‘Խայտառակության տնտեսական բաղադրիչը’

1169

Իշխանությունները կարծես թե կամաց-կամաց սկսում են դուրս գալ շոկից և նույնիսկ «տրամաբանական»  հիմնավորումներ գտնել` նախագահական ընտրությունների խայտառակ արդյունքներն արդարացնելու համար։ Հանրապետական պատգամավոր Համլետ Հարությունյանն, օրինակ, երեկ հայտարարել է, թե «Բոլորս էլ գիտենք, որ այդ 37 տոկոս ձայնը միշտ էլ լինելու է, քանի դեռ մեր տնտեսության վիճակը չի փոխվել»։ Սա ինչ-որ տեղ կարելի է համարել ՀՀԿ «ողջամիտ հատվածի» հավաքական տեսակետը, հետևաբար` արժե ավելի  հանգամանորեն անդրադառնալ այս մտքին։

Այս բացատրությունն իշխանությունների համար շատ ձեռնտու է։ Ինչո՞ւ։ Որովհետև անհրաժեշտության դեպքում մանրամասն կբացատրեն, որ մեր տնտեսության վիճակն այսպիսին է, որովհետև շրջափակման մեջ ենք, Թուրքիայի սահմանը փակ է, Ադրբեջանի սահմանը փակ է, աբխազական երկաթուղին չի գործում, դեպի ծով ելք չունենք և այլն։ Այսինքն` որ Սերժ Սարգսյանը չի կարողանում նորմալ ընտրություններով հաղթել, դրա մեղավորն Ալիևն է, Էրդողանը, աբխազները և այլն, իսկ ինքը ոչ մի մեղք չունի։ Ենթատեքստը նույնպես հասկանալի է. շրջափակումը կվերանա միայն այն դեպքում, եթե զիջենք Ղարաբաղը։ Հիմա ի՞նչ, սիրելի ժողովուրդ, համաձա՞յն եք, որ Ղարաբաղը զիջենք, ու տնտեսական վիճակը լավանա։ Եթե ոչ` ուրեմն ձեններդ կտրեք, գոտիներդ սեղմեք ու դիմացեք։ ՀՀԿ «ողջամիտ հատվածն», ահա, հենց այս գաղափարն է քարոզում։ Մինչդեռ, եթե հիշում եք, տարիներ առաջ այս նույն իշխանությունները հայտարարում էին, թե Հայաստանը ևս հարյուր տարի կարող է զարգանալ շրջափակման պայմաններում։ Բա ո՞ւմ եք սպասում, դե զարգացրեք։ Շրջափակո՞ւմն է մեղավոր, որ օլիգարխներն ու մենաշնորհները խեղդում են երկիրը։ Շրջափակո՞ւմն է մեղավոր, որ Սերժ Սարգսյանի «ընտանեկան բիզնեսի» տարեկան շրջանառությունը Հայաստանի բյուջեից մեծ է, շրջափակո՞ւմն է մեղավոր, որ նույն Սերժ Սարգսյանը խորհրդարանական ընտրություններից առաջ դռնեդուռ ընկած կոչ էր անում ընտրել օլիգարխներին։ Լավ, հասկացանք` երկրի վիճակը ծանր է, բայց ո՞վ է մեղավոր, որ այս կառավարությունը երկու ունիտազի համար ավելի շատ գումար է ծախսում, քան Հադրութ քաղաքի տարեկան բյուջեն է։ Բա շրջափակումն ու համաշխարհային ճգնաժամն ինչո՞ւ չեն ազդում ձեր վզերի տրամաչափի վրա։

Հիմա անդրադառնանք «քանի դեռ տնտեսության վիճակը չի փոխվել» արտահայտությանը; Իսկ ո՞վ ասաց, որ վիճակը չի փոխվել։ Ամբողջ խնդիրը հենց այն է, որ վիճակը փոխվում է ամեն օր, և փոխվում է դեպի վատը։ Դուրս եկեք փողոց և մարդկանց հարցրեք` հիմա՞ են ավելի վատ ապրում, թե՞ մեկ ամիս առաջ, երկու ամիս առաջ, մեկ տարի առաջ։ Սրանք գոնե հասկանո՞ւմ են, թե ինչ վիճակում է ժողովուրդը։ Հիշո՞ւմ եք` ղարաբաղյան պատերազմի ամենածանր օրերն էին, Խորհրդային Միությունը նոր էր փլուզվել, ֆինանսական համակարգ չկար, փող չկար, ոչինչ չկար, ու երկիրն իսկապես աղետի եզրին էր։ Մեկը Լևոն Տեր-Պետրոսյանին հարցրեց, թե լա՛վ, ձեր կարծիքով մարդիկ ո՞նց են ապրում։ Նա էլ ասաց` դե երևի իրարից պարտք են անում, մի կերպ ապրում։ Հետո դա մատի փաթաթան դարձրեցին, խեղաթյուրեցին, թե իբր Լևոն Տեր-Պետրոսյանը մարդկանց խորհուրդ է տվել իրարից պարտք անել և այլն։ Ավելի ուշ պարզվեց, որ սրանց նպատակն ուրիշ էր. ստեղծել յուրայինների մի խումբ և ժողովրդին ստիպել, որ իրենցի՛ց պարտք անեն։ Եթե այսօր որևէ մեկը Սերժ Սարգսյանին այդ նույն հարցը տա, ի՞նչ պիտի պատասխանի։ Պիտի ասի «դե բանկերից պարտքով փող են վերցնում, մի կերպ ապրում»։ Հայաստանում կա՞ այնպիսի մի ընտանիք, որ վարկ չունենա ու «տոկոս չփակվի»։ Վարկ են վերցնում, մի կերպ գոյատևում, հետո մի ուրիշ բանկից նոր վարկ վերցնում` նախորդի տոկոսները փակում, հետո բանկերը գալիս են, ունեցած-չունեցածը խլում, ու մարդիկ «թեթև սրտով» արտագաղթում են։ Սա է մեխանիզմը։ Իսկ Հայաստանում, ուշադրություն դարձրեք, պատահական բանկեր չկան. բոլորն այս կամ այն ձևով մարդկանց նույն խմբի սեփականությունն են։ Ահա այսպես «իրարից պարտք արեք, ապրեք»-ը դարձավ «մեզանից պարտք արեք, յոլա գնացեք»։ Դրա համար էլ համաշխարհային ճգնաժամը քանդուքարափ արեց Հայաստանի չեղած տնտեսությունը, իսկ բանկերն այդ ընթացքում իրենց համար գերշահույթներ ապահովեցին։

Ի դեպ, «մարդկանց սոցիալական վիճակը վատ է, դրա համար էլ ձայն են տվել ընդդիմությանը» պնդումը մի ուրիշ բան էլ է բացահայտում։ Եթե այդպես է, ապա ընդդիմությունը պիտի ոչ թե 37, այլ 90 տոկոս ստացած լինի, որովհետև մարդկանց 90 տոկոսը դժգոհ է իր սոցիալական վիճակից։ Այլ կերպ ասած` այդ 37 տոկոսը ոչ թե ընդդիմության ստացած ձայնն է, այլ ընտրությունների իրական մասնակցության տոկոսը։ Մնացած «ընտրողները» գոյություն ունեն միայն ՀՀԿ ցուցակներում։ Չեք հավատում` ընտրակեղծիքների «տարածքային պատասխանատուներին» հարցրեք։

Մարկ Նշանյան

«ՉԻ»

Նախորդ հոդվածը‘ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրապարակել է նոր զեկույց Հայաստանի ընտրությունների վերաբերյալ’
Հաջորդ հոդվածը‘Այսօր՝ մարտի 2-ին սպասվող իրադարձությունները’