‘Խաչատրյանական համերգ՝ նվիրված Վազգեն Սարգսյանի 55-ամյակին’

915

Նոյեմբերի 5-ին՝ ժամը 19.00, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունենալիք համերգը նվիրված է ՀՀ ականավոր ռազմական, քաղաքական, պետական գործիչ Վազգեն Սարգսյանի 55-ամյակին։ Համերգը կայանում է Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնի շրջանակներում։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ հանդես կգա Խաչատրյանի անվան տրիոն։ Ծրագրում Խաչատրյանի կոնցերտներն են՝ Կոնցերտ-ռապսոդիա թավջութակի և նվագախմբի համար (մենակատար՝ Կարեն Քոչարյան), Ջութակի կոնցերտ (մենակատար՝ Կարեն Շահգալդյան) և Դաշնամուրի կոնցերտ (մենակատար՝ Արմինե Գրիգորյան)։ 

Ինչո՞ւ որոշվեց Վազգեն Սարգսյանին նվիրված համերգում կատարել Արամ Խաչատրյանի կոնցերտները, ո՞րն է երկու անհատականությունների միջև էմոցիոնալ կապը։ Հարցին Խաչատրյանի եռյակի թավջութակահար Կարեն Քոչարյանը նշեց. «Արամ Խաչատրյանը այն կոմպոզիտորն է, ով հայկական երաժշտությունը բերեց միջազգային ասպարեզ։ Խաչատրյանով ճանաչում են հայկական մշակույթը, հայ ազգին։ Ամբողջ աշխարհում Խաչատրյանը ասոցացվում է Հայաստանի հետ։ Վազգեն Սարգսյանը նորաստեղծ հանրապետությունում կազմավորեց բանակ։ Պետականության կայացման գաղափարը կապված է նաև նրա անվան հետ։ Այս երկու մարդիկ էլ վառ անհատականություններ են, ում միջև կարելի է շատ զուգահեռներ տանել»։

Դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանն էլ ավելացրեց, որ ինչպես Խաչատրյանն է իր երաժշտությամբ զանգվածներ տանում իր հետևից, այնպես էլ՝ սպարապետը։ Իսկ ըստ Կարեն Շահգալդյանի՝ այս երկու նշանավոր անձինք էլ օժտված են մեծ էներգիայով և փոխլրացնում են միմյանց։

Նախորդ հոդվածը‘Քաղաքագետ. Շարժման շտաբներն ինքնաբերաբար աշխատելու են որպես նախընտրական շտաբներ ‘
Հաջորդ հոդվածը‘Սուարեսը Ջերարդի մասին. «Նման սխալ անել վիճակվում է իսկական առաջատարին, ակումբի սանին, ավագին ու նվիրյալին…» (տեսանյութ)’