‘Լևոն Տեր-Պետրոսյան. Այսպես կոչված՝ վճռականների մասին’

3308

Որոշ մեկնաբանների կարծիքով՝ նոյեմբերի 5-ի իրադարձությունների հետ կապված ամենաարտառոց երևույթը, այսպես կոչված, վճռականների բացակայությունն էր Ազատության հրապարակից: Հիրավի, մարդիկ, որոնք տարիներ շարունակ Հայ Ազգային Կոնգրեսից համառորեն պահանջում էին անցնել վճռական գործողությունների, երբ, վերջապես, Շանթ Հարությունյանի նախաձեռնությամբ, իրենց պահանջը բավարարող բաղձալի առիթն ստեղծվեց, ասպարեզում չերևացին: Այսպիսով, ինչպես ասում են, փուչիկը պայթեց, այսինքն պարզվեց, որ այդ մարդիկ ոչ այլ ինչ են, եթե ոչ ընդամենը ուրիշի ձեռքով կրակից շագանակ հանող վախկոտներ կամ ստոր սադրիչներ: Այս առիթով ավելորդ չենք համարում ընթերցողի ուշադրությունը հրավիրել Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթներից մեկի մի ընդարձակ ենթագլխի վրա («Վերադարձ», էջ 343-347), որն ամբողջությամբ նվիրված լինելով «վճռականների» թեմային՝ այսօր, նոյեմբերի 5-ի իրադարձությունների լույսի ներքո, շատ ավելի այժմեական է հնչում, քան ժամանակին:

Ելույթ 2009թ. մարտի 1-ի հանրահավաքում (հատված)

Չեմ ուզում թաքցնել. ձեզանից շատերը մեծ հույսեր են կապել այս հանրահավաքի հետ՝ այն դիտելով որպես համաժողովրդական պայքարի նոր ալիքի կամ վճռական գործողությունների սկիզբ։ Իսկ վճռական գործողությունների տակ հասկացվում են շուրջօրյա հանրահավաքներ, չդադարող երթեր ու պիկետներ, գրոհ նախագահական նստավայրի ուղղությամբ, մի խոսքով՝ անհապաղ իշխանափոխություն, ապստամբություն կամ հեղափոխություն։ Միանգամից հարկ եմ համարում հայտարարել. Համաժողովրդական շարժման կամ Հայ Ազգային Կոնգրեսի բառապաշարում իսպառ բացակայել եւ այսուհետեւ եւս բացակայելու են գրոհ, ապստամբություն, հեղափոխություն հասկացությունները։ Եթե այս հասկացություններն են կազմում քաղաքական ուժերի վճռականության մասին պատկերացման հիմքը, ապա մենք կտրականապես մերժում ենք այդպիսի վճռականությունը։ Ապստամբության կամ հեղափոխության հնամաշ գաղափարները պետք է վերջնականապես դուրս մղվեն մեր երկրի քաղաքական օրակարգից։ Քանի դեռ դա տեղի չի ունեցել, Հայաստանը իրավական, ժողովրդավարական պետություն դառնալու հեռանկար չի կարող ունենալ։ Պատմությանը գրեթե հայտնի չէ որեւէ հեղափոխություն, որի արդյունքում ժողովրդավարություն ծնվի։ Հեղափոխության արդյունքում, սովորաբար, մի բռնապետությանը փոխարինում է մի այլ բռնապետություն, որովհետեւ ուժով նվաճված իշխանությունը այլ կերպ, քան ուժով՝ հնարավոր չէ պահպանել։ Իսկ դա այն հեռանկարը չէ, որի համար արժե վատնել ժողովրդի եռանդը։ Ցանկացած իշխանափոխություն պետք է տեղի ունենա բացառապես սահմանադրական ճանապարհով, այն է՝ օրինական ընտրությունների միջոցով, ինչը իրավական, ժողովրդավարական պետության կառուցման միակ երաշխիքն է։

Մեր խորագույն համոզմամբ՝ քաղաքականության մեջ վճռականությունը ոչ թե մեկանգամյա խելահեղ պոռթկումն է, այլ համառ, համբերատար, երկարատեւ պայքարի ունակությունը։ Ավելի պատկերավոր ասած՝ վճռականը ոչ թե ոտքի կանգնողն է, այլ կանգնած մնացողը։ Հետեւաբար, հաջողության հասնելու միակ գրավականը մենք դիտում ենք գիտակից քաղաքացիական հասարակության  ձեւավորումը եւ լուրջ, պատասխանատու, ինստիտուցիոնալ ընդդիմության ստեղծումը, որը պատրաստ է համառ, թեկուզ երկարատեւ պայքարի։ Ահա, սա է մեր գլխավոր խնդիրը, եւ ոչ ոք չի կարող ժխտել, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում Համաժողովրդական շարժմանը հաջողվել է այս երկու ուղղություններով էլ հսկայական առաջընթաց արձանագրել, ինչը չի կարող վերջիվերջո չտալ իր պտուղները։ Այսօր մենք արդեն իսկ վստահությամբ կարող ենք խոսել որոշ չափով ձեւավորված գիտակից քաղաքացիական հասարակության եւ գրեթե լիովին կայացած ընդդիմության մասին, որի մարմնավորումը Հայ Ազգային Կոնգրեսն է։

Կոնգրեսն ըմբռնումով է մոտենում հասարակության որոշ տարրերի տրամադրություններին, բայց դա չի նշանակում, որ պատրաստ է անվերապահորեն ենթարկվել դրանց։ Վստահեցնում եմ, չկա ժողովրդին հուզող կամ քաղաքական շրջանակներում եւ մամուլում արծարծվող որեւէ հարց, որը համակողմանիորեն չքննարկվի Կոնգրեսի ղեկավար մարմիններում, եւ համապատասխան դիրքորոշում չճշտվի դրա վերաբերյալ։ Մեզ համար իշխանափոխությունը ինքնանպատակ չէ, եւ ամեն գնով դրան հասնելը չի մտնում մեր հաշիվների մեջ։ Կոնգրեսի դավանած գլխավոր սկզբունքը պետության շահն է եւ ժողովրդի անվտանգությունն ու բարօրությունը։ Ուստի եթե նա երբեմն չի կատարում որոշ մարդկանց պահանջած կամ ակնկալած գործողությունները, դա նշանակում է, որ կա՛մ սխալ ու վնասակար, կա՛մ էլ՝ ժամանակավրեպ է համարում դրանք։ Խոսքը վերաբերում է, մասնավորապես, շուրջօրյա հանրահավաքների եւ անդադար երթերի ու պիկետների անցկացման պահանջին։ Կոնգրեսի ղեկավարությունն ամենեւին չի մերժում պայքարի այդ մեթոդների կիրառումը՝ դա դիտելով որպես քաղաքացիների անօտարելի սահմանադրական իրավունքը, սակայն գտնում է նաեւ, որ այսօր դեռեւս դրա ժամանակը չէ։ Երբ պահը հասունանա, Կոնգրեսը չի վարանի օգտվել այդ իրավունքից, դրա նպատակահարմարությունը, բնականաբար, գնահատելով ոչ միայն Շարժման, այլեւ պետության, այն էլ՝ առաջին հերթին պետության շահի տեսակետից։

Հայաստանն այսօր կանգնած է ժողովրդավարության վերականգնման, Ղարաբաղյան կարգավորման, տարածաշրջանային մեկուսացման հաղթահարման եւ տնտեսական ճգնաժամի դիմագրավման մարտահրավերների առջեւ։ Իսկ առջեւում մեզ սպասում են ավելի դժվարին ժամանակներ՝ հղի սոցիալական եւ անգամ հումանիտար աղետի առաջացման վտանգներով։ Հետեւաբար, ներկա հանգրվանում Կոնգրեսից պահանջվում է գործել առավել զգուշությամբ ու պատասխանատվությամբ՝ չբարդացնելու համար առանց այդ էլ բարդ իրավիճակը։ Մեզ չի հետաքրքրում՝ իշխանությունները ճիշտ թե սխալ կհասկանան մեր քայլերն ու գործողությունները։ Կարեւորը մեզ համար այդ քայլերի ու գործողությունների ճշտությունն է։ Իսկ որ Հայ Ազգային Կոնգրեսը, հանձինս իրեն մաս կազմող տասնութ կուսակցությունների եւ տասնյակ հազարավոր անհատ անդամների, ի վիճակի է, առնվազն գլխավոր հարցերում, ճիշտ կողմնորոշվել, ամենեւին չեմ կասկածում։ Պետք է նկատի ունենալ, որ վճռական գործողությունների անցնելու պահի հասունացումը կախված է ոչ միայն մեր կամքից, այլեւ բազմաթիվ այլ անհրաժեշտ գործոններից, որոնք առայժմ առկա չեն կամ արտահայտված են դեռեւս ոչ բավարար չափով։ Այդ գործոններն անպայման առաջանալու են, քանի որ Հայաստանի ներկա իշխանություններն, իրենց ինտելեկտուալ կարողություններով ու մասնագիտական պատրաստվածությամբ, իրենց գիշատիչ էությամբ ու քրեական վարքուբարքով, ի վիճակի չեն լուծելու պետության առջեւ կանգնած որեւէ կենսական խնդիր։

Կարծիքներ են հնչում նաեւ այն մասին, որ եթե Կոնգրեսը մի-փոքր էլ դանդաղի, նրա տեղը կզբաղեցնեն արմատականները։ Նման մտավախության հիմքեր առայժմ չկան. չորս ամիս է՝ Կոնգրեսը դադարեցրել է զանգվածային միջոցառումների անցկացումը։ Ո՞ւր էին այդ արմատականները. թող նրանք լրացնեին քաղաքական այդ վակուումը։ Ո՞ւր էին մեզ անվճռականության մեջ մեղադրողները. թող իրենք դիմեին վճռական գործողությունների։ Իսկ եթե, այնուամենայնիվ, արմատականների ու ծայրահեղականների ի հայտ գալու վտանգը կա, ապա դրա մասին, առաջին հերթին, պետք է մտածի իշխանությունը եւ ընդառաջ քայլեր կատարի դեպի հասարակությունը։ Պետք է մեկանգամընդմիշտ գիտակցել հետեւյալը։ Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում իր օրակարգն ու մարտավարությունը։ Ինչպես արդեն ասվեց, նա, անշուշտ, չի կարող հաշվի չնստել տարերային տրամադրությունների հետ, բայց պարտավոր չէ նաեւ դառնալու դրանց պատանդը։ Յուրաքանչյուր քաղաքական ուժ իրականացնում է իր սեփական ծրագիրը։ Անհեթեթություն է կարծել, որ ինչ-որ մարդիկ պետք է գաղափարներ ու ծրագրեր մշակեն, իսկ ուրիշներն իրականացնեն այդ գաղափարներն ու ծրագրերը։ Քաղաքականությունը պատվերով համերգ չէ, որտեղ մեկը պատվիրում, իսկ մյուսը երգում է։ Ոչ ոք չի կարող սոցիալիստին թելադրել, որ լիբերալ դառնա, կամ ազգայնականին ստիպել, որ կոսմոպոլիտ դառնա։

Ինչպես ասում են՝ սուրբ տեղը դատարկ չի մնում։ Եթե կա հասարակական պահանջարկ, եւ այդ պահանջարկը մենք չենք բավարարում, ուրիշները կբավարարեն։ Երբ մենք, օրինակ, պնդում էինք, որ քանի դեռ արցախահայությունը ոտքի չի կանգնել, Հայաստանում Ղարաբաղի հարցով ժողովրդական ալիք բարձրացնել հնարավոր չէ, շատերն առարկում էին։ Մինչդեռ ակնհայտ է, որ եթե նման հասարակական պահանջ լիներ, այդ ալիքը մեր կամքից անկախ կառաջանար։ Այնպես որ, վճռական գործողությունների դրդողները թող բարի լինեն՝ իրենք իրականացնեն այդ գործողությունները։ Թող ներվի ասել՝ ես առանձնապես չեմ էլ հավատում վճռականության կոչ անողներին, որովհետեւ վճռական պահերին նրանք, սովորաբար, ասպարեզում չեն երեւում կամ ասպարեզից առաջինն են ճողոպրում։ Բացառելու չէ նաեւ նրանց հիմնականում ազնիվ շարքերում սադրիչների առկայությունը, որոնցից հատկապես պետք է զգուշանալ։

Անցյալում էլ մեզ անվճռականության մեջ մեղադրողներ եւ ծայրահեղ քայլերի դրդողներ կային, ընդ որում՝ ոչ միայն փողոցներում ու մամուլի էջերում, այլեւ անգամ խորհրդարանում։ Այսպես, մեզանից պահանջում էին՝ առանց հանրաքվեի անկախություն հռչակել, բռնագրավել Հայաստանում տեղակայված խորհրդային բանակի զինապահեստները, չեղյալ համարել Կարսի պայմանագիրը, պատերազմ հայտարարել Ադրբեջանին եւ այլն։ Եթե մենք տեղի տայինք եւ կատարեինք այդ ամենը, այսօր ո՛չ ազատագրված Արցախ, ո՛չ էլ երկիր չէինք ունենա։

Ղարաբաղյան կարգավորման գործընթացում սպասվող լուրջ զարգացումների եւ, մանավանդ, տնտեսական ճգնաժամի խորացման ու սոցիալական ցնցումների ահագնացող վտանգի պայմաններում ալեկոծությունների հրահրումը հավասարազոր է խելագարության։ «Որքան վատ՝ այնքան լավ», «Ամեն ինչ՝ կամ ոչինչ», «Մահ՝ կամ ազատություն» զուգաբանությունները մեր կարգախոսները չեն, քանի որ դրանք անպատասխանատու եւ ազգակործան կարգախոսներ են։ Հայ ժողովուրդը, հախուռն թվացող բնավորությամբ հանդերձ, ճգնաժամային պահերին գնահատել է չափավորությունը, ողջախոհությունը, ինքնատիրապետումը, ուստի ամենեւին չեմ կասկածում, որ այս անգամ էլ ճիշտ կկողմնորոշվի ստեղծված իրադրությունում։

iLur.am

Նախորդ հոդվածը‘Շանթ Հարությունյանը նոր փաստաբան ունի. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘ԱԻՆ-ի շանը շնորհակալագիր են հանձնել’