‘Լ.Զուրաբյան. Ակցիան և՛ արթնացնում է դատավորին՝ դատավորի մեջ, և արթնացնում է քաղաքացուն՝ մեր բոլորի մեջ’

1209

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը iLur.am-ի հետ զրույցում պատմում է քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու կոչով՝ դատավաոր Եվա Դարբինյանին ուղղված երաշխավորության նախաձեռնության մասին:

-Պարոն Զուրաբյան, ի՞նչ ակնկալիք ունեք Տիգրան Առաքելյանի ազատման հարցով ձեր սկսած նախաձեռնությունից:

-Այս նախաձեռնության հիմնական խորհուրդն այն է, որ մենք ռեժիմին ցույց տանք, որ հասարակությունը չի ընդունում քաղբանտարկյալ երևույթը: Այո, ամբողջ հասարակությունը պետք է անհանդուրժողականություն արտահայտի այս երևույթի նկատմամբ և, ըստ էության, ասի, որ «մենք բոլորս բանտում ենք, քանի դեռ կա գոնե մեկ քաղբանտարկյալ»: Ամբողջ իմաստը սա է: Հասկանալով հանդերձ, որ ամեն ինչ որոշում է Սերժ Սարգսյանը, ինչո՞ւ ենք մենք հիմա, այնուամենայնիվ, նախաձեռնել այս ակցիան, այսպես՝ իրավական դիմում դատավորին: Սա էլ է շատ կարևոր մեսիջ իր մեջ պարունակում, որի իմաստն այն է,  որ ցանկացած բռնապետ տապալվում է, երբ պետական պաշտոնյաները՝ դատավորները, դատախազները, ոստիկանները, սկսում են իրենց պահել որպես օրենքի մարդ, այլ ոչ թե որպես ռեժիմի հլու-հնազանդ պտուտակ: Ուստի, այս ակցիան ուղղված է նաև դրան, որ քաղաքացիական այդ խիղճը արթնանա նաև իշխանության ներկայացուցիչների մեջ, որոնցից մեկը դատավորն է:

Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ն կլինի դատավորի արձագանքը, արդյո՞ք ակնկալում եք, որ հանրային ճնշման տակ հնարավոր է, որ դատավորը, այնուամենայնիվ, ազատ կարձակի Տիգրան Առաքելյանին:

-Ընտրությունը իրենն է: Հարցը հենց դրա մեջ է, որ ես չեմ կարծում, որ եթե մեկը եղել է ռեժիմի հլու-հնազանդ պտուտակ, նա մինչև վերջ էլ պետք է այդպես շարունակի: Եվա Դարբինյանը այն անձնավորությունն է, որը մարտի 1-ի գործերով բազմաթիվ քաղբանտարկյալների դատապարտել է երկար տարիների ազատազրկման: Սա իր համար հնարավորություն է այդ անցյալից ազատվելու և դառնալու դատավոր՝ այդ խոսքի բարձրագույն իմաստով:

Ակցիան բազմաշերտ է, ակցիան և՛ ուղղված է ռեժիմի դեմ, և՛ արթնացնում է դատավորին՝ դատավորի մեջ, և՛ արթնացնում է քաղաքացուն՝ մեր բոլորի մեջ, որովհետև շատ կարևոր է, որ սա դառնա համազգային ակցիա, որը ռեժիմին կցուցադրի, որ մարդիկ այսուհետև չեն ցանկանում հանդուրժել նրա բռնաճնշումները և կամայականությունները:

-Պարոն Զուրաբյան, մենք ունենք Պարգև Օհանյանի օրինակը, երբ դատավորը ընդունեց իրավական վճիռ, կայացրեց արդար դատավճիռ, սակայն դատավորը միանգամից իր պաշտոնից ազատվեց, նրա կայացրած վճիռը չեղյալ հայտարարվեց, նոր դատավարություն սկսվեց: Մտավախություն չունե՞ք, որ եթե այս դատավորն էլ նման վճիռ ընդունի, կարժանանա Պարգև Օհանյանի ճակատագրին. նրան գործից կազատեն, նոր դատավարություն կսկսեն, նոր դատավոր կնշանակեն, որը կանի այն, ինչ նրան կթելադրեն նախագահականից:

-Նախ, ես կարծում եմ, որ ռեժիմը նման ռեսուրս չունի, եւ եթե Եվա Դարբինյանի կայացրած որոշումից հետո նա նման բան անի, դրանով արդեն բոլորի համար ակնհայտ կդառնա, որ Սերժ Սարգսյանը ուղղակի խոչընդոտում է արդարադատությանը:
Նա այդ ռեսուրսը չունի, և չունի նաև մեր այս հինգ տարվա մղած պայքարի հետևանքով:

Այսօր այս բոլոր ակցիաները, բողոքի այս բոլոր գործողությունները, ամբողջ այս լարվածությունը ցույց է տալիս, որ գալիս է ժամանակ, երբ հասարակությունը այլևս  պատրաստ չէ հանդուրժել բռնապետի կամայականությունները:

-Պարոն Զուրաբյան, իսկ ինչո՞ւ հենց հիմա, ինչ-որ քաղաքական նոր նախադրյալներ են ստեղծվել, որոնք ձեզ դրդել են հենց այս պահին գնալ այդ քայլին:

Այդ գաղափարը ծնվեց այն բանից հետո, երբ մենք երաշխավորություն տվեցինք Դմիտրի Հարությունյանի համար, որը այլ քաղաքական ուժի ներկայացուցիչ էր, մի ուժի, որը մեզ մշտապես քննադատել է, բայց մեր մոտեցումը շատ պարզ էր՝  անկախ նրանից, թե քաղբանտարկյալը որ ուժին է պատկանում, նրա ազատությունը բոլորիս գործն է: Հենց դա է պատճառը, որ մենք մտածեցինք՝ իսկ ինչո՞ւ սա պետք է լինի միայն Կոնգրեսի գործը, Տիգրան Առաքելյանի ազատման խնդիրը միայն Կոնգրեսի գործը չէ, մենք հիմա որոշել ենք, որ Հայ ազգային կոնգրես կուսակցությունից, բացի ինձնից, որևէ մեկը չստորագրի այս նախաձեռնության տակ: Կուսակցության դիրքորոշումը իմ ստորագրությամբ արտահայտված է, մեզ համար ավելի կարևոր է Հայ ազգային կոնգրես կուսակցությունից դուրս աջակցությունը, և սա մեզ հետաքրքրում է ոչ թե նեղ քաղաքական ինչ-որ նպատակներով, այլ որովհետև սա ստանում է իմաստ, եթե Տիգրան Առաքելյանին գան- պաշտպանեն մարդիկ, որոնք կարող են նաև չընդունել Կոնգրեսի քաղաքականությունը:

-Շատ մարդիկ, որոնք երբեք համարձակություն չեն ունեցել իշխանությունների դեմ ուղղված որևէ միջոցառման մասնակցելու, կամ մարդիկ, որոնք առանց իշխանությունների հետ իրենց քայլերը համաձայնեցնելու՝ որևէ քայլ չէին կատարի, այսօր պատրաստակամություն են հայտնում միանալ այդ նախաձեռնությանը, և իշխանական քարոզչամեքենան էլ, այդ հանգամանքը մատնանշելով, արդեն քողարկված քարոզչություն է տանում այն մասին, որ Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու վերաբերյալ կա ներքին պայմանավորվածություն, որ Տիգրան Առաքելյանին ազատ են արձակելու ոչ թե հասարակական ճնշման, այլ Սերժ Սարգսյանի բարյացակամության պատճառով: Ի՞նչ կասեք այս մասին:

 

-Ես շատ գոհ եմ, որ նման քարոզչություն է սկսվել, որովհետև դա նշանակում է, որ ռեժիմը զգաց, թե ինչ մեծ թափ է հավաքում այս արշավը, հասկացավ այս արշավի վտանգավորությունը իր դիրքերի համար, հասկացավ, որ այս արշավի դեմն առնել չի կարող և այս իրավիճակից ելքը տեսնում է միայն արշավի վարկաբեկման մեջ: Այդ բոլոր լուրերը տարածվում են հենց միայն այդ նպատակով: Ես ասում եմ՝ սա շատ դրական արդյունք է: Սա նշանակում է, որ ռեժիմը այս ակցիայից վախեցավ, և իրոք վախենալու բոլոր հիմքերն ունի, որովհետև սա իսկապես նշանակում է նաև այնպիսի մարդկանց անհնազանդություն, ովքեր առաջ ռեժիմի կատարած որևէ քայլ չէին քննադատում:

Այսինքն՝ վախենում են թեմայի ծավալո՞ւմից, հանրային հնչեղությունի՞ց են վախենում:

-Հանրային հնչեղություն արդեն իսկ ստացել էր, նրանք վախենում են, որ հասարակության մեջ կլինի ընկալում, որ հասարակության ճնշման ներքո ռեժիմը ստիպված է եղել նահանջել, որ դա կսկսվի ընկալվել որպես ռեժիմի թուլության նշան : Այսինքն՝ պետք է արձանագրենք, որ արշավը իսկապես շատ մեծ պոտենցիալ ունի, ուստի ռեժիմը փորձում է այն վարկաբեկել, և երկրորդը. իշխանությունը հասկանում է, որ դրա հաջողության դեպքում ստիպված են լինելու Տիգրան Առաքելյանին ազատ արձակել, այլապես իրավիճակը կընկալվի որպես առճակատում իշխանությունների եւ հասասարակության միջեւ:

Կարծիք կա, որ Մաքսային միությանը միանալու մասին Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 3-ի հայտարարությունից հետո եվրոկառույցները խստացրել են Հայաստանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ իրենց հայտարարությունները, դատապարտում են ակտիվիստների նկատմամբ վերջերս կատարված հարձակումները և այլն: Ի՞նչ եք կարծումՏիգրան Առաքելյանին ազատելու մասին որոշում ընդունելով՝ Սերժ Սարգսյանը միգուցե կփորձի խուսափե՞լ միջազգային ճնշումներից:

-Ես դեռ կայացած փաստ չեմ համարում Տիգրան Առաքելյանի ազատումը, հակառակը, մենք ոչ մի հնարքների կամ ակնարկների չպետք է հավատանք, ո՛չ քարոզչական, ո՛չ դատավարական, մենք մինչև վերջ պետք է ուժեղացնենք ճնշումը իշխանության վրա, որը նահանջում է միայն ըմբոստություն տեսնելով:

Ինչ վերաբերում է Եվրոպական Միությանը, ապա, այո′, հինգ տարի շարունակ նրանք աչք են փակել մարդու իրավունքների խախտումների և ընտրակեղծիքների վրա՝ հույս ունենալով, որ Սերժ Սարգսյանը պետք է ապահովի իրենց ակնկալիքները: Դրանք չիրականացան, և հիմա շատ ավելի օբյեկտիվ կլինեն մեր իրողության գնահատման մեջ:

Կարեն Թովմասյան

 

Նախորդ հոդվածը‘Նալբանյանը բրիտանացի պատգամավորների հետ խոսել է ԼՂ հիմնախնդրից ‘
Հաջորդ հոդվածը‘Խոլերայի համաճարակ ԱԽՔ-ի պատճառո՞վ’