‘Լ.Զուրաբյանը ԱԺ ամբիոնից խոսեց Մարտի 1-ին կայանալիք հանրահավաքի մասին ‘

1265

Այսօր՝ ԱԺ հայտարարությունների ժամին ունեցած իր ելույթում, ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նշեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում կտրուկ ընկել է գործարարության ակտիվությունը, երկիրը նահանջ է արձանագրում սոցիալ-տնտեսական զարգացման բոլոր ցուցանիշների առումով:

«Անգամ համաձայն պաշտոնական տվյալների՝ արտաքին ներդրումները 9 ամսվա կտրվածքով պակասել են 32 տոկոսով, ուղղակի ներդրումները՝ 64 տոկոսով, սոցիալական վիճակի վատթարացման մասին է վկայում թեկուզ միայն այն փաստը, որ 2013 թվականին արձանագրված 5.6 տոկոս ինֆլյացիայի պայմաններում միջին աշխատավարձը բարձրացել է ընդամենը 4.6 տոկոսով: Տարվա ամփոփիչ պաշտոնական տվյալներով երկիրը լքել է եւս 42000 մարդ, մի ցուցանիշ, որն իրականում շատ ավելի աղետալի է, եթե նկատի ունենանք, որ այս տարվա ընթացում հազարավոր մարդիկ նեգաղթել են Հայաստան Սիրիայից: Երկրի սոցիալ-տնտեսական բոլոր ցուցանիշների տեւական անկումը, արտագաղթը, կոռուպցիայի ակնհայտ դրսեւորումներին իշխանության կողմից համարժեք պատասխանի բացակայությունը վկայում են այն մասին, որ Հայաստանի իշխանությունները չեն կարող ապահովել սոցիալ-տնտեսական իրավիճակի տարրական կայունությունը եւ դարձել են երկրի զարգացման հիմնական խոչընդոտը:  Տնտեսական անկում, կոռուպցիա, կեղծված ընտրություններ՝ ահա այսօրվա Հայաստանի պատկերը»,- նշեց Զուրաբյանը:

Նա հավելեց, որ նման վիճակում ժողովուրդը կանգնած է պարզ ընտրության առջեւ. կամ լքել սեփական երկրիրը՝ օտարության մեջ ապահովություն որոնելու նպատակով, կամ՝ ակտիվ քաղաքացիական ընդվզման միջոցով վերականգնել Սահմանադրական իրավունքները՝ հասնելով երկրի կառավարումը ձախողած եւ սեփական ժողովրդին հարստահարած իշխանությունների հեռացմանը, ժողովրդի կողմից ընտրված եւ նրա առջեւ հաշվետու իշխանության ձեւավորմանը, ազատ տնտեսական նախաձեռնության եւ երկրի զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը:

«Իշխող կոալիցիան, մերժելով երկրի զարգացման եւ ժողովրդավարական անցման շուրջ ընդդիմության հետ փոխզիջումային լուծումների որեւէ հնարավորություն, ժողովրդին մղում է դեպի արտագաղթ: Ընդդիմությունը, հակառակը, պետք է ամեն ինչ անի՝ ժողովրդին սեփական երկրում մնալու եւ այն շենացնելու հույս տալու համար: Միակ ելքը՝ ժողովրդի մոբիլիզացիան է անարդարության, ապօրինության եւ կողոպուտի դեմ: Գազի ավանտյուրան, որի պատճառով մենք այսօր հսկայական գումարներ ենք  վճարում գանձագողերի գրպանները, կուտակային պարտադիր վճարումները, հարկային և մաքսային կամայականությունները, դարձել են վարչախմբի գործիքներ՝ ժողովրդի հարստահարման նպատակով: Բոլոր այս հարցերի շուրջ Հայ ազգային կոնգրեսն ունի կարևոր անելիքներ, որոնք կներկայացվեն Մարտին 1-ին Ազատության հրապարակում կազմակերպվող հանրահավաքում»,- հայտարարեց Զուրաբյանը: 

 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 410.46 դրամ/դոլար’
Հաջորդ հոդվածը‘ Հալեպում ռմբակոծությունների հետևանքով տուժել են հայկական գիմնազիաների շենքերը’