Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն առաջիկայում կարող է գլխավորել Մյունխենի «Բավարիան», հայտնում է գերմանական Bild-ը:
Մյունխենցիների ղեկավարությունը բարձր է գնահատում թիմի նախկին ֆուտբոլիստի մարզչական հմտությունները։ «Բավարիայի» նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն հիացած է Ալոնսոյի գրանցած արդյունքներով, իսկ գործադիր տնօրեն Յան-Քրիստիան Դրեզենը տպավորված է իսպանացու մարզչական առաջընթացով: Ալոնսոյի նկատմամբ վստահությունն է պատճառը, որ մյունխենցիների պաշտպան Յոսիպ Ստանիշիչը վարձավճարով տեղափոխվել է Լևերկուզենի «Բայեր»: «Բավարիայում» կարծում են, որ Ալոնսոն կկարողանա ավելի բարձր մակարդակի հանել 23-ամյա ֆուտբոլիստին:
Գերմանիայի Բունդեսլիգայի 4-րդ տուրի մեկնարկային խաղում «Բայերը» սեպտեմբերի 15-ին կհյուրընկալվի «Բավարիային»։
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին «Բայերը» 2 տարով երկարաձգել էր Խաբի Ալոնսոյի հետ պայմանագրի ժամկետը, որը կգործի մինչև 2026 թվականի հունիսի 30-ը: Իսպանացի մասնագետը գերմանական ակումբը գլխավորում է 2022 թվականի հոկտեմբերից: Ալոնսոյի գլխավորությամբ «Բայերը» նախորդ մրցաշրջանում հասավ Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ, իսկ Բունդեսլիգան ավարտեց 6-րդ տեղում: