‘Լ. Զուրաբյան. Ձեր ծրագրի իրականացումը նշանակում է ВнешТорг-ի ստեղծում’

1086

 «Ձեր ծրագրի իրականացումը նշանակում է ВнешТорг-ի ստեղծում, այսինքն՝ մի կազմակերպության, որը ունենալու է արտահանման մոնոպոլիա, ճիշտ այնպես, ինչպես Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը,  որը, փաստորեն, ոչխարի միս ծախելու վերաբերյալ պայմանավորվելով արաբական շեյխերի հետ՝ մոնոպոլիզացրեց այդ ամբողջ առևտուրը: Եւ ես հիմա ուզում եմ հասկանալ՝ ի՞նչն է խանգարում նույն Ալեքսանդր Սարգսյանին կամ նրա նմաններին, օգտագործելով իրենց բացարձակ վերահսկողությունը այս կառավարության վրա, ստեղծել, այս անգամ՝ մասնավոր, ի տարբերություն սովետականի, մի մոնոպոլիա, որն իրենց թույլ կտա արտահանումը վերցնել իրենց ձեռքը»,- այսօր «Շահութահարկի մասին» օրենքի քննարկման ժամանակ՝ դիմելով հիմնական զեկուցող  ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանին այսպիսի հայտարարություն արեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Վերջինս նաև նշեց, որ Հայաստանի արտահանումը այսօր կազմում է 1 մլդ 570 միլիոն դոլար, որից  926 միլիոն դոլարը  հանքահումքային թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, մետաղների և դրանցից պատրաստված իրերի արտահանումն է: «Այսինքն՝ ուղիղ այն ոլորտը, որը կոնկրետ ձեր ծրագրի տակ չի մտնում: Մնում է 600 միլիոն դոլար: Այդ գումարի մի մասն էլ կազմում է գյուղատնտեսության արտահանումը, որն ընդհանրապես ազատված է շահութահարկից: Հիմա հարց է ծագում: Ի՞նչ բաժին է կազմում արտահանման մեջ այն սեկտորը, որը դուք հիմա ուզում եք այս օրենքով խթանել»:
Միրումյանի պատասխանը, այնքան էլ հստակ չէր. «Ինչ վերաբերում է արտահանման ծավալներին, ճիշտ է, գյուղատնտեսությունը ազատված է շահութահարկից, բայց գյուղատնտեական վերամշակման ճյուղը ազատված չէ շահութահարկից, և խոսքը կարող է վերաբերել ոչ միայն բուն գյուղատնտեսական արտադրանքի արտահանման մասին, այլ հենց գյուղատնտեսական վերամշակված արտադրանքի մասին»:
Լևոն Զուրաբյանը հետաքրքրվեց՝ եթե այս պահին այդ սեկտորի համար 20 տոկոսից իջեցվեր 2 տոկոս,  բյուջեի կորուստները ինչքա՞ն կլինեին, և օրինակ բերեց. «Եթե մեկը 10 ժամացույց է արտադրում, մյուսը 20 վերարկու է կարում և այլն, այս մարդիկ բոլորը հավաքվում են, բերում են իրենց ապրանքները, տալիս են մի այդպիսի կանտորայի, որը ստացել է Կառավարության հավանությունը այդ ծրագրի համար, արդյոք չի՞ ստացվի, որ այդ մարդիկ դուրս կգան 20 տոկոսանոց ռեժիմից, կմտնեն 2 տոկոսանոց ռեժիմի տակ, և ձեր բյուջեն կկրի մեծ կորուստներ: Եվ այդ բյուջեի կորուստները ինչքա՞ն են»: Միրումյանը պատասխանեց, որ 2013 թ. ցուցանիշներով, եթե հաշվեին, կարող էին ունենալ 60 մլրդ եկամուտների նվազեցում:
 Լևոն Զուրաբյանը նկատեց, որ պետությունը, եթե հավանություն է տալիս արտահանման ինչ-որ ծրագրերի, ստացվում է, որ արտահանողները բաժանվում են երկու կատեգորիաների՝ մեկը այն արտահանողներն են, որոնք ունեն պետական արտոնություններ և արտահանում են երկու տոկոսով, և հասարակ մահկանացուներ, որոնք այդ արտոնությունից չեն օգտվում: «Ինչքանո՞վ է, ձեր կարծիքով, սա խթանելու կոռուպցիան Հայաստանում: Դուք հասկանո՞ւմ եք գոնե, որ ավելի հակաշուկայական օրենք չի կարող լինել»,- հարցրեց Զուրաբյանը: Վախթանգ Միրումյանն էլ պնդեց, որ հակամրցակցային պայմաններ այստեղ առկա չեն, որովհետև բոլոր այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք կբավարարեն այս պայմաններին, կօգտվեն նույն 2 տոկոս նվազեցված դրույքաչափից:

Հիշեցնենք, որ կառավարությունը առաջարկում է բացառապես արտահանմամբ զբաղվող և տարեկան 50 մլրդ դրամի ապրանք արտահանող տնտեսվարողների շահութահարկը նվազեցնել 10 անգամ՝ ներկայիս 20 տոկոսի փոխարեն սահմանելով 2 տոկոս: 

Նախորդ հոդվածը‘Գյումրիի դատախազությունում արտակարգ փակ խորհրդակցություն է ընթանում’
Հաջորդ հոդվածը‘Պերմյակովը Գյումրի ուղարկվելուց առաջ մի ամիս բուժվել է հոգեբուժարանում’