‘Խաղընկերները Բենզեմային միայնակ չեն թողնում’

844

«Ես պարտավոր չեմ երգել ազգային հիմնը, և դա չի նշանակում, որ ես չեմ սիրում իմ երկիրը: Զիդանը, օրինակ, նույնպես չէր երգում օրհներգը: Ոչ բոլոր երկրպագուներն են այն երգում, և ես չեմ հասկանում, թե ինչպես կարող են կասկածի տակ դնել իմ նվիրվածությունը ազգային հավաքականին:» Սրանք Կարիմի խոսքերն են, որոնք մեծ աղմուկ բարձրացրին Ֆրանսիայում, որից հետո ֆրանսիական աջակողմյան «Ազգային ճակատ» կուսակցությունը կոչ  արեց այլևս թույլ չտալ ծնունդով ալժիրցի Կարիմ Բենզեմային՝ հանդես գալ ազգային հավաքականի կազմում:

«Բենզեման ոչ ավելին է, քան ուղղակի ֆուտբոլային վարձկան, ով ժամում աշխատում է 1484 €:»,- հայտարարել է «Ազգային ճակատ» կուսակցության սպորտային մասի պատասխանատու Էրիկ Դոմարը:

Հայրենասիրության հետ կապված հարցերը, հատկապես՝ Ֆրանսիայում, պարզ է, որ մեծ աղմուկ կբարձրացնեին, բայց խնդիրը նաև այն է, որ Բենզեման արդեն 929 րոպե է, ինչ աչքի չի ընկնում ազգային հավաքականի կազմում, ինչով արդեն սպառում է երկրպագուների վստահության չափաբաժինը: Եվ երեկ երկրի ամենահեղինակավոր սպորտային օրաթերթը  համարվող «L\’Équipe-ի» ինտերնետային հարցման արդյունքերով պարզ դարձավ, որ երկրպագուների մեծամասնությունը` 58 %-ը, չի ցանկանում Իսպանիայի դեմ կայանալիք հույժ կարևոր խաղում նրան տեսնել հավաքականի հիմնական կազմում:

Չնայած այս ամենին՝ Կարիմին իր աջակցությունն է հայտնել հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը, ում գլխավորությամբ խաղացողը դեռևս գոլի հեղինակ չի դարձել: Վերջին անգամ նա հավաքականի կազմում գոլի հեղինակ է դարձել 2012-ի հունիսին, երբ էստոնացիների դեմ խաղում դարձավ դուբլի հեղինակ: Դրանից հետո անցկացրած 11 խաղերում նա մրցակիցների դարպասին հարվածել է 46 անգամ` բոլորն անհաջող:

Խաղընկերների աջակցությունը

Բենզեման, ով ակումբային մակարդակով նույնպես չի փայլում և կորցրել է նաև իր տեղը Մադրիդի «Ռեալի» առջևի գծում, ֆրանսիացիների կազմում խփած 15 գնդակով շարունակում է համարվել այս հավաքականի լավագույն ռմբարկուն: Եվ հավաքականում Դեշամը միակը չէ, ով փորձում է վերականգնել հարձակվողի հավատը սեփական ուժերի նկատմամբ:

Հավաքականի կիսապաշտպան Մատուիդին կարծում է, որ երկարատև մրցաշրջանում բոլոր խաղացողներն էլ ունենում են դժվար ժամանակահատվածներ, և խնդրել է համբերություն դրսևորել խաղացողի նկատմամբ:

Մեկ այլ կիսապաշտպան` Յոհան Կաբայեն, նմանատիպ կարծիքի է, և վստահություն է հայտնել, որ Կարիմը կհաղթահարի այս փուլը: «Բոլորս նրա կողքին ենք, շատ կարևոր է, որպեսզի նա զգա մեր աջակցությունը այս պահին, շատ մեծ խաղացողներ իրենց կարիերայի ընթացքում ևս ունեցել են այսպիսի դժվար պահեր»,- ավելացրել է «Նյուքասլի» խաղացողը:

«Ռեալ Մադրիդում» Բենզեմայի խաղընկեր, պաշտպան Ռաֆայել Վարանը, ով, հակառակը, փայլուն մարզավիճակում է գտնվում և ուրբաթ օրը վրացիների դեմ խաղում առաջին անգամ դուրս եկավ ազգային հավաքականի մարզաշապիկով, նույպես կարևորել է խաղընկերների աջակցությունը հարձակվողին:

Ֆրանսիացիների համար իսպանացիների դեմ խաղի կարևորությունը անհնար է գերագնահատել: Աշխարհի և Եվրոպայի ներկայիս չեմպիոնների նկատմամբ հնարավոր հաղթանակի դեպքում նրանք գրեթե կապահովեն առաջին հորիզոնականը խմբում, ինչին խմբային փուլի մեկնարկից առաջ ոչ ոք չէր հավատում: Հիշեցնենք, որ Ֆինլանդիայի դեմ ոչ ոքիից իսպանացիները 2 միավորով զիջում են ֆրանսիացիներին, և այժմ վտանգված է իրենց մասնակցությունը «Մունդիալ 2014-ին»:

Թվում է՝ Բենզեմայի մեկ գնդակը Վիկտոր Վալդեսի դարպասին՝ ունակ է անցյալում թողնել թե՛ օրհներգի, թե՛ խաղադաշտում առկա մյուս բոլոր խնդիրները:

Նախորդ հոդվածը‘«Ժառանգությունում» ենթադրում են, որ մահափորձ է եղել, իսկ էլ. հասցեն երկու օր անսարք էր’
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆին Սերժին գրավոր կպատասխանի վաղը’