‘Խաղեր, որոնք չարժե բաց թողնել’

4346

Այսօր ֆուտբոլային աշխարհին հետաքրքիր ու լարված օր է սպասվում: Եվրոպական ֆուտբոլի սիրահարներն անհամբերությամբ են սպասվում այս խաղերին, որոնք ոչ մի դեպքում չպետք է բաց թողնել: Ահա դրանցից ամենաինտրիգայինները. միմյանց դեմ դուրս կգան «Ռոման» և «Լացիոն», «Յուվենտուսն» ու «Նապոլին», «Չելսին» ու «Լիվերպուլը» և, վերջապես, հավերժական թշնամները՝  մադրիդյան թիմեր «Ռեալը» և «Լացիոն»: Հենց այս հանդիպումներն են խոստանում լինել թեժ ու գրավիչ ժամանց ապահովել երկրպագուների համար: 

«Ռոմա»— «Լացիո»

Ա Սերիա, 7-րդ տուր, սեպտեմբերի 29, մեկնարկը՝ 17։00-ին

Իտալիայի Ա սերիայի շրջանակում «Ռոման» սեփական դաշտում կընդունի «Լացիո»-ին: «Գայլերը» անցած մրցաշրջանն ավարտել են լավագույն եռյակում, սակայն նոր առաջնությունն այս թիմի համար դեռևս այնքան էլ հաջող չի ընթանում: Առաջին խաղում թեև «Ռոման» (1:0) հաշվով հաղթեց  «Տորինոյին», այնուհանդերձ,  հաջորդող հանդիպումներում վատ խաղաց և 3 հանդիպումներից վաստակեց ընդամենը 2 միավոր  («Ատլանտայի» հետ (1:1),  «Կիևոյի» հետ (2:2) և պարտություն «Միլանի» (1:2) հետ խաղերում): Անհաջող էր նաև մեկնարկը եվրագավաթային խաղերում: Հռոմեացիները Իսպանիայում ջախջախիչ պարտություն կրեցին Մադրիդի  «Ռեալից», որից հետո, տուն վերադառնալով պարտվեցին «Բոլոնիային» 0:2 հաշվով: Վերջին դիմակայությունում «Ռոման» սեփական դաշտում ջախջախեց «Ֆրոզինոնեին»՝ խփելով 4 անպատասխան գնդակ: Արդյունքում՝ 6 տուրից հետո հռոմյան ակումբը 8 միավորով գտնվում է 10-րդ հորիզոնականում, իսկ խփած և բաց թողնված գնդակների հարաբերությունը 10-8 է: Թիմի լավագույն ռմբարկուն Խավիեր Պաստորեն է 2 գոլով և գոլային փոխանցումով, ևս 2 գոլ խփել է Ստեֆան էլ-Շարաֆին:

«Արծիվները» նախորդ մրցաշրջանը եզրափակել են 5-րդ հորիզոնականում, իսկ ընթացիկը  մեկնարկել ոչ այնքան հաջող՝ կրելով 2 պարտություն: Սակայն, արդարացի լինելու համար նշենք, որ առաջին տուրերում «Լացիոյին» շատ բարդ մրցակիցներ են բաժին հասել: Թիմը պարտվել է  «Յուվենտուսին» (0:2) և «Նապոլիին» (2:3) հաշիվներով:  Բարեբախտաբար, այս ամենին հաջորդեցին 5 հաղթնակները: 3-րդ տուրում Սիմիոնե Ինձագիի թիմը1:0 հաշվով հաղթեց Ա սերիայի նորեկին «Ֆրոզինոնեին»: «Էմպոլիի» հետ արտագնա հանդիպումը ևս ավարտվեց  «արծիվների»՝ նվազագույն հաշվով հաղթանակով:  Այնուհետև թիմը հաղթանակ տոնեց Եվրոպայի լիգայում՝ սեփական դաշտում  2:1 հաշվով հաղթելով «Էմպոլիին»: Սեփական առաջնության շրջանակում  ևս հաղթանակները շարունակվեցին: 6 տուրից հետո հռոմյան ակումբը 12 միավորով և գնդակների 9-6 հարաբերությամբ զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: Ակումբի լավագույն ռմբարկուն Չիրո Իմոբիլեն է՝ 3 գոլով:

Կողմերի վերջին 5 դիմակայությունում  թիմերը հաղթել են 2-ական անգամ, գրանցվել է մեկ ոչ-ոքի։

Թեև այն հանգամանքին, որ «Ռոման» սեփական դաշտում հիանալի է հանդես գալիս, այնուհանդերձ, այս դերբիիում ավելի հավանական է «Լացիոյի» հաղթանակը: 

«Յուվենտուս»-«Նապոլի»

Ա Սերիա, 7-րդ տուր, սեպտեմբերի 29, մեկնարկը՝ 20։00-ին

Այս անկանխատեսելի խաղին պարզապես հնարավոր չէ չանդրադառնալ: Փաստ է, որ թուրիցիներն այս պահի դրությամբ ավելի  գեղեցիկ ֆուտբոլ են ցուցադրում: Խոսքը վերաբերում է ինչպես Իտալիայի առաջնությանը, այնպես էլ՝ Չեմպիոնների լիգայի խաղարկությանը: Անցած շաբաթ Ալեգրիի սաներն երկու անպատասխան գնդակ ուղարկեցին «Ֆրոզինոնեի» դարպասը (Ռոնալդու, Բերնարդեսկի), իսկ օրեր առաջ նույնն արեցին «Բոլոնիայի» հետ խաղում (Դիբալա, Մատյուիդի):

Ֆեդերիկո Բերնարդեսկին հիանալի մարզավիճակում է, սպասվում է, որ կրկին կստանա խաղաժամանակ: Հնարավոր հաղթանակի դեպքում «Յուվենտուսը» կամրապնդի դիրքերն առաջին հորիզոնականում:

Հանդիպմանը չեն կարողանա մասնակցել Սամի Խեդիրան, Մատիա Դե Շիլյոն ու Լեոնարդո Սպինացոլան վնասվածքների պատճառով, իսկ Դուգլաս Կոստան բաց կթողնի խաղը, քանի որ որակազրկված է:

«Նապոլին» նույնպես վատ չի մեկնարկել նորանշանակ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի գլխավորությամբ: Ընթացիկ մրցաշրջանում 1 պարտություն են կրել` 3 գնդակ ընունելով Ջենոայում «Սամպդորիայից»: Հաղթել են առաջնության մնացած 5խաղում, այդ թվում՝ «Լացիոյին» ու «Միլանին»: Թուրինում հաղթելուց դեպքում նեապոլցիները կբարձրանան առաջին հորիզոնական:

Չորեքշաբթի օրը Անչելոտիի սաները երեք անպատասխան գնդակ ուղարկեցին «Պարմայի» դարպասը` շնորհիվ Արկադիուշ Միլիկի ու Լորենցո Ինսինյեի: Լեհ հարձակողն ընթացիկ մրցաշրջանում արդեն երեք գոլ է խփել ու կամաց-կամաց մոտենում է իր լավագույն մարզավիճակին:

«Նապոլիին» հաշվետու մրցավեճում չեն օգնի Ալեքս Մերետը, Ֆաուզի Գուլամը, Ամին Յունեսն ու Վլադ Կիրիկեշը վնասվածքների պատճառով

Հիշեցնենք, որ Թուրինում կայացած անցած մրցաշրջանի խաղում «Նապոլին» հաղթել է 1:0 հաշվով, գոլի հեղինակ է դարձել կենտրոնական պաշտպան Կալիդու Կուլիբալին: Հատկանշական է, որ կողմերի միջև կայացած վերջին հինգ խաղից չորսում գրանցվել է 2,5-ից պակաս գոլ:

Վերջին հինգ խաղն ընթացիկ առաջնությունում

«Յուվենտուս» (Հ Հ Հ Հ Հ) – «Նապոլի» (Հ Հ Հ Պ Հ)

Թիմերի հավանական կազմերը

«Յուվենտուս»` Շենսնի, Կանսելո, Բոնուչի, Կյելինի, Ալեքս Սանդրո, Էմրե Ջան, Պյանիչ, Մատյուիդի, Բերնարդեսկի, Մանջուկիչ, Ռոնալդու:

Որակազրկված է ` Դուգլաս Կոստա

«Նապոլի»` Օսպինա, Հյուսայ, Ալբիոլ, Կուլիբալի, Մարիո Ռուի, Կալյեխոն, Ալան, Համշիկ, Զելինսկի, Մերտենս, Ինսինյե: 

«Չելսի» – «Լիվերպուլ»

 

Պրեմիեր լիգա, 7-րդ տուր, սեպտեմբերի 29, մեկնարկը՝ 20։30-ին

Հետաքրքիր ու թեժ պայքար է սպացվում, մանավանդ, որ օրեր առաջ տեղի ունեցած խաղում լիվերպուլցիները լոնդոնցիների պատճառով դուրս մնացին Լիգայի գավաթի համար պայքարում և հիմա իսկական ռևանշի ժամանակն է: «Չելսիում» կա Էդեն Ազարը, որը գերազանց մարզավիճակում է և այս պահին լավագույնը առաջնությում: Իր հերթին «Լիվերպուլում» ունի այնպիսի տաղանդավոր ֆուտբոլիստներ, ինչպիսիք Մոհամեդ Սալահն է և Ռոբերտո Ֆիրմինոն: Ամուր  է նաև թիմի պաշտպանությունը: Թեև գավաթային խաղում տոնած հաղթանակին, այնուհանդերձ «Չելսին» այս խաղում հազիվ թե ունենա հոգեբանական առավելություն: Լիգայի գավաթի խաղարկության խաղի առաջին կեսում իշխում էր «Չելսին», բայց այնուհետև «Լիվերպուլը» շտկեց իրավիճակը և վստահ տեսք ուներ: Այդ խաղում երկար ժամանակ թիմերից և ոչ մեկը որոշիչ գործողությունների չէր անցնում: Բայց, այնուհետև, խաղադաշտում հայտնվեց Էդեն Ազարը և միանգամից հարց առաջացավ. «Ինչպե՞ս նրան կանգնեցնել»: Հիմա «Լիվերպուլը» ամեն ինչ կանի հաղթելու համար: Իհարկե, «կարմիրները» պետք է կարողանան առաջին հերթին կանգնեցնել Ազարին, ով լավագույնն է Պրեմիեր Լիգայում և նրա ունակությունները ոչ ոք չունի:

Թիմերի դիրքերը մրցաշարային աղյուսակում․ «Չելսի»՝ 3-րդ հորիզոնական (16 միավոր), «Լիվերպուլ»՝ 1-ին հորիզոնական (18 միավոր),

Կողմերի վերջին 5 դիմակայությունում «Չելսին» հաղթել է 2 անգամ, «Լիվերպուլը»՝ մեկ, գրանցվել է 2 ոչ-ոքի։

«Ռեալ Մադրիդ» – «Ատլետիկո Մադրիդ»

Լա Լիգա, 7-րդ տուր, սեպտեմբերի 29, մեկնարկը՝ 22։45-ին, 

Իսպանիայի ընթացիկ առաջնության հերթական տուրում տեղի է ունենալու մադրիդյան դերբին: Հաշվետու մրցավեճին կողմերը մոտենում են տարբեր վիճակում: Անցած տուրում Յուլեն Լոպետեգիի գլխավորած թիմը «Սանչես Պիսխուանում» երեք գոլ ընդունեց «Սևիլիայից», մինչդեռ Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը «Վանդա Մետրոպոլիտանոյում» երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Ուեսկայի» դարպասը: Չնայած այս ամենին՝ Դիեգո Սիմեոնեն խաղից առաջ հայտարարել է, որ անցած տուրում առաջիկա մրցակցի կրած պարտությունը ոչինչ չի նշանակում և հաշվետու մրցավեճը լրիվ այլ պատմություն է:

««Ռեալի» հետ վերջին խաղի վրա չեմ կենտրոնանում: Առաջին խաղակեսում լավ չխաղացինք, բայց նման բան պատահում է, երբ խաղում ես «Սևիլիայի» հետ, քանի որ հիանալի թիմ է` իրենց հատուկ խաղաոճով, որի հետ միշտ դժվար է մրցակցել: Կարծում եմ` պետք չէ «Ռեալին» նայել ու գնահատել այդ խաղով, քանի որ խոսքը այն թիմի մասին է, որտեղ խաղում են Ասենսիոն ու Բեյլը: Վերջիններս կարող են թելադրել խաղի տեմպը, արագ տեղաշարժվել ու գրոհել: Նրանց օգնում են Կրոսը, Մոդրիչը և ինչու չէ Ռամոսը: Որակյալ խաղացողներով կազմված ու մեծ պոտենցիալ ունեցող թիմ է «Ռեալը»: Հասկանում ենք, որ խաղալու ենք աշխարհի լավագույններից մեկի հետ»,- ասել է Սիմեոնեն: 

Արգենտինացի մասնագետն անդրադարձել է նաև Դիեգո Կոստային ու հույս հայտնել, որ վերջինիս կհաջողվի լավ հանդիպում անցկացնել «Սանտիագո Բեռնաբեուում»:

«Շատ լավ մարզավիճակում է: Ֆիզիկապես պինդ է ու սպասում եմ, որ «Ռեալի» հետ խաղում աչքի կընկնի լավ ֆուտբոլով»,- եզրափակել է Սիմեոնեն:

Թիմերի դիրքերը մրցաշարային աղյուսակում․ «Ռեալ Մադրիդ»՝ 2-րդ հորիզոնական (13 միավոր), «Ատլետիկո Մադրիդ»՝ 3-րդ հորիզոնական (11 միավոր),

Կողմերի վերջին 5 դիմակայությունում թիմերը հաղթել են մեկական անգամ, գրանցվել է 2 ոչ-ոքի, իսկ Եվրոպայի Սուպերգավաթի՝ այս տարվա օգոստոսին կայացած խաղում «Ատլետիկոն» հաղթել է «արքայական» ակումբին լրացուցիչ ժամանակում:

Այս հանդիպումը, ինչպես միշտ, խոստանում է համառ ու լարված պայքար:

Նախորդ հոդվածը‘Կլոպ․ Մենք լավ հնարավորություն ունենք ռևանշի հասնելու համար’
Հաջորդ հոդվածը‘Ա Սերիա. «Ռոմա»-ն տանը հաղթեց «Լացիո»-ին (տեսանյութ)’