Խաղաղապահներ, որոնց չհրավիրեցին․ Մաս 3

718

Մաս 1 Մաս 2

«Կոնվեյերի վրայից թռնելու» ժամանակը

Անկախ ամեն ինչից, 2018-ի իրադարձությունները կարող էին իրավիճակը փրկելու շանս դառնալ։ Նախ, դե յուրե Հայաստանում իշխանություն էր փոխվել, եւ, բնականաբար, ցանկացած նոր իշխանությանը որոշակի ժամանակ է պետք նման կարեւոր հարցերին ծանոթանալու համար։ Ապա՝ նոր իշխանությունն այդ ժամանակ հայտնվել էր աշխարհի ուշադրության կենտրոնում, եւ դա հնարավորություն էր եթե ոչ` ռադիկալ, ապա գոնե մասամբ շտկել բանակցային իրավիճակը։

Ուրեմն, ի՞նչ պետք է աներ այդ նոր իշխանությունը։ Վերջինս ուղղակի պարտավոր էր ծանոթանալ բանակցային ողջ ժառանգությանը, ճշգրտել սեփական մոտեցումները, ճշգրտել առկա իրավիճակը, ճշգրտել միջնորդների ու շահագրգիռ այլ պետությունների մոտեցումները, գույքագրել մեր ռեսուրսները, հնարավորությունները եւ ահա այդ ամենը ի մի բերելով՝ մտածել, թե ի՛նչ է հնարավոր փոխել, ի՛նչն է այլեւս անխուսափելի, եւ ի՛նչ է պետք անել։ Այս ամենն այն պարագայում, իհարկե, եթե նոր իշխանությունը գիտակցում էր պահի լրջությունը, հասկանում էր, որ ավելի կարեւոր հարց, քան Արցախյան հիմնախնդիրն է` այդ պահին չկա, եւ որ հարցին թեթեւամիտ մոտեցումը կարող է ողբերգական ավարտ ունենալ։ Բայց տպավորությունն այնպիսին էր, որ իշխանությունն արել էր նման վերլուծություն եւ խառնել` ինչ անել ու ինչ չանել հատվածները։

Այս համատեքստում մի փոքրիկ «ծաղկաքաղ» ներկայացնենք Փաշինյանի տարբեր հայտարարություններից։

Վարչապետի պաշտոնը ստանձնելուց արդեն երկու ամիս անց` 2018-ի հուլիսին, Փաշինյանը հայտարարեց․ «․․․․բոլորս ենք հասկանում, որ ՌԴ-ն` որպես գերտերություն, ունի հնարավորություն թույլ չտալու պատերազմի վերսկսումը մեր տարածաշրջանում, եւ ես չեմ կարող հավատալ, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր եւ բարեկամ Ռուսաստանն իր լծակները չի օգտագործի տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսումը թույլ չտալու համար»։ 

2019-ի մարտին` ՀՀ եւ ԱՀ ԱԽորհուրդների համատեղ նիստում, Փաշինյանը պնդեց բանակցություններին Արցախյան կողմի մասնակցության վերաբերյալ իր դիրքորոշումը եւ հայտարարեց․ «Հաջորդ կարեւորագույն հարցը, որին անհրաժեշտ է պատասխանել, հետեւյալն է՝ իսկ Հայաստանի կառավարությունն ընդունո՞ւմ է արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ քաշվող 3 սկզբունքները եւ 6 տարրերը՝ որպես բանակցային գործընթացի հիմք: Սա իսկապես կարեւորագույն հարց է, բայց այս հարցին ի պատասխան մենք կարիք ունենք կարեւոր պարզաբանումների: Իսկ ի՞նչ կարող են նշանակել այդ սկզբունքները գործնականում, եւ ո՞ւմն է դրանք մեկնաբանելու իրավունքը: Սա կարեւոր է, որովհետեւ այն, ինչպես այդ սկզբունքները մեկնաբանում է Ադրբեջանը, մեզ համար անընդունելի է: Մենք, իհարկե, կարող ենք հանդես գալ այդ սկզբունքների սեփական մեկնաբանությամբ, բայց դա անիմաստ է, որովհետեւ մեր նպատակը ոչ թե լեզվակռիվն է, այլ արդյունավետ բանակցային գործընթացը: Եվ հետեւաբար, բանակցային գործընթացի հիմք պետք է դառնան տարընթերցումների տեղիք չտվող արձանագրումները: Բայց համանախագահների կողմից առաջարկված սկզբունքները, տարրերը, ինչպես արդեն նշեցի, վերջին 10 տարիներին ամենատարբեր եւ ամենատարածական մեկնաբանությունների տեղիք են տվել, եւ հետեւաբար, առաջիկա բանակցային գործընթացի կարեւորագույն նպատակը պետք է լինի այսպես ասած հիմնական հասկացությունների՝ 3 սկզբունքների եւ 6 տարրերի պարզաբանումը, եւ մենք պատրաստ ենք նաեւ այսպիսի խոսակցության»:

2019-ի ապրիլին էլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ինքը բանակցությունները սկսել է ա՞յն կետից, որ կետում կանգ է առել Սերժ Սարգսյանը, ասաց. «Ոչ, ես այդ կետից չեմ սկսել, ես բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իմ սեփական կետից, սա կարեւոր նրբություն է»։

2020-ի փետրվարին` Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակում Իլհամ Ալիեւի հետ տեղի ունեցած քննարկումից հետո, ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց 6 կետ, որոնք ինքն ասել է այդ քննարկման ընթացքում, եւ դրանք ինքնահռչակեց «Մյունխենյան սկզբունքներ»․

«1. Լեռնային Ղարաբաղը անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը:

2. Լեռնային Ղարաբաղը կոնֆլիկտի եւ բանակցային կողմ է, առանց որի հետ բանակցելու հնարավոր չէ լուծել կոնֆլիկտը:

3. Չկան տարածքներ, կա անվտանգություն. Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը:

4. Հնարավոր չէ կոնֆլիկտը լուծել մեկ կամ երկու գործողությամբ. բանակցային գործընթացում անհրաժեշտ են «միկրոհեղափոխություններ», ապա «մինիհեղափոխություններ», ապա` ճեղքում:

5. Հարցի որեւէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար, եւ Հայաստանն ու Ղարաբաղը պատրաստ են լրջագույն ջանքեր գործադրել նման լուծում գտնելու համար: Այսպիսի պատրաստակամություն պիտի ցուցաբերի նաեւ Ադրբեջանը:

6. ԼՂ հարցը չունի ռազմական լուծում: Եթե որեւէ մեկը կասի, որ հարցը ռազմական լուծում ունի, Ղարաբաղի ժողովուրդը կասի՝ ուրեմն այն վաղուց լուծված է»։

2020-ի մայիսին Աժ-ում հայտարարեց

«Չի լինելու այդպես, որ մեզ ինչ-որ ուժեր վախեցնեն, որ մենք գնանք բանակցային սեղանի շուրջ նստենք ու ձեռքներս դողա՝ «վայ, հանկարծ սխալ չփռշտանք, որ դա չդառնա պատմություն»: Մենք ունենք մեր ժողովրդի լիազորությունը բանակցել այդ հարցի շուրջ, եւ մենք այդ լիազորությունը, բոլոր հնարավոր դիվանագիտական հմտություններն օգտագործելու ենք բանակցային սեղանի շուրջ: Եվ թող ոչ մեկը մեզ չասի՝ «հաա, էդ ի՞նչ եք բանակցում»: Ինչ որ պետք է, դա էլ բանակցում ենք: Մեզնից կարող է պատասխան պահանջել ՀՀ ժողովուրդը: Ասում եմ՝ ինչ որ պետք է, այն էլ բանակցում ենք»։

Հիշեցնենք, որ այդ ընթացքում երկու անգամ՝ 2019-ի ապրիլին եւ հունիսին, ՄԽ համանախագահները նորից են կողմերին ներկայացնում կարգավորման առաջարկները, եւ Փաշինյանի հակասական, հախուռն այս հայտարարություններից տպավորություն է ստեղծվում, թե նա չի հասկանում կարգավորման գործընթացի էությունը, եւ պարզապես փորձում է կամ մեզ համար ինչ-որ զիջումներ պոկել՝ անընդհատ տեսակետներ փոխելով ու պահանջներ ներկայացնելով՝ մասնավորապես կարգավիճակի եւ Արցախի մասնակցության վերաբերյալ, կամ՝ պարզապես վախենում է կարգավորման պատասխանատվությունից եւ որպես այդ վախի արդյունք՝ հախուռն ու հակասական քայլեր է կատարում։ Այդպես կարելի էր կարծել, եթե այս դեպքում էլ չլիներ եւս մի ձայնագրություն։

Դրանով հիմնավորվում է, որ․

Ա՝  Փաշինյանի կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո կարգավորմանն ուղղված զուգահեռ պրոցեսն անմիջապես շարունակվել է,

Բ՝ Փաշինյանը (եթե ենթադրենք, որ մինչ այդ տեղյակ չէր) պաշտոնավարումից անմիջապես հետո տեղեկանում է այդ պրոցեսի մասին, եւ նրա հետագա բոլոր քայլերը պետք է արդեն դիտարկել հենց այդ համատեքստում։

2021 թվականի հունիսին Սերժ Սարգսյանը Գեղարքունիքում կայացած հանդիպման ժամանակ հրապարակում է Փաշինյանի մասնակցությամբ մի ձայնագրություն։  Ձայնագրության մեջ Փաշինյանը բանակցային պրոցեսի հետ կապված մանրամասներ է պատմում, ինչն էլ, իբր, թաքուն ձայնագրվել է։

Ձայնագրության մեջ Փաշինյանը ասում է․  

«Երբ որ ես 2018 թվականի մայիսի 12-ին գնում եմ Սոչի եւ էնտեղ հանդիպումներ եմ ունենում, այսինքն՝ մեր առաջին ծանոթությունը տեղի ա ունենում: Էդտեղ՝ սուրճի սեղանի տեղ կա, որտեղ նիստերից առաջ եւ հետո հավաքվում են, սուրճ են խմում եւ այլն, էդտեղ գալիս են Պուտինը, Նազարբաեւը եւ բանը՝ Լուկաշենկոն, եւ ինձ ասում են հետեւյալը՝ դու հիմա այդպիսի մեծ ժողովրդական վստահություն ունես եւ այլն, եւ այլն եւ պատմական շանս է սա քեզ համար, որպեսզի Ղարաբաղի հարցը լուծես:

Ասում եմ՝ օքեյ, հասկանում եմ, որ պատմական շանս ա, հիմա ասենք՝ ինչ ա նշանակում լուծել: Ու իրանք նորից պատմում են ինձ էն, ինչ որ գրված է «Լավրովի պլանի» մեջ՝ զորքերը հետ քաշվի եւ այլն, մենք կգանք, կկանգնենք, ճանճ չի տզզա եւ այլն, եւ այլն:

Ես ասում եմ էն, ինչ որ ասացի հիմա, որ առանց կարգավիճակի ճշգրտման, ընդ որում շատ կոնկրետ ճշգրտման, դա ընդհանրապես թեմա չէ, որը կարելի է քննարկել եւ այլն:
Նույնիսկ ես այս տարբերակի հետ համաձայն չեմ, հիմա դուք ինձ լրիվ ուրիշ բան եք ասում: Ու այդտեղ Պուտինն ասում է, Պուտինն էլ, Նազարբաեւն էլ, Լուկաշենկոն էլ ասում են, որ Ալիեւը հասկանում է, որ Ղարաբաղն այլեւս երբեք Ադրբեջանի կազմում չի լինի:

Ասում եմ՝ հոյակապ բան եք ասում: Եկեք գրենք թղթի վրա, եւ դա կլինի մի թեմա, որն արդեն կլինի հետաքրքիր, որը ես սենց դնեմ թեւիս տակ, գնում եմ ժողովրդին ասում եմ՝ ժողովուրդ ջան, մենք սենց առաջարկ ունենք, սա մեզ հետաքրքիր ա՞, թե չէ:

Չէ, բայց ասում ա, երկրորդ նյուանսն ա ասում՝ պարզապես ինքն ասում է, եթե ես սա հիմա որեւէ ձեւով ցույց տամ, ես կդառնամ ազգի դավաճան: Ես էլ էդտեղ իրանց ասացի՝ փաստորեն հասկացա, ձեր հազար տարվա ընկերն ա, չեք ուզում, որ ազգի դավաճան դառնա, ուզում եք ես դառնամ ազգի դավաճան: Ես ասացի, չի լինի, դա չի լինի:

Ու այս ամեն ինչի արդյունքում ա, ես բազմաթիվ բանով ասել եմ՝ ես հասկացա, որ իրանք ինձ ուզում են դնեն էն նույն կանվեյերի վրա, որի վերջում խոսալով, ժպտալով, խմելով, բան, որի վերջում Ապրիլյան պատերազմ էր:

Ինձ համար պարզ էր, ինձ էդտեղ իմ խնդիրը հստակ ձեւակերպվեց, որ ինչ ձեւով էլ ուզում է լինի պետք է էս կանվեյերի վրայից թռնել, թռնել ուրիշ տեղ հայտնվել, հաստատ դրա վրա չլնել: Դա կլինի, կներեք արտահայտությանս համար, կլինի մի քիչ գժի տեղ դնելով, դա կլինի մի քիչ նեադեկվատ թվալով, դա կլինի մի քիչ բան լինելով, բայց դա կլինի, բայց այդ կոնվեյերից պետք ա դուրս պրծնել։ Ու այդ ժամանակ իրավիճակը շատ ռիսկային էր։ Շատ, չափազանց ռիսկային էր»:

Ահա այս օրվա մասին է Փաշինյանը պատմում․

Եթե այս հայտարարությունը հաշվի առնելով ենք հետահայաց դիտարկում նրա գործողությունները, պատկերն ավելի պարզ է դառնում։ Մի կողմից նա հայտարարում է, որ Պուտինը, Լուկաշենկոն, Նազարբաեւն իրեն ասում են, որ կգան, կկանգնեն տարածաշրջանում՝ կարգավորման գնալու դեպքում, այսինքն հասկանում է, որ սա ՆԱԵՒ ՌԴ նախագահի ցանկությունն է, հետո հայտարարում է, թե հենց Ռուսաստանն է, որ կարող է զսպել եւ թույլ չտալ, որ պատերազմ սկսվի, հետո հայտարարում է, որ ինքը որոշել էր «թռնել կանվեյերից»։ Եւ դա, ինչպես ցույց տվեց հետագան՝ առանց որեւէ այլընտրանքային աջակցություն ունենալու, որ այդ «կանվեյերից թռնելու» արդյունքում եթե Ռուսաստանը դադարեր զսպել Ադրբեջանին, եւ պատերազմ սկսվեր, Հայաստանն ու Արցախը մենակ չէին մնա, կստանային որեւէ այլ միջազգային աջակցություն, եւ չէինք ստանա շատ ավելի վատ արդյունք, քան դա կարող էր լինել «կանվեյերից չթռնելով»։

Եւ ուրեմն ֆիքսենք հենց Փաշինյանի խոսքով՝ ինքն իր որոշումը կայացրել էր 2018-ի մայիսին, եւ դրանից հետո նրա արած ցանկացած հայտարարություն, գործողություն հենց իր այդ որոշումն ի կատար ածելու համատեքստում պետք է հասկանալ։ Ընդ որում, այս համատեքստում կա մի ուշագրավ հանգամանք. ըստ Սերժ Սարգսյանի՝ Փաշինյանը մի պահ համաձայնել էր կարգավորման այն առաջարկին, որը նաեւ իրեն էին ներկայացրել։ Ըստ Սարգսյանի` եւ միայն իր ու իր աջակիցների հնչեցրած իշխանափոխության սպառնալիքից հետո էր Փաշինյանը մերժել շարունակել բանակցությունները։

Մեջբերում․ «Բայց ես հարյուր տոկոս գիտեի, որ կան բանակցություններ, եւ այդ մասին ես ասել եմ Ղարաբաղի ղեկավարությանը, որ կան բանակցություններ եւ այդ բանակցությունները լավ բանի չեն բերելու: ․․․ Բայց հետո հիշում եք, մենք աղմկում էինք, քննադատում էինք, ճնշում էինք գործադրում, կարծում եմ` վերջիվերջո սրանք եկան եզրակացության, որ այդ պայմանները կարող են բերել իրենց իշխանության կորստի, որովհետեւ միակողմանիորեն պետք է հանձնվեին հինգ շրջաններ` ինչ-որ այսպես տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման դիմաց, ինչը ծիծաղելի բան է»:

Բայց դառնանք Փաշինյանին․ Փաշինյանը Փաշինյան չէր լինի, եթե իր մերժումը չբարդեր այլոց ուսերին։

2019-ի վերջին (ակնհայտորեն` Փաշինյանի իշխանության կողմից) արտահոսք կազմակերպվեց, եւ մամուլում հրապարակվեց Սերժ Սարգսյանի իշխանությանը ներկայացված կարգավորման վերջին՝ 2018-ի Կրակովյան փաստաթուղթը։ 2020-ի հունվարին Կապանում Փաշինյանը ասուլիսի ժամանակ ամբողջությամբ կարդաց այդ առաջարկը` նախապես դա ներկայացնելով որպես իր գլխին թափված մի անտանելի ժառանգություն` նախապես մարդկանց մոտ դրա հանդեպ խիստ բացասական տրամադրություն ձեւավորելով, բայց եւ լռելով այն մասին, թե իրականում ինչ վիճակում է բանակցային պրոցեսն իր օրոք, լռելով մեր դռան շեմին կանգնած հնարավոր բոլոր վտանգների եւ մարտահրավերների մասին, լռելով մեր ռեսուրսների մասին, այդպիսով տպավորություն ստեղծելով, որ ամեն ինչ շատ լավ է, իսկ իր մոտեցումն այդ թղթին՝ բացասական։ Արեց մի զարհուրելի բան` մոտավորապես այսպես. քանի որ ինքը կարող է հասնել ավելիին, բնականաբար` ինքն այդ առաջարկն անընդունելի է համարում, բայց եթե հանրությունը ցանկանում է, հենց նույն օրը կարող է ստորագրել այդ փաստաթուղթը։ Կոպիտ ասած՝ ես չեմ ուզում, քանի որ հայրենասեր եմ, բայց եթե դուք շատ եք ցանկանում, դեմ լինելով հանդերձ՝ կգնամ ու կստորագրեմ, քանի որ ես ահա այդպիսի հնազանդ իշխանություն եմ եւ միշտ իրականացնում եմ ժողովրդի ցանկությունն ու կամքը։ Բայց կրկին` ժողովրդի մոտեցումը ձեւավորելուց առաջ, Փաշինյանը մարդկանց իրական պատկերը չէր ներկայացրել, Փաշինյանը թաքցրել էր ճշմարտությունը, Փաշինյանն ուղղորդել էր մարդկանց տեսակետն ու հող նախապատրաստել մերժման համար՝ առանց զգուշացնելու դրա հետեւանքների մասին։  

Եւ վերջում էլ` որպես ստուգողական կրակոց, Փաշինյանն այդ կեղծ երկընտրանքի առաջ էր կանգնեցրել Արցախի նախագահի թեկնածուներին։ Արցախում ընդամենը մի քանի ամսից պիտի կայանային նախագահական ընտրություններ, եւ մի շարք գործիչներ արդեն իսկ հայտարարել էին առաջադրվելու մասին,  եւ ահա Փաշինյանը նրանց եւս կոչ արեց դիրքորոշում հայտնել։ Ու էլի տեղեկատվական նույն՝ իրեն ձեռնտու ֆոնին։ Եւ բնականաբար, եթե ամեն ինչ լավ է, ապա ո՞ր մի խելագարը կարող է ասել, թե համաձայն ենք այն առաջարկին, որը մեր երազանքի թուղթը չէ։ Եւ բնականաբար, Արցախի նախագահի թեկնածուների մեծ մասը հերթով արձագանքեց եւ հայտարարեց, որ դեմ է այդ թղթին։ Թեման փակվեց, բոլորն ունեն դիրքորոշում, բոլորը դեմ են, իսկ Փաշինյանը որպես ընտրյալ եւ մոդերատոր՝ ընդամենը փոխանցում է այդ դիրքորոշումը եւ ի կատար է ածում։ Ահա այսպես` Փաշինյանը որոշեց ապացուցել, որ հեչ էլ ծանր չէ Մոնոմախի գլխարկը, եւ կարելի է իշխանության պատասխանատվության ծանր բեռը գեղեցիկ փաթեթավորմամբ մասնատել եւ դնել այլոց ուսերին։

Ինչ վերաբերում է նրա քարոզչական թիմին, թիմակիցներին, նրանցից ոմանք շատ ավելի բաց եւ ուղիղ էին հայտարարում, որ մերժելի են հենց ռուսական առաջարկները։ Ոչ թե առանձին դետալ լավը չէ, ոչ թե պետք է փոխել այս կամ այն կետը, այլ ընդհանուր` վատ տարբերակ է։

Այդ քարոզչության առաջամարտիկներից մեկը Ալեն Սիմոնյանն էր, որն, օրինակ, անգամ պատերազմի ժամանակ էր հայտարարում․ «Մենք ունենք երկու ընտրություն` «Լավրովի պլանն է», որը Ալիեւը հնչեցնում էր, որ վերադարձվում է, «ազատագրվում է» հինգ շրջանը, հետո՝ երկուսը, իսկ Արցախի կարգավիճակը մնում է հետագա քննարկումների վրա: Սա ինձ համար անընդունելի է, որովհետեւ դրան հաջորդելու է Մեղրին, դրան հաջորդելու է Երեւանը, եւ այլեւս հայ ազգ որպես այդպիսին գոյություն չի ունենալու»։

Իսկ պատերազմից հետո Սիմոնյանը ռուս լրագրողներին ասաց․ «Դուք կարծում եք, որ հանձնել ենք Ղարաբաղը։ Հայաստանի հասարակությունն էլ նույն մոտեցումն ու կարծիքն ունի, թե Ռուսաստանն է հանձնել Ղարաբաղը: Եթե ինչ-որ մեկը ուզում էր հանձնել Ղարաբաղը, դա անելու մի քանի տարբերակ կար, ներառյալ «Լավրովի պլանը»»:

Իսկ երբ ՌԴ ԱԳ նախարարը հայտարարեց, որ 2012 թվականից իրենք ներկայացրել էին ռուսական մոտեցումները, Սիմոնյանը արձագանքեց, թե փաստորեն ինքը ճիշտ էր, Լավրովը` սխալ։

Այն, որ իրականում խնդիրը խաղաղապահների հարցն է, դրա մասին արդեն պատերազմի ժամանակ ավելի ընկալելի է դառնում Փաշինյանի ելույթներից․ թեեւ զուգահեռաբար թե՛ ինքը, թե՛ «տիտղոսավոր» ընդդիմությունը շարունակում էին խոսել կարգավիճակի խնդրից` հայտարարելով, թե անընդունելի է առանց կարգավիճակի հստակեցման ցանկացած պայմանավորվածություն եւ հետեւաբար պատերազմի դադարեցումը։ Եւ դա այն պարագայում, երբ անգամ մինչեւ պատերազմն այդ հարցի փաթեթային լուծման տարբերակն արդեն անհնար էր դարձել, իսկ պատերազմի ժամանակ, երբ իրավիճակն օր օրի էր փոխվում ի վնաս մեզ, եւ ամեն նոր օր նախորդ օրվա առաջարկը կարող էր այլեւս անհնար դարձնել, նախապատերազմական շրջանի անհնարին նախապայմաններով խոսելը, մեղմ ասած, առնվազն ապշեցուցիչ էր թե՛ գործող իշխանությունների, թե՛ նախկին իշխանությունների պարագայում։  

Եթե, իհարկե, նրանց գերխնդիրն իսկապես կարգավիճակն էր։

Իսկ ի՞նչ էր խաղաղապահների մասին ասում Փաշինյանը պատերազմի ժամանակ։

2020 թվականի սեպտեմբերի 30

Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը դեռ մտադիր չէ դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն (ՀԱՊԿ) ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ «ՀԱՊԿ դիմելը քաղաքական հարց է։ Շատ դժվար է խոսել սահմանների մասին, թե երբ է եկել դիմելու ժամանակը։ Մենք սերտորեն աշխատում ենք ՀԱՊԿ-ի հետ, բայց կոնկրետ ընթացակարգեր գործի դնելն այլ հարց է։ Հայաստանի ԶՈՒ-ն ի վիճակի է պաշտպանել երկրի անվտանգությունը։ Մենք սերտորեն համագործակցում ենք կազմակերպության մեր գործընկերների հետ, տեղեկացնում ենք ստեղծված իրավիճակի մասին։ Սակայն Հայաստանը պատրաստ է ապահովել իր անվտանգությունը` ՀԱՊԿ-ի մասնակցությամբ կամ առանց նրա»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ Հայաստանը չի դիտարկում հակամարտության գոտի միջազգային խաղաղապահներ մտցնելու հնարավորությունը։
 

2020 թվականի հոկտեմբերի 3

Պատասխանելով «Ալ Ջազիրայի» լրագրողի այն հարցին, թե արդյոք կցանկանա՞ր տեսնել Ռուսաստանի խաղաղապահներին, օրինակ` Լեռնային Ղարաբաղում, Փաշինյանն ասաց․ «Տեսեք, այդ հարցերը կարող են քննարկվել ավելի մեծ համատեքստում` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»։

2020 թվականի հոկտեմբերի 22

Փաշինյանը հայտարարեց․ «Եթե խոսենք փոխզիջումների մասին, այստեղ եւս փոխզիջումային տարբերակ կարող է դառնալ ռուս խաղաղապահների ներկայությունը»։

2020 թվականի նոյեմբերի 8

Գերմանական ARD հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում ռուսական խաղաղապահների տեղակայմանը, Փաշինյանն ասաց, որ դա կարեւոր հարցերից մեկն է. «Ես ասել եմ, որ մեզ համար ընդունելի է ռուսական խաղաղապահների տեղակայումը։ Կարծում եմ՝ ռուսական խաղաղապահներն ամենահարմար եւ ճիշտ դերակատարներն են այս պրոցեսի ընթացքում»։

2020 թվականի նոյեմբերի լույս 10-ի գիշերը ստորագրվում է պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ հայտարարություն։

Նոյեմբերի 10-ին ռուս խաղաղապահները մտնում են Արցախ։

Հ․Գ․ Փաշինյանի հետպատերազմյան հայտարարություններին ընդհանրապես չենք անդրադառնում, քանի որ դրանք բազմաթիվ են եւ հակասական։ Դրանց հիմնական ասելիքն այն էր, որ իրենից ոչինչ կախված չէր։ Բայց եթե Փաշինյանի՝ անմիջապես պատերազմին հաջորդած խոսքում դեռ մեղայական տոն էր նկատվում (երբ հայտարարում էր, թե կարող էր կանխել պատերազմը, եւ կստանայինք մոտավորապես նույն արդյունքը՝ առանց զոհերի), ապա ինքնարդարացնող այդ հայտարարությունները մեկ էլ հասան այնտեղ, որ իր իշխանության հիմնական քարոզչության մեխը դարձավ այն պնդումը, թե ամեն բան սխալ էր ի սկզբանե եւ անխուսափելի էր ի սկզբանե, դեռ «մի 30 տարի առաջ էր արդեն» Հայաստանն, իբր, ճանաչել Արցախը Ադրբեջանի մաս։ Ու որ այսօր, փաստորեն, Հայաստանի գերխնդիրը Խորհրդային շրջանի իր սահմանները պաշտպանելն է։

Ուր էինք եւ ուր հասանք

Ստորեւ ձեզ ենք ներկայացնում կարգավորման հրապարակված փաստաթղթերի այն հատվածները, որոնք առնչվել են խաղաղապահների տեղակայմանը։ Համեմատենք եւ տեսնենք, թե ինչպիսի դինամիկա էր արձանագրվել այդ հարցում։

1997 թվականի փաթեթային տարբերակ

Լեռնային Ղարաբաղի ուժերը դուրս են բերվում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի 1988 թվականի սահմաններ/սահմանագոտի։ Силы Нагорного Карабаха выводятся в пределы рубежей 1988 года Нагорно-Карабахской Автономной Области (предел- синоним- граница, грань, рубеж, край). Բացառությամբ Լաչինի միջանցքի, որը Ադրբեջանը վարձակալության էր հանձնելու ԵԱՀԿ-ին, որն էլ իր հերթին այն բացառիկ օգտագործման էր տալու Լեռնային Ղարաբաղին։ Տարածքների վերադարձ երկու փուլով, նախկին ԼՂԻՄ տարածքի երկայնքով բուֆերային գոտու ստեղծում, վերադարձված տարածքներում բաժանարար գոտու ստեղծում, որտեղ անվտանգության դիտարկումը պետք է իրականացնեին ԵԱՀԿ խաղաղության պահպանման ուժերը, կողմերից ոչ մեկը իրավունք չուներ ուժեր տեղակայել այդ գոտում, բացառությամբ նախապես համաձայնեցված սահմանապահ ծառայության, ականազերծման ծառայության աշխատակիցների եւ քաղաքացիական գործառույթներով ոստիկանների։ Բաժանարար գոտին դառնում էր ոչ թռիչքային գոտի։ Բուֆերային գոտում տեղակայվելու էին ԵԱՀԿ բազմազգ ուժերը։

1997 փուլային տարբերակ

Զորքերի աստիճանաբար դուրսբերում, Լեռնային Ղարաբաղի ուժերը տեղակայվելու էին նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի վարչական սահմանների երկայնքով՝  բացառությամբ Լաչինի շրջանի։ Տարածքները, որտեղից դուրս են բերվելու զորքերը, ձեւավորելու էին բուֆերային եւ բաժանարար գոտիներ, բուֆերային գոտին ձեւավորվելու էր ԼՂԻՄ-ի 1988-ի սահմանների երկայնքով, Լաչինի շրջանի հյուսիսային եւ հարավային սահմաններում, բուֆերային գոտին մնալու էր չբնակեցված, եւ ամբողջությամբ ապառազմականացվելու էր՝ բացառությամբ ԵԱՀԿ խաղաղության պահպանման օպերացիայի տարրերի։ Բաժանարար գոտին ապառազմանականացվելու էր՝ բացառությամբ այն ուժերի, որոնք ՄԽՀ–ի հետ համագործակցությամբ կունենային այնտեղ գործելու հնարավորություն՝ խաղաղության պահպանման օպերացիայի տարրերը, սահմանապահ հերթապահության եւ ականազերծման աշխատանքներ իրականացնող զորամիավորումները, քաղաքացիական ոստիկանությունը՝ թույլատրված քանակով եւ զենքով, անթռիչք գոտի բուֆերային եւ բաժանարար գոտիներում, 1994-ի Բուդապեշտյան գագաթնաժողովի որոշումների համաձայն՝ կողմերը հրավիրելու էին եւ  օժանդակելու էին ԵԱՀԿ բազմազգ խաղաղապահ օպերացիայի տեղակայմանը։

1998-ի «Ընդհանուր Պետություն» տարբերակ

Թեեւ այն կարգավորման փաթեթային տարբերակ էր, այսինքն, Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի ճանաչված սահմաններոով՝ Ադրբեջանի հետ կազմելու էր ընդհանուր պետություն, այդուհանդերձ, այն եւս ենթադրում էր խաղաղապահների տեղակայում՝ հետեւյալ եղանակով․

Զորքերի երկփուլ դուրսբերում, Լեռնային Ղարաբաղի ուժերը տեղակայվելու էին նախկին ԼՂԻՄ-ի 1988 թվականի դրությամբ առկա սահմանների երկայնքով՝ բացառությամբ Լաչինի շրջանի՝ մինչեւ ԼՂ-ի եւ Հայաստանի միջեւ անխոչընդոտ կապի շուրջ համաձայնությունը։ Զորքերի դուրսբերման արդյունքում ձեւավորվելու էին բուֆերային եւ բաժանարար գոտիներ, բուֆերային գոտին ձգվելու է նախկին ԼՂԻՄ-ի 1988 թվականի սահմանների երկայնքով, համաձայնության պարագայում՝ Լաչինի շրջանի սահմանների երկայնքով, բուֆերային գոտին մնալու էր չբնակեցված, եւ ամբողջությամբ ապառազմականացված՝ բացառությամբ խաղաղության պահպանման ԵԱՀԿ-ի տարրերի։ Բաժանարար գոտին ապառազմականացվելու էր՝ բացառությամբ նախապես համաձայնեցված հետեւյալ միավորների՝ խաղաղության պահպանման տարրեր, Ադրբեջանի սահմանապահ եւ ականազերծմամբ զբաղվող կազմավորումներ, Ադրբեջանի քաղաքացիական ոստիկաններ՝ համաձայնեցված թվով եւ զինատեսակներով։ Բուֆերային եւ բաժանարար գոտիները հայտարարվելու էին անթռիչք գոտիներ, ԵԱՀԿ Բուդապեշտի 1994 թվականի գագաթնաժողովի որոշումների համաձայն կողմերը հրավիրելու եւ աջակցելու էին ԵԱՀԿ բազմազգ խաղաղապահ օպերացիային։

2007-ին ընդունված կարգավորման «Մադրիդյան սկզբունքներ»

Դուրս բերված շրջանների ապառազմականացումն ու անվտանգությունը դիտարկելու նպատակով միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայումը իրականացվելու է անմիջապես այն բանից հետո, երբ Խաղաղության համաձայնագիրը կմտնի ուժի մեջ: Պետությունները խաղաղապահ ուժերի շրջանակում ստորաբաժանումները կտրամադրեն կամավոր հիմունքներով: Խաղաղապահ կոնտինգենտի ընտրությունը իրականացվելու է երկու կողմերի փոխադարձ համաձայնությամբ: Յուրաքանչյուր կողմը ունի վետոյի իրավունք մյուս կողմի ընտրության վրա:

Ադրբեջանը պարտավորվում է չուղարկել ռազմական անձնակազմը եւ սպառազինությունները ներկայիս շփման գծից այն կողմ՝ բացառությամբ քաղաքացիական բնակչությանը համաչափ հարաբերակցությամբ ոստիկանական ստորաբաժանումների` ինչպես Ադրբեջանի այլ շրջաններում, եւ ադրբեջանա-իրանական սահմանի երկայնքով գտնվող սահմանապահ զորքերի՝ իրենց սպառազինություններով եւ տեխնիկայով հանդերձ (ադրբեջանա-իրանական սահմանի արեւելյան հատվածում ներկայումս յուրաքաչյուր կիլոմետրի վրա պահպանվող համաչափության սահմաններում)։ ԼՂ-ին հարակից ադրբեջանական բոլոր տարածքները, որոնք գտնվում են հայկական վերահսկողության տակ, վերադարձվելու են ադրբեջանական վերահսկողության տակ ներքոշարադրյալ կարգով, որոնց մանրամասները կողմերը համաձայնեցնելու են Խաղաղության համաձայնագրով:

– Հայկական ուժերը դուրս են բերվում Քելբաջարի շրջանից: Սահմանափակ զորամիավորում տեղակայվելու է Քելբաջարի շրջանի այն տարածքում, որը որոշելու է Միջազգային անցումային հանձնաժողովը`մինչեւ Խաղաղության համաձայնագրի ստորագրումը:

– Քելբաջարի շրջանը գտնվելու է  Միջազգային անցումային  հանձնաժողովի մոնիտորինգի տակ՝ ԵԱՀԿ հանձնաժողովի միջոցով, որը ներառելու է հայ եւ ադրբեջանցի ներկայացուցիչներ: Քելբաջարի շրջանի միջազգային անցումային մոնիտորինգի ընթացքում Քելբաջարի շրջանի բնակչության դուրս գալը շրջանից միջազգային հանրության կողմից խրախուսվելու է:

2011-ի Կազանյան փաստաթուղթ

Հայկական ուժերի կողմից վերահսկվող ադրբեջանական շրջաններից  դուրս բերվելուց հետո այնտեղ տեղակայվում են խաղաղապահ ուժեր՝ ապառազմականացումն ու անվտանգությունը դիտարկելու նպատակով: Խաղաղապահ ուժերը ձեւավորում են պետությունները՝ կամավոր հիմունքներով: Խաղաղապահների ընտրությունը իրականացվում է կողմերի փոխադարձ համաձայնությամբ: Յուրաքանչյուր կողմը ունի վետոյի իրավունք մյուս կողմի ընտրության վրա:

Ադրբեջանը պարտավորվում է չուղարկել ռազմական անձնակազմ եւ սպառազինություններ ներկայիս շփման գծից այն կողմ, բացառությամբ ոստիկանական ստորաբաժանումների եւ ադրբեջանա-իրանական սահմանի երկայնքով գտնվող սահմանապահ զորքերի:

2018-ի Կրակովյան առաջարկ

Վերաբնակները միջազգային հանրության օժանդակությամբ լքելու են 1-ին պարբերությունում նշված հինգ շրջանների տարածքները։ Ադրբեջանի քաղաքացիական իշխանությունները մտնելու են նշված տարածքներ այն բանից հետո, երբ կտեղակայվեն խաղաղապահ միջազգային ուժերը եւ դուրս կհանվեն այդ շրջաններում ներկայումս գտնվող  զինված ուժերը։ Խաղաղապահ միջազգային ուժերը կտեղակայվեն նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար շրջանի (НКАО) վարչական սահմանների երկայնքով՝ բացառությամբ Քելբաջարի եւ Լաչինի շրջանների մաս կազմող հատվածների։ Քելբաջարի շրջանը կմնա ԵԱՀԿ անցումային մշտադիտարկման տակ։

Վերջաբանի փոխարեն

«Առասպել չորրորդ. Ռուսաստանի ներկայիս կոսմոպոլիտ իշխանությունները չեն հասկանում իրենց երկրի ստրատեգիական շահերը (այս հարցում մեղավոր է նաեւ Հայաստանը, որը չի կարողանում դա նրանց բացատրել)։ Բայց շուտով Ռուսաստանում իշխանության կգան իսկական ազգայնական ուժեր, որոնք Հայաստանը դարձնելով Կովկասի Իսրայել, Ղարաբաղի հարցը մեր օգտին կլուծեն։

Կասկածելի ու հարցական են, եթե չասենք անհեթեթ, այս առասպելի անխտիր բոլոր դրույթները.

— արդյոք իսկապե՞ս կոսմոպոլիտ են Ռուսաստանի ներկա իշխանությունները.

— իրո՞ք նրանք չեն հասկանում իրենց երկրի ստրատեգիական շահերը.

— Հայաստա՞նն է, որ դա պետք է հասկացնի նրանց.

— Ռուսաստանին դաս տվողները, արդյոք, իրենց ծիծաղելի վիճակի մեջ չե՞ն դնում ՝ վարկաբեկելով հայի կերպարը.

— իսկապե՞ս Ռուսաստանում իշխանության են գալու ազգայնական ուժերը.

— նրանք արդեն խոստացե՞լ են Ղարաբաղը նվիրել Հայաստանին կամ ճանաչել նրա անկախությունը, այդ խոստումը եղել է բանավո՞ր, թե՞ գրավոր.

— եւ վերջապես, ինքնախաբեությամբ Ռուսաստանի կամ որեւէ այլ տերության խաղալիքը դառնալու մոլագարությունը դեռեւս որքա՞ն ժամանակ պետք է լինի հայի կենսակերպը։

Մի՞թե մեծ խելք է պետք հասկանալու համար, որ ինչպիսի իշխանություն էլ լինի Ռուսաստանում, միեւնույն է՝ նա չի կարող ճանաչել Ղարաբաղի անկախությունը, որովհետեւ իր կազմում ունի քսան Ղարաբաղ։

Լեւոն Տեր-Պետրոսյան

«Պատերազմ, թե՞ խաղաղություն․ լրջանալու պահը»։ 1997

Հ․ Գ․ Մեր քաղաքական միտքը մշուշած մի առեղծված կա․ քայլերը, որոնք արվում են, իբր, ռուսական ազդեցությունը նվազեցնելու համար, բերում են հակառակին՝ բազմապատկում են այդ կախվածությունը։ Չգիտենք՝ ինչու է այդպես։

Կամ էլ` գիտենք. Կարծես, ոմանց համար կարեւորը ոչ թե իրենց արածի ու չարածի հետեւանք-արդյունքն է, այլ հռչակված մղումն ու միտումը, նպատակը։ Օրինակ՝ կարելի է հայտարարել, որ պայքարում ես Ռուսաստանից քո կախվածության դեմ, քո ինքնիշխանության համար եւ նվազեցնել հենց այդ ինքնիշխանությունը։ Կարեւորն այն է, որ վերջում կասես՝ պայքարել ենք, կամ էլ՝ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարի։

Եւ հարց. խաղաղ կարգավորման գնալու պարագայում մենք ավելի շա՞տ կախված կլինեինք ՌԴ-ից, թե՞ հիմա` ինչպես որ եղավ պատերազմի հետեւանքով, երբ Հայաստանն արդեն բացահայտ հայտարարում է, որ արդեն բացառապես Սովետական Հայաստանի սահմանների պահպանման համար է պայքարում։

Իսկ վերջում` այսօր նորաձեւ դարձած «վերջապես կարող ենք ազատվել Ռուսաստանից» կարգախոսով պայքարի առաջամարտիկներն ասում են՝ Ռուսաստանը շատ կոշտ, կոպիտ, սահմաններ չճանաչող պետություն է, մի խոսքով՝ չարիք։ Իսկ գուցե հենց նման բան պնդող մարդի՞կ չեն հասկանում, որ Ռուսաստանն իրոք այնպիսին է, ինչպիսին որ իրենք նկարագրում են, հետեւաբար` հենց դրա պատճառով է, որ նրանից, նա՛խ, պետք է զգուշանալ։ Հատկապես` երբ իրական, շոշափելի ու շատ որոշակի այլընտրանք չունես։

Քրիստինե Խանումյան  

Նախորդ հոդվածըՀերշ․ ԱՄՆ-ը կարող է միջամտել հակամարտությանը
Հաջորդ հոդվածըFourFourTwo․ Լավագույն մարզիչները, որոնք երբեք չեն հաղթել ՉԼ-ն