‘Լ.Զուրաբյան. Մենք գործ ունենք շատ վախեցած մի իշխանության հետ, որին անհանգստացնում է ընդդիմության ցանկացած քայլ’

1435

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի ելույթը՝ ԱԺ արտահերթ նիստում՝   էթիկայի հանձնաժողովի կազմում փոփոխություն կատարելու նախագծի քննարկման ժամանակ:

«Իրական ժողովրդավարությունը հիմնված է իշխանությունների բաժանման, քաղաքական համակարգում հակակշիռների ստեղծման վրա, որոնք ուղղված են որևէ քաղաքական ուժի՝ բացարձակ իշխանության մենաշնորհ յուրացնելու և կամայականությունների դեմ:

Կանոնակարգի մասին օրենքով նախատեսված էթիկայի հանձնաժողովի կազմավորումը հավասարության սկզբունքներով ընդամենը այդպիսի մի փոքր տարր է՝ ժողովրդավարական համակարգի ներսում հակակշիռներ ստեղծելու առումով: Այն կոչված է կյանքի, որպեսզի  ընդդիմության համար ապահովվեն որոշակի իրավունքներ և լծակներ, ինչպես առանձին պատգամավորներին, այնպես էլ մեծամասնությանը քաղաքավարության, հանդուրժողականության, ընդդիմության նկատմամբ հարգանքի շրջանակներում պահելու նպատակով:

Հերիք չէ՝ դուք կեղծել եք մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունները՝ յուրացնելով իշխանությունը և ձևավորելով Ազգային ժողովում կեղծ և ապօրինի մեծամասնություն (ինչի մասին խոսել են խորհրդարանում ներկայացված բոլոր ոչ կոալիցիոն խմբակցությունները), այդ մեծամասնությունը դուք օգտագործում եք միայն և միայն ժողովրդավարության, պառլամենտարիզմի և տարրական ազատությունների ճնշման նպատակով:

Դուք  դարձրել եք Ազգային ժողովը իշխող քաղաքական ուժի դակիչ գործիք: Բոլոր որոշումներն ընդունում եք Կանոնակարգի մասին օրենքի կոպիտ խախտմամբ՝ հավաքելով ձեզ հնազանդ մեծամասնությանը միայն առավոտյան ժամերին և օգտագործելով նրանց որպես «կնոպկա» սեղմողներ:

Դա իբր քիչ էր, երբ ընդդիմությունը փորձեց օգտագործել իր սահմանադրական իրավունքը և արտահերթ նիստ հրավիրել՝ ընտրական օրենսգիրքը քննարկելու նպատակով, դուք տապալեցիք այդ քննարկումը՝ ուղղակի չգալով նիստի:

Հիմա, երբ ընդդիմությունը փորձում է այդ հարցը լուծել էթիկայի հանձնաժողովի միջոցով, և դուք տեսաք, որ հենց ձեր ընդունած օրենքով ընդդիմությունը կարող է հաջողության հասնել, դուք անմիջապես փոխում եք օրենքը:

Ավելի մեծ փոքրոգություն լինո՞ւմ է, քան՝ երբ տեսնելով, որ սկսում եք պարտվել, ձեր իսկ սահմանած խաղի կանոնները փոխում եք, որ ապահովեք ձեր հաղթանակը:

Այսօրվա նիստը նույնպես վկայեց ձեր անհադուրժողականության մասին, քանի որ ընդդիմադիր պատգամավորների ելույթները Կանոնակարգի մասին օրենքի կոպիտ խախտումներով ընդհատվում էին նախագահողների անտեղի միջամտություններով:

Փաստորեն՝ մենք գործ ունենք շատ վախեցած մի իշխանության հետ, որին անհանգստացնում է ընդդիմության ցանկացած քայլ:

Դուք չեք խորշում անգամ ապօրինի գաղտնալսումներ կատարել և այստեղ՝ Ազգային ժողովի լիագումար նիստում, հնչեցնել այդ գաղտնալսումների բովանդակությունը:

Այս ամենը ցույց է տալիս, որ դուք որոշել եք ոչնչացնել ժողովրդավարության վերջին տարրերը մեր երկրում, քանի որ վախենում եք ժողովրդավարությունից՝ անգամ լինելով մեծամասնություն պառլամենտում:

Շնորհակալություն, սպանե՛ք էթիկայի հանձնաժողովը, և մենք այլևս չպիտի ապացուցենք ձեր սարսափը մեր խոսքերով, քանի որ դուք դա անում եք ձեր գործողություններով»:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն’
Հաջորդ հոդվածը‘Կանավարոն եւ Գրավան որակազրկվել են կես տարով’