‘Լ.Զուրաբյան. Այսօրվա քննարկումը հիմնված է կեղծիքի վրա. Տեսանյութ’

1572

ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ելույթը՝ «Գազային հանձնաժողովի» աշխատանքների արդյունքում կազմված եզրակացության քննարկման ժամանակ:

«Հարգելի խորհրդարան,

Ես արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ այսօրվա քննարկումը հիմնված է կեղծիքի վրա: Բան այն է, որ ներկայացված ու քննարկվող փաստաթուղթը չի ընդունվել համաձայն Ազգային ժողովի կողմից հաստատված կարգի՝ գազի հանձնաժողովի որեւէ նիստում, չկա արձանագրություն նրա ընդունման, մասնակիցների եւ նրանց քվեարկության մասին, մի խոսքով՝ Ազգային ժողովին ներկայացված է կեղծ փաստաթուղթ, որի համար քաղաքական պատասխանատվություն չի ստանձնել որեւէ մեկը՝ բացի Վարդան Այվազյանից: Շնորհիվ Վարդան Այվազյանի ջանքերի՝ պարզվեց ավելին՝ որ հանձնաժողովը անցյալ տարվա դեկտեմբերից հետո այլեւս լիազորություններ չի ունեցել եւ չէր կարող նիստ գումարել: Այդ դեպքում պարզ չէ , թե ինչու է Ազգային ժողովի ղեկավարությունը Վարդան Այվազյանի՝ հանձնաժողովի անդամներին ուղարկված տեքստը, որի վերաբերյալ նա որեւէ պատասխան չի ստացել, համարում հանձնաժողովի եզրակացություն:

Զարմանալու բան, սակայն, չկա: Ի վերջո, սա կատարվում է մի երկրում, որտեղ կեղծիքի վրա են կառուցում ամբողջ քաղաքականությունը երկրի բարձրագույն ղեկավարները եւ անպատիժ մնում: Ասածս ապացուցելու համար հեռու գնալ պետք չէ, այլ ընդամենը մեկ անգամ եւս վերլուծել, թե ինչպե՞ս սկսեց գազային այս ամբողջ էպոպեան եւ մինչեւ ո՞ւր այն մեզ հասցրեց:

Իշխանությունների գազային այս ավանտյուրան առաջին անգամ հայտնվեց հանրության ուշադրության կիզակետում 2012 թվականի հոկտեմբերի 24-ին: Այդ օրը Ազգային ժողովի հարցուպատասխանի ժամանակ ես հարց ուղղեցի կառավարության մի գաղտնի որոշման մասին, որից տեղյակ էի կառավարության նիստի մասնակիցներից մեկի շնորհիվ: Ահա թե ինչպես հնչեց հարցը.

«Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վերջերս կառավարության նիստում որոշում է ընդունվել Ռուսաստանի գազամատակարարումների դիմաց Հայաստանի կողմից վճարումների մասին։ Ըստ այդ տեղեկությունների՝ արդեն տեւական ժամանակ է, ինչ Ռուսաստանը բարձրացրել է գազի գինը՝ հասցնելով այն 240 դոլարի՝ 1000խմ համար։ Հայաստանն այդ նույն ժամանակաշրջանում ստացված գազի համար վճարել է 180 դոլար։ Տարբերությունը փակելու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել առ այն, որ չվճարված գումարի փոխարեն Հայաստանը կվճարի իր բաժնեմասով։ Եվ ահա, վերոհիշյալ նիստում որոշվել է «Հայռուսգազարդի» Հայաստանի բաժնեմասը, որը կազմում է ընդհանուր սեփականության 20 %-ը, վաճառել Ռուսաստանին 63 մլրդ դրամով։ Նույն տեղեկությունների համաձայն՝ այս գործարքը ծածկել է գնի տարբերությունը մինչեւ 2013թ. ապրիլի 1-ը։ Այդ օրվանից սկսած՝ Հայաստանն արդեն փող է վճարելու 1000 խմ-ի համար 270 դոլարի չափով։.Հաստատո՞ւմ եք արդյոք այս տեղեկությունը»:

Ո՞րն էր իշխանության պատասխանը այս սենսացիոն, ցնցող բացահայտումներին: Կեղծիքը: Իշխանությունները միանգամից հերքեցին այս տեղեկությունները եւ մեղադրեցին ընդդիմությանը ապատեղեկատվություն տարածելու եւ իշխանությանը սեւացնելու պիղծ փորձերի մեջ:

Տեսեք ինչ էր ասոում Արմեն Մովսիսյանը 2013թ. մայիսին. «Ընտրություններից շատ ավելի առաջ այս մասին խոսվում էր, մենք պայմանավորվել էինք ռուսական կողմի հետ, որ մենք գազը Հայաստանում վաճառելու ենք 180 դոլարով ու ինչն արել ենք մինչև այսօր»: Իսկ Սերժ Սարգսյանը մարտի 18-ին լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ, խոսելով գազի սակագնի բարձրացման մասին, հայտարարել էր. նրանք, այսինքն ընդդիմությունը՝ մենք, այս ամենը ասում են՝ մեջբերում եմ՝ «որպեսզի իրենք չարախնդան, ուզում են, որ այս երկիրը խնդիրներ ունենա: Հազարավոր հերյուրանքներ, բամբասանքներ՝ թանկանալու մասին»: Խնդրում եմ ուշադիր եղեք: 2013թ. մարտին-մայիսին դեռ իշխանությունները հերքում էին այս տեղեկությունները: Ներկայացված եզրակացության մեջ տեսնում ենք արդեն պաշտոնապես հայտարարված մի տեղեկություն, որը ներկայացված է աղյուսակ 3-ում: Պարզվում է, որ այն պահին, երբ որ Սերժ Սարգսյանը եւ Մովսիսյանը այս բաները ասում էին, իրողությունը լրիվ այլ էր: Արդեն կնքված էին երկու համաձայնագիր, մեկը՝ 2011թ. հունիսի 4-ին, որը, սկսած 2011թ. հունիսից մինչեւ 2012թ. մարտի վերջը, գազի համար հաստատել էր 210 դոլար գինը, եւ 2012թ. հունիսի 28-ի համաձայնագիրը, որը 2012թ. ապրիլի 1-ից մինչեւ 2013թ. ապրիլի 1-ը հաստատել էր 240 դոլար գինը: Իսկ Սերժ Սարգսյանի ասուլիսից ընդամենը 11 օր հետո ստորագրվել է համաձայնագիր, համաձայն որի՝ 2013թ. ապրիլի 1-ից մինչեւ 2014թ. մարտի 31-ը ժամանակաշրջանում հաստատվել է 270 դոլար գինը:

Ինչ է պարզվում այս ամենից: Ինչպե՞ս է ստացվում, որ 2012  հոկտեմբերի 24-ին ես արդեն տեղյակ էի ձեռք բերված պայմանավորվածությունների մասին եւ ապագայում կնքվելիք բոլոր համաձայանագրերի մասին, իսկ Սերժ Սարգսյանը եւ Արմեն Մովսիսյանը դրանց մասին չգիտեին անգամ՝ երբ դրանք արդեն կնքված էին ու գործում էին կամ կնքվելու էին ընդամենը 11 օր հետո: Բնականաբար, մտքովս չի անցնի այդքան փայլուն գուշակի դափնիներ վերագրել ինքս ինձ: Իրականությունը հետեւյալն է (եւ մենք ինչ-որ բանի համար պետք է շնորհակալ լինենք այս հանձնաժողովին). իշխանությունները, ի դեմս Սերժ Սարգսյանի եւ Արմեն Մովսիսյանի, շատ լավ էլ իմացել են այս ամենի մասին, բայց թաքցրել են ճշմարտությունը ժողովրդից: Ինչո՞ւ են այս բանը ժողովրդից թաքցրել, որը, ի վերջո, մի օր բացվելու էր: Դա էլ շատ պարզ պատասխան ունի, որն էլ արդեն տրվել է: Սերժ Սարգսյանին նախագահական ընտրություններում գազի թանկացման մասին ինֆորմացիան կարող էր վնասել, եւ ընտրարշավում իր դիրքերը չթուլացնելու նպատակով որոշում է ընդունվել թաքցնել այդ տեղեկությունը ժողովրդից, ինչի պատճառով էլ հենց կուտակվել է 300 միլիոնի պարտքը: Սերժ Սարգսյանը առաջին եւ, հավանաբար, վերջին ղեկավարը չէ, որ գնացել է կեղծիքի՝ ընտրություններում հաջողության հասնելու համար:

2010 թ. Հունգարիայի վարչապետ Դուրչանը արել է նույն բանը: Նա թաքցրել է բյուջեի աղետալի դեֆիցիտի մասին տվյալները Հունգարիայի ժողովրդից եւ նախընտրական կեղծ խոստումներ տվել այնպիսի սոցիալական ծրագրերի վերաբերյալ, որ ի սկզբանե հնարավոր չէր իրագործել: Դրա մասին նա խոստովանել էր մի հավաքույթի ժամանակ, որտեղ նրա խոսքերը ձայնագրվել էին ու հետո մատուցվել Հունգարիայի ժողովրդին: Ի՞նչ եղավ Հունգարիայում այդ բացահայտված ստախոսությունից հետո: Հունգարիայի ժողովուրդը նման վիճակում ապստամբեց, արդյունքում՝ Դուրչանը ամոթվ ստիպված էր հեռանալ:

Նախընտրական եւ հետընտրական ստախոսության սյս փաստը միայն եւս մեկ հարցական է Սերժ Սարգսյանի ռեժիմի լեգիտիմության վերաբերյալ: Պաշտոնական այս բացահայտման համար կարելի է շնորհակալություն հայտնել Վարդան Այվազյանին, բայց կուտակված պարտքի օրինականության հարցում, այսպես կոչված՝ եզրակացության հեղինակները նորից դիմել են կեղծիքի:

Նրանք պնդում են, որ դա պարտք համարել չի կարելի, եւ որ«այն իր ֆինանսա-տնտեսական բովանդակությամբ բյուջետային ծախս է»: Նախ, սա էլ է կեղծիք. որեւէ բյուջետային ծախս չի կատարվել, եւ այդ գումարը իրականում դարձել է պարտավորություն, որի դիմաց կառավարությունը վճարեց պետությանը պատկանող 20 տոկոսի բաժնեմասով: Եթե բյուջետային ծախս էր, այդ ծախսը պետք է արտացոլվեր Պետական բյուջեի մասին օրենքում, այսինքն՝ կատարվել է օրենքի խախտում: Իսկ այն հարցին, թե արդյո՞ք կառավարությունը իրավասու էր տրամադրել փոխհատուցում Հայռուսգազարդ-ին կուտակած պարտքի համար, հեղինակները ապշեցուցիչ պատասխան են տալիս. «Քանի որ կառավարությունը հանդիսանում է ընկերության բաժնետերերից մեկը, որի գործողությունների արդյունքում ընկերությունը կուտակել է պարտքեր, ապա…տվյալ բաժնետերը պարտավոր է ստանձնել այդ պարտքի փոխհատուցման պատասխանատվությունը»:

Ցանկանում եմ հիշեցնել Բաժնետիրական ընկերությունների մասին օրենքի 3-րդ եւ Քաղաքացիական օրենսգրքի 106-րդ հոդվածները, համաձայն որոնց՝ բաժնետիրական ընկերությունների բաժնետերերը պատասխանատվություն չեն կրում նրա պարտավորությունների համար: Այսինքն՝ կառավարության կողմից Հայռուսգազարդի պարտքի մարումը բաժնետոմսերի միջոցով անօրինական էր բոլոր առումներով, ներառյալ այն հանգամանքը, որ այն ընդգրկված չէր մասնավորեցման ցուցակներում:

Իսկ իրականում ի՞նչ է եղել: Ինչպես ցույց է տալիս դեռ 2012թ. հոկտեմբերի 24-ին կատարված իմ բացահայտումը, այս ամենը՝ գազի գների աստիճանական բարձրացման գրաֆիկը, գաղտնի պարտքի կուտակումը եւ դրա փոխհատուցումը պետական բաժնեմասով, որը գնահատվել էր 63 միլիարդ դրամ, որոշվել էր վաղուց, դեռեւս 2012թ. սեպտեմբերին, իսկ մնացածը ընդամենը էժանագին ներկայացում էր ժողովրդի համար»: 

 

 

Նախորդ հոդվածը‘Ջհանգիրյան. Պաշտոնյաները, որ բանակցել են՝ իշխանազանցություն են արել. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյանի պատասխան-նամակը Մեծ Այրում համայնքի բնակիչներին’