Լևոն Տեր-Պետրոսյան. «Մենք պետք է վերանվաճենք մեր անկախությունը». NewsLine (տեսանյութեր)

2199

«Մարդու բնածին իրավունքն ազատությունն է: Յուրաքանչյուր անհատ Աստծո կողմից ծնվում է որպես ազատ մարդ և միայն ծնունդից հետո է, որ աշխարհի օրենքները նրան դնում են ստրկության մեջ: Ոչ մի անհատ չի կարող ազատ լինել, եթե ազատ չէ այդ անհատը ներկայացնող ազգը: Ազգը բաղկացած է անհատներից, և քանի դեռ ազգն ազատ չէ, այդ ազգը կազմող որևէ անհատ չի կարող լիակատար ազատություն ունենալ: Իսկ ազատությունը միակ այն պայմանն է, որը ապահովում է ցանկացած անհատի, ցանկացած ժողովրդի երջանկությունը և բարօրությունը»:

Լևոն Տեր-Պետրոսյան, 1991 թ.

«Եկեք անկախությունը ոչ մի բանի հետ չհամեմատենք: Ինձ համար անկախությունն անսակարկելի է: Ինչպիսի անկախություն էլ լինի դա, ինձ համար ամեն ինչից վեր է»։

«Եթե մեր ժողովուրդը չունենար այդ իմաստությունը, ոչ մի նախագահ, ոչ մի ՀՀՇ, ոչ մի իշխանություն դա չէր կարող անել: Սա մեր ժողովրդի իմաստության շնորհքն է»։

Լևոն Տեր-Պետրոսյան. 21.09.2010 թ.

«Հիշեք, կան մնայուն արժեքներ՝ հակառակ այս բոլոր դառնությունների ու սրտնեղությունների: Այդ արժեքներից գլխավորը Հայաստանի անկախությունն ու մեր պետականության վերականգնումն է, ինչի առթիվ սրտանց շնորհավորում եմ»։
Լևոն Տեր-Պետրոսյան. 21․09․2012 թ․


1991 թ. սեպտեմբերի 21-ին տեղի ունեցավ Անկախության հանրաքվեն, որի արդյունքում Հայաստանը հռչակվեց անկախ պետություն:

1991 թվականի անկախության հանրաքվեից առաջ այն ժամանակ Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ժողովրդին ուղղված կոչը.

«Սիրելի հայրենակիցներ.

Մենք կանգնած ենք իսկապես պատմական իրադարձության շեմին: Սեպտեմբերի 21-ին ՄԵՆՔ պետք է մեր սեփական ուժերով կերտենք մեր պատմությունը:
Եվ բախտը այնպես է տնօրինել, որ դու՛ք եք այդ պատմության կերտողները, և սերունդները ձեզ է, որ երախտապարտ պետք է լինեն:

Մենք կատարում ենք վճռական քայլ, որին անմիջապես պետք է հետևի Գերագույն խորհրդի կողմից Հայաստանի անկախության հռչակումը:
Բայց մենք բոլորս էլ գիտակցում ենք, որ անկախությունը մեզ համար ինքնանպատակ չէ:
ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ընդամենը միջոց է ԱԶԱՏՈՒԹՅԱՆ հասնելու համար, որովհետև գերագույն նպատակը ազատությունն է: Եվ միայն ազգի անկախ պետականությունն է, որ կարող է ապահովել յուրաքանչյուր անհատի և հավաքական ժողովրդի ազատությունը:

Մենք անկախության ենք գնում ոչ թե զգացմունքներով. մենք գնում ենք գիտակցությամբ, բանականությամբ, քաղաքական ստույգ հաշվարկով:

Սա՛ է մեր քայլի ճշմարտացիությունը, մեր քայլի ամրությունը:

Եւ ես վստահ եմ՝ այսօր արդեն հանրաքվեն տեղի է ունեցել:
Ես կարծում եմ, մնացել է ընդամենը տեխնիկական հարց:

Ես վստահ եմ, որ մենք սեպտեմբերի 21-ին ամբողջ աշխարհին կապացուցենք քաղաքակիրթ ազգերի իրավահավասար շարքը դասվելու մեր իրավունքը և կստիպենք աշխարհին, որ հարգի մեր իրավունքը:

Եվ քանի որ մենք արդեն մեր անկախությունը ձեռք ենք բերել, ես կոչ եմ անում.

ԿԵՑՑԵ ԱԶԱՏ ԵՎ ՀՊԱՐՏ ՀԱՅԱՍՏԱՆԸ»:

***

«Դժբախտաբար, անկախության վերականգնումից 20 տարի հետո մենք գրեթե կանգնած ենք նույն խնդրի առջեւ: Մենք այսօր պետք է վերանվաճենք մեր անկախությունը: Որովհետեւ այն մարդիկ¸ որոնք այսօր ղեկավարում են Հայաստանը, հոգու խորքում իրենց անկախ չեն զգում, այսօր էլ նրանք իրենց համարում են օտարների ճորտ: Եվ մինչեւ այդ իշխանություններից Հայաստանը չազատվի, մենք լիարժեք անկախություն չենք ունենա: Ուրեմն ձեզ բախտ է վիճակվելու կրկին վերանվաճել մեր անկախությունը»:
Լևոն Տեր-Պետրոսյան, 2011 թ.

Խմբ. Կարծում ենք, որ Առաջին նախագահի խոսքերն այսօր ավելի քան երբեւէ արդիական են…

NewsLine
Նախորդ հոդվածըՀայ ազգային կոնգրեսի հայտարարությունը Հայաստանի Հանրապետության անկախության 35֊ամյակի առթիվ
Հաջորդ հոդվածըԼևոն Տեր–Պետրոսյան. Վերընթերցելով Մարկ Բլոկին