‘
1995թ. այսօրը՝ հուլիսի 5-ը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունման օրն է։ Սահմանադրությունը ոչ միայն անկախ պետականության խորհրդանիշ է, այլ, որպես հիմնական օրենք՝ նաև նույն այդ անկախ պետականության հետագա կայացման ու կառուցման նախագիծ, որը վավերացվել է համաժողովրդական հանրաքվեով, որին հետևելը պարտադիր է, որից շեղվելը հավասարազոր է հանցագործության։ Այն անկախ պետականության պահպանման և յուրաքանչյուր քաղաքացու ազատության, իրավունքների, ապահովության երաշխիքն է։
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը 1990-95թթ. ոչ այնքան գրվել, որքան ստեղծվել է։ Դրանում ամփոփվել են մի կողմից՝ հայկական պետականության կառուցման նույն այդ տարիների առարկայական փորձն ու դասերը, մյուս կողմից՝ սահմանադրական իրավունքի ասպարեզում միջազգային նվաճումները։ Շուրջ 5 տարի տևած սահմանադրաստեղծ աշխատանքին մասնակից է եղել ոչ միայն բազմամարդ ու բազմակուսակցական Սահմանադրական հանձնաժողովն իր հարյուրավոր ժամեր տևած քննարկումներով, այլ նաև ողջ հասարակությունը, որի դատին են մի քանի անգամ հանձնվել Սահմանադրության նախագծերի տեքստերը։
Այսօր Հայաստանի Հանրապետության ամենակարևոր պետական տոներից մեկն է։
Այս առիթով ներկայացնում ենք 1995թ. հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով ՀՀ Սահմանադրության ընդունման առիթով Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի շնորհավորական խոսքը ՀՀ Ազգային ժողովի անդրանիկ նիստի իր ելույթում (27 հուլիսի, 1995 թ.)։
* * *
«Ուզում եմ շնորհավորել մեր ողջ ժողովրդին՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունման պատմական իրողության առթիվ, վստահություն հայտնելով, որ տասնամյակների հեռանկարով այն կդառնա Հայոց պետականության կայունության ապահովման վճռական գործոն, ինչպես նաև ժողովրդավարական հաստատությունների ձևավորման, քաղաքացիական հասարակության ստեղծման և շուկայական տնտեսության զարգացման իրավական երաշխիք։
Սահմանադրության հռչակումով փաստորեն իր տրամաբանական հանգուցալուծմանը հանգեց 1988 թվականի հուժկու ազգային‑ազատագրական շարժմամբ սկսված անկախ պետականության կայացման գործընթացի առաջին, բախտորոշ հանգրվանը, որի դաժան քննությանը պատվով դիմացավ հայ ժողովուրդը՝ խուսափելով ետկոմունիստական հասարակություններից շատերին բաժին ընկած ներքին ցնցումներից և դառը փորձություններից։
Պետության կայացման առաջնահերթ խնդրի կողքին ես ուզում եմ հավասարապես կարևորել նաև Սահմանադրության մեջ համամարդկային արժեքների, մարդու իրավունքների և ազատությունների գերակայության ամրագրումը, որը մեր ժառանգած իրականության խորքային շերտում հիմնովին փոխում է պետություն — քաղաքացի, հասարակություն — անհատ հարաբերությունների ողջ փիլիսոփայությունը։ Պետաիրավական այս կտրուկ շրջադարձը ենթադրում է, անշուշտ, նաև պատմականորեն ձևավորված հոգեբանական պայմանականությունների հաղթահարման մի ծանր շրջան, որը կարող է տևել երկար տարիներ։
Սահմանադրության ընդունումն, այսպիսով, ավարտը դառնալով մեր պատմական զարգացման մի կարևոր հանգրվանի, միաժամանակ սկիզբն է մարմնավորում թերևս ոչ պակաս կարևոր, գուցե և ավելի պատասխանատու ժամանակաշրջանի։
Մեր ազգային պարտքն է՝ լիովին կյանքի կոչել Սահմանադրության հիմնարար սկզբունքները՝ ի կերտումն հիրավի ինքնիշխան, իրավական պետության, արդար, քաղաքացիական հասարակության և ապահով, բարեկեցիկ կյանքի»։
‘