Խաղաղության դարաշրջանի «ղումարբազը». ՉԻ

1554

Պետք է զգույշ լինել։ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ ընթերցեց իր «Սխալվելու վճռականությունը-2»-ը՝ հայտարարելով, թե ոչ մի երաշխիք չկա, որ խաղաղության դարաշրջանը կհաջողվի բացել, բայց ինքը համառորեն շարունակելու է աշխատել այդ ուղղությամբ։ Փաստորեն մարդը բաց տեքստով հայտարարում է, որ բազմաթիվ զիջումների, նվաստացումների, «իջեցված նշաձողերի» միջով երկիրը տանում է դեպի մի նպատակ, որին հասնելու ոչ մի երաշխիք չկա։ Քաղաքականության մեջ սա կոչվում է արկածախնդրություն, իսկ լայն իմաստով՝ անմեղսունակություն, որովհետև միայն անմեղսունակը կարող է պետություն ղեկավարել «բալքիմ մի բան ստացվի» սկզբունքով։ Ընդ որում՝ իր «սխալվելու վճռականության» մասին Նիկոլ Փաշինյանը մի մեծ հոդված էր գրել 2020-ի սեպտեմբերի 18-ին, և 9 օր անց սկսվեց 44-օրյա պատերազմը․․․ 

Զարմանալի է, բայց մի երկրում, որտեղ բանկերը շարքային քաղաքացուն մի քանի միլիոն դրամ վարկ տալուց առաջ ամիսներով ուսումնասիրում են վերադարձնելիության երաշխիքները, որևէ մեխանիզմ չկա, որը պետության ղեկավարին թույլ չի տա առանց երաշխիքների գնալ բացահայտ արկածախնդրության։ Ավելին՝ նույն Նիկոլի իշխանությունն օրենքներ է ընդունում, որոնք քաղաքացուն թույլ չեն տա, ասենք, ընտանիքի անդամների բարեկեցության հաշվին «ղումար խաղալ», բայց ինքն առանց աչքը թարթելու «ղումար է խաղում» մի ամբողջ պետության ապագայի վրա։ Ընդ որում՝ նախապես «ազնվորեն» զգուշացնելով, որ հնարավոր է՝ ոչինչ չստացվի, ու հերթական անգամ տանուլ տանք։

Ինքն, իհարկե, չի ընդունի, որ տանուլ ենք տվել։ Չէ՞ որ անգամ 44-օրյա պատերազմից հետո համարձակություն ունեցավ ժողովրդի աչքերի մեջ նայելով հայտարարել, թե պարտությունը պարտություն չէ, հաղթանակը հաղթանակ չէ, ինքը հիմնական պատասխանատուն է, բայց հիմնական մեղավորը չէ, և այլն, «քարոզչական թիմն» էլ զարգացրեց այն միտքը, թե ի՞նչ պարտություն, ի՞նչ բան, իրականում սա հնարավորությունների պատուհան է, որովհետև վերջապես խաղաղության դարաշրջան կբացենք։ 

Սրանց համար ամեն ինչն է «հնարավորությունների պատուհան»։ Քովիդի համավարակն է՛լ այդպես գնահատեցին, ու վերջում պարզվեց՝ իրենց համար դա իսկապես հնարավորությունների պատուհան էր։ Բյուջեից անվերահսկելի միջոցներ է՛լ վատնեցին, տնտեսական խայտառակ ցուցանիշներն է՛լ «դուրս գրեցին»։ Նույնպիսի «հնարավորությունների պատուհան» էր նաև նախկինների կոռուպցիան ու թալանը։ Նախ՝ կարելի էր ում ասես բռնել, «կամավոր նվիրատվությունները» ստանալ ու բաց թողնել, երկրորդ՝ իրենց բոլոր ձախողումների մեղքը բարդել նրանց վրա, երրորդ՝ նրանց բերել քաղաքական դաշտ, սարքել ընդդիմություն ու ժողովրդի հիշողությունը շահագործելով՝ «հով լռվել» կառավարական կաբինետներում։ 

Դե հիմա պատկերացրեք, թե սրանց համար ինչ «հնարավորությունների պատուհաններ» են Ադրբեջանի ռազմատենչությունն ու օրեցօր լկտիացող պահանջները։ Չէ՞ որ անձամբ Նիկոլին դա հնարավորություն կտա դեմքի խրոխտ արտահայտությամբ ու Պապ թագավորի կեցվածքով (եթե մինչ այդ ուրիշ թագավորի անուն սովորած չլինի) ասել՝ «հա դե բա ես ի՞նչ անեմ, ես ուզում էի խաղաղության դարաշրջան բացել՝ չստացվեց, բա հո դավաճան չե՞մ, որ Սյունիքով միջանցք տամ, ուրեմն տանը ով ինչ սաղավարտ-զրահաբաճկոն-բան ունի՝ վերցրեք, և առաջ դեպի Կապան՝ նոր Սարդարապատի»։ 

Որովհետև իրեն ոչ թե արդյունքն է հետաքրքրում, այլ հետևանքների մեղքն ուրիշների վրա բարդելու հնարավորությունը։

Մարկ Նշանյան

Չորրորդ Իշխանություն

Նախորդ հոդվածըԲրիտանիան առաջին անգամ պատժամիջոցներ սահմանել Կիրիլ պատրիարքի նկատմամբ
Հաջորդ հոդվածըՖրանսիայի առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 5-ին