկ Նիկոլի «Քաղաքացիական պայմանագրին» էլ դրականորեն արձագանքեց միայն ՀՀԿ–ական Արմեն Աշոտյանը։  

ՀԱԿ–ը կուսակցություն դարձնելով՝ Տեր–Պետրոսյանը կուլտուրական ձևով դռան կողմն է ցույց տալիսիշխանության գծի մեջ հայտնվածներին, ինչպես նաև հստակություն մտցնում հասարակության ու քաղաքական գործընկերների հետ հարաբերություններում։ Մի խոսքով, ՀԱԿ–ը բարեփոխման կարիք ուներ, և առաջին նախագահը ճիշտ պահին գնաց այդ քայլին։

Ի դեպ, բարեփոխման կարիք ունեն նաև նախագահական ընտրություններին չմասնակցող մյուս երկու ուժերը՝ԲՀԿ–ն ու ՀՅԴ–ն։ Եթե այս ուժերը համապատասխան հետևություններ չանեն ստեղծված իրավիճակից, ապա ժամանակի ընթացքում դուրս կմնան քաղաքական գործընթացներից, իսկ դա կնշանակի քաղաքական դաշտի վերջնական ամայացում, քանզի մյուս ուժերը կա՛մ մարգինալ են, կա՛մ իշխանության կողմից ամբողջությամբ սեփականաշնորհված։

Հ.Գ.։ ՀՀՇ վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանը, ով հրապարակային խոսք է հնչեցնում բացառապես Լևոն Տեր–Պետրոսյանի թեմայով և բացառապես իշխանահաճո ձևակերպումներով, կրկին հիշեցրել է իր մասին։ Նա հայտարարել, որ եթե ՀՀՇ–ն մտնի ստեղծվելիք ՀԱԿ կուսակցության մեջ, ապա ինքը համախոհների հետ միասին նոր ՀՀՇ կհիմնադրի։ Մնում է միայն հուսալ, որ իր նոր ՀՀՇ–ում Արարատն ավելի երկար կմնա, քան իր նախկին համախոհների հետ  ստեղծած «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունում։

 

Աղբյուրը՝ 7or.am

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանցի գիտնականները առաջին անգամ կուսումնասիրեն մամոնտի գլխուղեղը’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանն իր շանսերի մասին՝ «Ինչքան ուզես՝ էնքան կխփեմ» (Տեսանյութ)’