‘
Խաբարովսկի երկրամասի Այանո-Մայսկյան շրջանում աղետի է ենթարկվել Խաբարովսկից Նելկան ավան ուղևորվող ոչ մեծ մարդատար ինքնաթիռը, ինչի արդյունքում զոհվել է վեց մարդ:
«Խաբարովսկի ավիաուղիներ» ավիաընկերության 19 տեղանոց ինքնաթիռը ռադարների վրայից անհետացել է ժամանման վայրից ընդամենը երկու կիլոմետր հեռավորության վրա: Ինչպես հաղորդել է բնակավայրի ղեկավարը, աղետի հետևանքով զոհվել է վեց մարդ: Նրա խոսքով՝ ինքնաթիռում եղել է յոթ հոգի՝ երեք կին, երեք տղամարդ և մի երեխա, որը փրկվել է: РИА Новости-ի տեղեկատվության համաձայն՝ ողջ մնացած աղջնակը հիվանդանոցում է, բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն ծանր:
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ավիաաղետի կապակցությամբ: Հետաքննությունը երեք հիմնական վարկած է քննում՝ եղանակային անբարենպաստ պայմաններ, օդանավը վարելու սխալ և տեխնիկական անսարքություն:
Նելկան ավանը գտնվում է Խաբարովսկից 1024 կմ և Այան շրջկենտրոնից 200 կմ հեռավորության վրա: Բնակչությունը կազմում է 700 մարդ:
Փոխանցում է BBC-ն:
‘